Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵԴՎԵԴԵՎՆ ԻՐ ԱՍՈՒԼԻՍՈՒՄ ԽՈՍԵԼ Է ՆԱԵՎ ՄԻՐՈՆՈՎԻ ԵՏԿԱՆՉԻՑ

Մայիս 19,2011 00:00

\"\"Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովը պատգամավորների 43 «կողմ» եւ 5 «դեմ» ձայների համամասնությամբ ետ է կանչել ՌԴ Դաշնային խորհրդում իրենց ներկայացուցիչ եւ Վերին պալատի խոսնակ Սերգեյ Միրոնովին: BBC-ի փոխանցմամբ, մինչ այդ, Սանկտ Պետերբուրգի խորհրդարանի խոսնակ Վադիմ Տյուլպանովը, հանդես գալով պատգամավորների առջեւ, Միրոնովին անվանել էր «քաղաքական անպտուղ փոխզիջում», որը տվյալ պահին «կորցրել է իր հակակշիռ լինելու գործառույթը», քանի որ նա մի կողմից՝ դակում է օրենքները, իսկ մյուս օրերին հանդես է գալիս այդ օրենքները քննադատող ընդդիմադիրի դիրքերից: Տյուլպանովի ասելով, Միրոնովի «քաղաքական երկակիությունը» հասել է իր գագաթնակետին, երբ նա Սանկտ Պետերբուրգը անվանել է երկրի ամենակոռումպացված քաղաքը: Միրոնովի կողմնակիցների գնահատմամբ, տեղի ունեցածը «քաղաքական հետապնդում» է, իսկ Միրոնովից դժգոհները նրան մեղադրում են նաեւ երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինին դավաճանելու մեջ:
Չորեքշաբթի օրն իր առաջին խոշոր ասուլիսում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն անդրադարձել է նաեւ Միրոնովի ետկանչի որոշմանը: ՌԴ նախագահն ասել է, թե դրանում արտառոց ոչինչ չի տեսնում, նաեւ կարծիք է հայտնել, թե Միրոնովի հետ տեղի ունեցածն այնպիսին է, ինչպիսին լինում է քաղաքական այլ դեմքերի պարագայում: Նա ներկայացնում է որոշակի քաղաքական ուժի՝ «Արդար Ռուսաստանը»: Դա քաղաքական կյանքում հակասությունների արտացոլում է: «Եթե այդպիսի որոշում կայացվի՝ Միրոնովը պետք է դա հանգիստ ընդունի»,- հայտարարել է Մեդվեդեւը:
Մեդվեդեւի ասուլիսը, որը տեղի է ունեցել Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցում, նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո երեք տարիների ընթացքում առաջինն էր, որին մասնակցում էին ավելի քան 800 ռուսաստանցի եւ օտարերկրյա լրագրողներ:
BBC-ի մատուցմամբ, Մեդվեդեւը հրաժարվել է պատասխանել երկրորդ ժամկետում նախագահի իր թեկնածությունն առաջադրելու մասին հարցադրումներին՝ ասելով, թե այդպիսի որոշումները պետք է հայտարարվեն այլ ձեւաչափով: Նույնաբովանդակ արդեն չորրորդ հարցին ՌԴ նախագահն ասել է. «Քաղաքական կյանքը շոու չէ, ծանր աշխատանք է, որը պետք է ենթարկվի որոշակի տեխնոլոգիաների, որոնք անհրաժեշտ է պահպանել: Որոշումները պետք է ընդունվեն այն պահին, երբ հասունացել են բոլոր նախադրյալները: Նման հայտարարությունների համար պետք է ընտրել մամուլի ասուլիսից մի քիչ այլ ձեւաչափ»:
Պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հարցին, Մեդվեդեւն անդրադարձել է Մոսկվայի՝ Վաշինգտոնի եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին՝ դրանք որակելով որպես «ոչ ամենավատը»: Միաժամանակ Մեդվեդեւը շեշտել է, թե կարեւորագույն հարց է մնում հակահրթիռային պաշտպանության խնդիրը, որի լուծումը կարող է իր ազդեցությունը թողնել Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունների ու նաեւ հարձակվողական ռազմավարական սպառազինությունների մասին պայմանագրի վրա: Մեդվեդեւը չի բացառել, որ Ռուսաստանը կարող է դուրս գալ այդ պայմանագրից. «Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն պիտի պայմանավորվեն հակահրթիռային պաշտպանության շուրջ, հակառակ դեպքում՝ ամեն ինչ կընթանա վատագույն սցենարով»:
Մեդվեդեւի ուշագրավ հայտարարություններից մեկն այս ասուլիսում հնչել է ի պատասխան առաջին հարցերից մեկի, որը վերաբերել է Ռուսաստանի մայրաքաղաքում ավտոկայանատեղիներին: Ընդ որում, հարցադրման հեղինակը Մեդվեդեւին հիշեցրել է, որ նախագահի ընտանիքի սեփականություն է հանդիսանում երկու այդպիսի ավտոկայանատեղի: Մեդվեդեւն ասել է, թե Մոսկվայում խցանումներն ու ավտոկայանատեղի գտնելու հետ կապված խնդիրները մայրաքաղաքի նախորդ իշխանությունների վատ աշխատանքի հետեւանքն են, նաեւ հայտարարել է, թե լրագրողների մատնանշած երկու ավտոկայանատեղին պատկանում են իր կնոջն ու հավելել է, թե ինքն առանց նրա՝ որոշումներ ընդունել չի կարող:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել