Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՏԱԾԵԼ ԱՄՀ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՇՈՒՐՋ

Մայիս 19,2011 00:00

Միացյալ Նահանգների վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներ Արժույթի միջազգային հիմնադրամին կոչ են անում մտածել նոր ղեկավարի ընտրության շուրջ: BBC-ի փոխանցմամբ, նախօրեին ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գայթները հայտարարել է, թե ԱՄՀ ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի կալանավորումից հետո «ակնհայտ» է, որ նա «ի վիճակի» չէ կառավարել կազմակերպությունն ու նրան փոխարինելու անհրաժեշտություն կա: Նույն կարծիքն ունի նաեւ Ավստրիայի ֆինանսների նախարար Մարիա Ֆեկտերը: «Ես իրավական հարցերը չեմ մեկնաբանի, բայց հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, նաեւ այն փաստը, որ նա գրավի դիմաց ազատ չի արձակվել, պիտի ստիպի նրան մտածել՝ իսկ արդյո՞ք նա ԱՄՀ-ին չի վնասում»,- հայտարարել է ավստրիացի նախարարը: Այլ կարծիք է հայտնել Իսպանիայի ֆինանսների նախարար Էլանա Սալգադոն՝ ասելով, որ թեեւ ԱՄՀ-ի ղեկավարի դեմ լուրջ եւ ծանր մեղադրանքներ են առաջադրվել, բայց միայն նա ինքը կարող է որոշել՝ պե՞տք է հրաժարական տա, թե՞ ոչ:
Այս առաջարկ- կոչերին ԱՄՀ-ում պատասխանում են, թե շարունակում են հետեւել իրադարձությունների զարգացմանը, եւ առայժմ վաղ է շտապողականություն ցուցաբերել հիմնադրամի նոր ղեկավարի նշանակման հարցում: Ստրոս-Կանի բացակայության ընթացքում հիմնադրամը ժամանակավորապես ղեկավարում է տնօրենի տեղակալ Ջոն Լիպսկին:
Հիշեցնենք, որ Ստրոս-Կանին մեղադրանք է առաջադրվել յոթ հոդվածներով, որոնցից ամենախիստը բռնաբարության մեղադրանքն է: Առայժմ նա պահվում է Նյու Յորքի «Ռայքերս Այլենդ» բանտի մենախցում: Բանտի ղեկավարությունը միջոցներ է ձեռնարկել, որպեզի կանխի ԱՄՀ ղեկավարի ինքնասպանության հնարավոր փորձերը: Այդ մասին հաղորդել է NBC հեռուստաալիքը, որի մատուցմամբ, բանտում բժիշկների հանձնարարականով որոշում է կայացվել յուրաքանչյուր 15-30 րոպեն մեկ ստուգել, թե ինչով է զբաղվում բանտարկյալը: Բացի դրանից, նա հատուկ համազգեստ է կրում, իսկ կոշիկների վրայից հանվել են քուղերը, թերեւս, զգուշանալով, որ նա իրեն կարող է խեղդամահ անել: Բանտից հայտնել են, որ չեն մեկնաբանի նման տեղեկությունները, քանի որ «յուրաքանչյուր բանտարկյալի առողջական վիճակի մասին տեղեկատվությունը գաղտնի է պահվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել