Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ժողովրդավարական ու արդար չի լինելու

Մայիս 19,2011 00:00

Եթե ընտրություններն անցկացվեն այս՝ «բարեփոխված» օրենսգրքով

Մեղմ ասած, վստահություն չեն ներշնչում իշխանություն ունեցող կամ դրան ձգտող քաղաքական գործիչները, երբ խոսում են իշխանությունը ժողովրդին վերադարձնելու մասին: Իրականում այս պահին, երբ փոփոխությունների է ենթարկվում Ընտրական օրենսգիրքը, քաղաքական ուժերը լուրջ շագրգռություն հանդես չեն բերում: Իսկ թե ով ինչ չափով իշխանություն կստանա՝ դա արդեն, այսպես ասած, «քաղաքական բազարի» արդյունքը կլինի: Ընտրություններ կանցկացվեն, իհարկե, բայց թե ինչպիսի՝ դժվար չէ գուշակել քննարկվող Ընտրական օրենսգրքի «բարեփոխվող» նախագծերից: Ընտրությունները կլինեն ոչ ժողովրդավարական ու ոչ արդար, որովհետեւ ընտրողի մեկ ձայնի իրավունքի սկզբունքով՝ համամասնական կապված ցուցակներով կամ հարաբերական մեծամասնական ընտրակարգով ընտրությունները Հայաստանի նման փոքր երկրում, իրականում, ընտրողների գերակշիռ մեծամասնության կարծիքին համարժեք պառլամենտի կազմավորման խնդիրը չի լուծում:
Պարզ է, որ եթե ընտրական համակարգը չի փոխվում, ապա հետընտրական հասարակական դժգոհություններ չեն կարող չլինել, քանզի ընտրողների զգալի մասի ցանկությունը ընտրություններից հետո չի բավարարվի, իսկ այն կուսակցապետերն ու առանձին թեկնածուները, ովքեր մանդատ չեն ստանա՝ կօգտվեն դժգոհությունից, կկազմակերպեն բողոքի ակցիա, կհայտարարեն, թերեւս, ինչպես միշտ, ոչ անհիմն, որ ընտրությունները կեղծվել են:
ԵԱՀԿ-ն, ԱՄՆ-ը, ԵԽԽՎ-ն ու Հայաստանին առաջարկություններ ներկայացրած այլ կազմակերպություններ, այդ թվում՝ ԺՄԻԳ-ը, Վենետիկի հանձնաժողովը եւ այլք կարծես թե չգիտեն, որ ժողովրդավարական բարձր մակարդակն ապահովվում է ուղիղ ժողովրդավարությամբ, այսինքն կարեւորագույն պետական, հասարակական հարցերի ու օրինագծերի հանրաքվեների միջոցով ընդունմամբ, իսկ պառլամենտի ընտրությունների արդարությունն ապահովվում է, եթե այն կազմավորվում է բացառապես ընտրողների գերակշիռ մեծամասնության ցանկությանը համարժեք:  Ես որպես ընտրող շատ կուզենայի, որ պառլամենտի անդամ լիներ իմ նախընտրած թեկնածուներից որեւէ մեկը, այլ ոչ թե ընտրվեն համամասնական կապված ցուցակից կուսակցապետերի նախանշած առաջին համարի թեկնածուները, կամ մեծամասնական ընտրակարգով իմ քվեն ստացած թեկնածուն ընտրվեր կամ ոչ:
Պատկերացրեք, որ եթե Ազգային ժողովի պատգամավոր ընտրվեր բոլոր ընտրողների կամ ընտրողների գերակշիռ մեծամասնության վարկանիշային քվեարկությամբ նախընտրած թեկնածուներից որեւէ մեկը, ապա ընտրությունների ու օրենսդիր իշխանության հանդեպ որքան կմեծանար հասարակության վստահությունը: Ավելին՝ այդ դեպքում պատգամավորները բացառիկ կախվածության մեջ չէին լինի այս կամ այն կուսակցապետից կամ նախագահից: Նրանք մեծապես կախված կլինեն ընտրողներից, ուստի կբարձրանար պառլամենտի քաղաքական ու հանրային կշիռը: Կարծում եմ, ինձ հետ կհամաձայներ նաեւ ընտրողների մեծամասնությունը:
Իսկ եթե իշխանություններն ու երկրի քաղաքականության վրա ազդեցություն ունեցող գործիչները շահագրգռված լինեն նորմալ ընտրությունների անցկացման հարցում, ապա ընտրությունների վրա փողային, թաղային, ուժային, հանցագործ տարրերի ազդեցությունները, ինչպես նաեւ ընտրակաշառքով քվեներ ստանալու հնարավորությունները նվազեցնելու եւ քաղաքակիրթ, քաղաքական ազդեցության արդյունքը մեծացնելու նպատակով, հաջորդ պառլամենտական ընտրություններում կհրաժարվեն միամանդատ մեծամասնական եւ համամասնական կապված ցուցակներով ընտրակարգերով ընտրություններից եւ կանցնեն ընտրողի մեկից ավելի ձայնի իրավունքով համամասնական՝ նախապատվության (պրեֆերենցիալ) սկզբունքի կիրառմամբ  ընտրակարգով ընտրությունների, կամ բազմամանդատ մեծամասնական ընտրությունների: Հանրապետության ողջ տարածքը պետք է դիտարկել որպես մեկ ընտրատարածք, ընտրողին իրավունք վերապահելով քվեարկել ցուցակներից իր նախընտրած թեկնածուների օգտին, քվեաթերթիկում նշելով թեկնածուների ռեգիստրացիոն համարները: Եթե կիրառվի համամասնական, նախապատվության սկզբունքի կիրառմամբ ընտրական համակարգը, ապա մանդատները կտրվեն ցուցակներից ձայների մեծամասնությունն ստացած թեկնածուներին, իսկ մնացած մանդատները կբաշխվեն քվոտան հաղթահարած կուսակցությունների միջեւ ցուցակներին տրված ձայներին համամասնորեն, համարելով, որ ցուցակի թեկնածուի օգտին տրված ձայները նաեւ տվյալ ցուցակին տրված քվեներ են: Եթե կիրառվի բազմամանդատ մեծամասնական ընտրական համակարգը, ապա ընտրված կհամարվեն առավելագույն քվեներ ստացած՝ պառլամենտի պատգամավորների թվով տեղերը զբաղեցրած թեկնածուները: Այս դեպքում ընտրողների գերակշիռ մեծամասնության քվեներով կորոշվեր յուրաքանչյուր թեկնածուի, կուսակցության իրական քաղաքական վարկանիշը եւ թե որ կուսակցությունից ով կդառնա պատգամավոր:
Չնայած աննշան հավանականությանը, հուսով եմ, որ նրանք, ումից կախված է ընտրապատերազմներին վերջ դնելն ու արդար ընտրություններով իշխանությունների կազմավորման հարցի մեկընդմիշտ լուծումը, կառաջնորդվեն ոչ թե նեղ անձնական շահերով, այլ պետության ու ազգի շահերով: Քանզի հաջորդ ոչ արդար ընտրությունները կարող են կանգնեցնել Հայաստանին լուրջ վտանգների առաջ, որից առավելապես կտուժեն պարզապես սովորական քաղաքացիները, որոնք Հայաստանը լքելու հնարավորություն չեն ունենա: Իսկ արդար ընտրություններով իշխանության կազմավորման դեպքում, հասարակության տարբեր խմբերն ու յուրաքանչյուր քաղաքացի միասնաբար կլծվեն բոլորի եւ յուրաքանչյուրի բարեկեցության բարձրացման ու անկախ Հայաստանի արժանապատիվ գոյության ու մրցունակության ապահովման գործին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել