Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին (նկարում) հայտարարել է, թե Թեհրանը պատրաստվում է հաջորդ շաբաթ ներկայացնել սեփական արտադրության նոր բալիստիկ հրթիռներ: Այդ մասին հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով իրանական Fars գործակալությունը: Նախարարի ասելով, մի շարք նոր ռազմական միջոցների, այդ թվում՝ «ռազմանավերի եւ բալիստիկ հրթիռների» ցուցադրությունը տեղի կունենա մայիսի 24-ին: Միջոցառումը կնվիրվի 1982թ. իրաքյան ուժերից Խորեմշեհր քաղաքի ազատագրմանը:
Նախարարն ասել է, որ նոր բալիստիկ հրթիռներն իրենց մասնագետների ջանքերի արդյունքն են եւ գործի կդրվեն «մոտ ապագայում»: Հրթիռների մասին, սակայն, ոչ մի բնութագրում չի տրվում: Անկախ փորձագետների կարծիքով, Իրանի հրթիռային կարողությունները աճում են՝ չնայած այսօրվա հրթիռները նախատեսված են միայն 2000 կմ հեռավորության համար:
Մի քանի օր առաջ ԶԼՄ-ները, վկայակոչելով ՄԱԿ-ի «գաղտնի զեկույցը», գրում էին, որ Իրանը հրթիռների տեխնոլոգիաների հարցում համագործակցում է Հյուսիսային Կորեայի հետ, սակայն Թեհրանը հերքել է այդ տեղեկությունը: