Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՏԱԽՈՍ ԴԱՍԱԳԻՐՔ

Մայիս 19,2011 00:00

intelligentdesignscience.wordpress.com-ում մի մտահոգություն կա՝ «Մտավոր ահաբեկչություն ընդդեմ աշակերտների» վերնագրով:
Հեղինակը, աչքի անցկացնելով «Կենսաբանություն»՝ 11-րդ (2010 թվականի հրատարակություն) դասարանի համար նախատեսված դասագիրքը, տպավորություն է ստանում, թե այն գրել են կամ ֆաշիստները, կամ ստալինյան հպատակները. «Դասագիրքը, որը դասավանդվում է այսօր դպրոցներում, ժամանակակից գիտությունից հետ է մնացել ավելի քան 100 տարով: Ընդ որում, սա դասագիրք է քրիստոնյա համարվող Հայաստանում»:
Նա որոշ մեջբերումներ է արել դասագրքից, որոնք զարմանք են հարուցում. «Այսպիսով, բնագիտության տարբեր ասպարեզներում (երկրաբանություն, աշխարհագրութուն, հնէաբանություն, սաղմաբանություն, բջջաբանություն, բույսերի ու կենդանիների կառուցվածքի ուսումնասիրություն եւ այլն) կատարված աշխատանքները եւ ճանապարհորդությունների ընթացքում տարբեր երկրներից բերված բույսերի եւ կենդանիների հավաքածուները հակասում էին բնության աստվածային ծագման եւ անփոփոխականության գաղափարին»՝ էջ 115, «17-րդ դարի վերջերին ի հայտ եկան նոր փաստեր, որոնք հերքեցին մարդու ծագման վերաբերյալ գոյություն ունեցող աստվածաբանական վարկածները»՝ Էջ 212, «Աշխարհի ծագման մասին ավանդական հրեաքրիստոնեական պատկերացումը, որը շարադրված է «Գիրք Ծննդոցում», առաջացրել է եւ շարունակում է առաջացնել բազմաթիվ բանավեճեր: Սակայն այս ուսմունքի հետեւորդները, չնայած գոյություն ունեցող հակասություններին, չեն հերքում արարչագործության հայեցակարգը… Եթե գիտությունը ճշմարտությունը որոնելիս օգտագործում է հետազոտություններն ու փորձը, ապա աստվածաբանությունը ճշմարտությանը փորձում է հասնել աստվածային հայտնության եւ հավատքի միջոցով»՝ Էջ 185: Հեղինակը տարակուսում է՝ իսկ ինչո՞ւ է թաքցվում, որ Սթենլի Միլերի գիտափորձը՝ անկենդան մատերիայից կենդանի օրգանիզմ ստանալու փորձը ձախողվել է, ի՞նչու է թաքցվում «Քեմբիրյան պայթյունը», որ շատ կենդանական տեսակներ առաջանում են լիովին կազմավորված վիճակում՝ հանկարծակի (քեմբիրյան ժամանակահատվածը մոտ 500 մլն տարի առաջ էր), եւ այն, որ շատ տեսակներ շատ քիչ փոփոխություններ են կրել: Կենսաբանության դասագրքում շիմպանզեի եւ մարդու գենետիկ կապի մասին գրված է հետեւյալը. «Նուկլեոտիդների հաջորդականության տարբերությունները նրանց մոտ չի գերազանցում 1%-ը: Պարզվել է նաեւ, որ մարդու եւ շիմպանզեի հոմոլոգ սպիտակուցներից շատերում ամինաթթուների դասավորությունը մոտ 99%-ով նույնն է»՝ էջ 217: Հեղինակը վրդովված է՝ ամենաաչքի զարնող կեղծիքը ձիու էվոլյուցիան է, որը առկա է 2010 թ. կենսաբանության դասագրքում, այն առաջ էր քաշվել 1953թ-ին, իսկ 1980 թվականին հերքվել նման էվոլյուցիայի գոյությունը…: Նա նաեւ նշում է. «Ըստ էության դասավանդվում է ֆաշիզմ, ռասիզմ, սադիզմ, վանդալիզմ, հետո էլ զարմանում ենք, թե ինչո՞ւ են բանակում սպանությունները եւ խոշտանգումները շատ, պարզապես բանակը մի վայր է, որտեղ պայմանները նեղ են, հետեւաբար յուրաքանչյուր երիտասարդ լավ սերտելով այն, որ կենդանիների միջեւ առկա է «գոյության կռիվը», իսկ ինքը առաջացել է այդ նույն կենդանիներից, ապա մեխանիկորեն ինքն էլ կիրառում է «գոյության կռվի» գաղափարը կյանքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել