Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԿՏՐՎԱԾ» ԵՎ ՔՆՆՎԱԾ ՏՆՕՐԵՆՆԵՐ

Մայիս 19,2011 00:00

\"\"Հավաստագիրն ու ղեկավարման հաճույքը

Երեւանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում շարունակվում են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար նախատեսված տնօրենների քննությունները: Երեկ բանավոր քննության փուլն էր: Մասնակցում էր 93 «տնօրենացու»:
Քննությանը հետեւում էր 2 հանձնաժողով, որոնց նախագահներն էին ՀՀ ԿԳՆ փոխնախարար Կարինե Հարությունյանը եւ ՀՀ ԿԳՆ ԿԱԻ «Տեղեկատվության, վերլուծության եւ խորհրդատվության կենտրոնի» բաժնի վարիչ Արտակ Պողոսյանը: «Առավոտը» քննության ընթացքին հետեւեց ժամը 9-14-ը:
Քննասենյակի առջեւ սպասող հուզված տնօրենները ամեն դուրս եկողի հարցախեղդ էին անում հարցերի, պատասխանների, հանձնաժողովի վերաբերմունքի մասին:
Քննություն հանձնողները հերթով պատմում էին՝ որ հարցին ինչպես են պատասխանել, ինչ կարելի է ասել, ինչը՝ ո՛չ, սա այսպես կասեք, սա՝ այնպես:
Նշենք, որ բանավոր քննության անցողիկ շեմը համարվում է հարցերի առնվազն 90%-ի ճիշտ պատասխանները: Քննության հարցերը 5-ն էին եւ մեկ լրացուցիչ հարց: 5-ից 4 հարցի ճիշտ պատասխանի դեպքում քննությունը համարվում է ստացած:
Այն ընթացքում, ինչ «Առավոտը» գտնվում էր քննակենտրոնում, քննությունից կտրվողներ չեղան:
Վարդենիսի Ավազան գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Սարգիս Լալայանը 5 հարցից 4-ին էր ճիշտ պատասխանել: Մեզ հետ զրույցում նա ասաց. «Օբյեկտիվություն կար, մարդիկ լսում են մինչեւ վերջ քո խոսքը: Պատասխանը եթե չի բավարարում՝ լրացուցիչ հարց են տալիս: Ես նորմալ պատասխանեցի, անցա: Ներսում, տեղում տոմսը վերցրի, նստեցի հանձնաժողովի առջեւ ու սկսեցի պատասխանել, էլ հավելյալ ժամանակ չպահանջեցի պատրաստվելու համար. դրա իմաստը չկար: Մի հարց կար, որ անծանոթ էր ինձ, դրան չպատասխանեցի: Տոմսը վերցնելիս որ չգիտեի պատասխանը, այլեւս ուշադրություն չդարձրեցի: Միանգամից անցա հաջորդ հարցին»:
Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի դպրոցի փոխտնօրեն, պատմության ուսուցիչ Գագիկ Սարգսյանը գերազանց էր ստացել. 5 հարցից 5-ին էլ ճիշտ էր պատասխանել. «Ներսում անկաշկանդ մթնոլորտ էր, կողմնակալություն չկար: Կողքից տրվող հարցերն էին երբեմն շեղում: Բայց հարցաշարից դուրս հարցեր չտրվեցին»: Զրուցակիցս նաեւ հավելեց. «30 տարվա փորձ ունեցող տնօրենը ինձ հետ հավասար քննություն է հանձնում, ինչքանո՞վ է դա ճիշտ…»:
Վաղարշապատի թիվ 9 միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Մարիետա Սամվելյանը եւս բոլոր հարցերին ճիշտ է պատասխանել. «Մթնոլորտը ջերմ էր, տրամադրող, ոչ մի խանգարող հանգամանք չկար: Սկզբում այս քննություններին թերահավատորեն էի վերաբերվում, դեռ մի փոքր էլ վիրավորված էի՝ մտածելով, որ ամեն դեպքում աշխատանքը կարելի էր այլ կերպ գնահատել, բայց հիմա համոզվում եմ, որ այս քննությունները անհրաժեշտ էին մեզ»: 
Նորաբակի միջնակարգ դպրոցի տնօրեն Ժիրայր Մկրտչյանը դեռ չէր մտել քննության, բայց մյուսների պես անհանգստացած չէր. «Գրավոր քննության թեստերը լավ էին կազմված՝ ոչ շատ բարդ էին, ոչ՝ պարզ: Բանավոր քննության հարցերը հիմնականում հրատարակված հարցաշարից են, եւ պետք է միայն ուսումնասիրել դրանք»: Հետաքրքրվեցինք՝ չի՞ վախենում «կտրվել», նա հավաստիացրեց, որ ոչ. «Կարծում եմ, մեզ՝ տնօրեններիս, պետք էին այս քննությունները, հաստատ՝ հանրապետության տնօրենների 10%-ը կմաղվի»:
Քննության երկրորդ խմբի հանձնաժողովի նախագահ Արտակ Պողոսյանը տնօրենների պատրաստվածությունը ընդհանուր առմամբ բարձր գնահատեց: Նրա խոսքով՝ «Կան ե՛ւ ուժեղ, ե՛ւ լավ, ե՛ւ թերի պատասխաններ»:
Ինչպես նկատեցինք, քննասենյակում հսկողություն էր սահմանված. բացի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, կային նաեւ նահագահի կողմից նշանակված անձինք: Նախագահի վերահսկողական ծառայության աշխատակից Վահրամ Բաղրամյանն ասաց. «Փորձում ենք ամեն ինչ անել, որ օբյեկտիվությունը պահպանվի, այսինքն՝ հանձնաժողովի անդամները կողմնակալ, հուշող հարցեր չտան քննվողներին: Մյուս կողմից էլ՝ տնօրենների պատասխանատվության զգացումն է բարձրացել, գիտակցում են, որ այստեղ իրենց ոչ ոք չի օգնի»: «Մեհրաբյան գիտաուսումնական կենտրոն» հ/կ ներկայացուցիչ, դիտորդ Վահե Բաբայանն էլ փաստեց, որ առայժմ արտառոց դեպքեր դեռ չեն գրանցվել:

Հ.Գ. Ավելի ուշ տեղեկացանք, որ բանավոր քննության առաջին փուլին մասնակցող 46 «տնօրենացուից» 3-ը կտրվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել