Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախապատրաստում են դրամահավաքությա՞ն

Մայիս 19,2011 00:00

\"\"Կամ՝ ի՞նչ փնտրել ուսուցիչների «միամիտ» հայտարարությունների ներքո

Օրերս Երեւանի մի շարք դպրոցների (Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն համայնքներում գործող) աշակերտներից «Առավոտը» տեղեկություններ ստացավ, թե իրենց դպրոցներում այս տարվանից արդեն դասղեկներն աշակերտներին նախապատրաստում են մյուս տարվա ավարտական պետական քննություններին: Սակայն այդ նախապատրաստական աշխատանքները տարվում են ոչ թե գիտելիքների տրամադրման «ճակատում», այլ ունեն ավելի կազմակերպչական բնույթ: Աշակերտներից մեկը մեզ պատմեց հետեւյալը. «Մի քանի օր առաջ մեր դասղեկը եկավ եւ բավականին խիստ տոնով դասարանում հայտարարեց, որ մյուս տարի բուհական ընդունելության քննությունները կազմակերպվելու են միայն դպրոցի ավարտական վկայականներում նշված գնահատականների հիման վրա: Այնպես որ, եթե աշակերտներից որեւէ մեկի ավարտական վկայականում լինի «բավարար» գնահատական, նա հնարավորություն չի ունենա բուհ դիմելու»:
Այս հայտարարությունը զայրացրել է ծնողներից շատերին: Օրինակ՝ ծնող Վարդան Հովակիմյանն «Առավոտի» հետ զրույցում այդ կապակցությամբ նշեց. «Սա ընդամենը երեխաներին ու ծնողներին ապակողմնորոշելու մի ձեւ է: Կարծում եմ՝ այն հատուկ մշակված քաղաքականություն է, որը, ցավոք, կրկին դրամահավաքություն է ենթադրում: Տարիներ շարունակ շփվելով ՀՀ կրթահամակարգի հետ՝ այժմ լուրջ մտահոգություններ ունեմ, որ այսօրինակ հայտարարությունները պարունակում են ֆինանսական ռիսկեր: Մասնավորապես, արդեն այս տարվանից սկսած՝ ուսուցիչներն աշակերտներին նախապատրաստում են այն մտքին, որ ավարտական վկայականում «բավարար» գնահատական չունենալու համար անհրաժեշտ է որոշակի վերաբերմունք ցուցաբերել ուսուցիչներին: Այնպես որ, չի բացառվում, որ հաջորդ հայտարարությունների ժամանակ դասղեկներն արդեն մակերեսորեն կխոսեն ֆինանսական կողմի մասին, իսկ այդպիսի խոսակցություններն ավելի հստակություն ձեռք կբերեն արդեն, երբ մեկնարկի նոր ուսումնական տարին»:
«Առավոտը» նշված մտահոգությունները փոխանցեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանին: Նա պարզաբանեց. «Ոչ մի փոփոխություն էլ չի նախատեսվում, իսկ այդ խոսակցությունները ոչ մի իրական հիմքեր չունեն»: Մեր այն հարցին՝ ի՞նչը կարող էր նման խոսակցությունների առիթ դառնալ, տիկին Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. «Երբեմն ուսուցիչները, դպրոցների տնօրենները նմանատիպ հայտարարություններ են անում՝ աշակերտներին զգաստացնելու համար: Չեմ կարող ասել՝ սա այդ դեպքն է, թե՝ ոչ, սակայն հնարավոր է այդ նպատակով եւս նմանատիպ հայտարարություններ կատարված լինեն: Կրկնում եմ, միակ փոփոխությունը, որ կա, դա այն է, որ մյուս տարի ընդունելության քննություններն անցկացվելու են շտեմարաններում տեղ գտած առաջադրանքների միջոցով, ինչի մասին առավել մանրամասն ինֆորմացիայի տիրապետում է Գնահատման եւ թեստավորման կենտրոնը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել