Ըստ ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի, ՀՀ կառավարության շենքի թմբուկի կառուցման ընդդիմախոսների ելույթները նպատակաուղղված են հանրությանն ապակողմնորոշելուն: – Պարոն Սարգսյան, վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացել Ալեքսանդր Թամանյանի նախագծած ՀՀ կառավարության շենքի թմբուկի շուրջ: Մասնավորապես, Ճարտարապետների միության նախագահը եւ մի քանի այլ ճարտարապետներ կարծիք հայտնեցին, որ թմբուկի կառուցումը ժամանակավրեպ է, եւ ներկայացված տարբերակը զգալիորեն տարբերվում է Թամանյանի նախագծից: Ներկայացրեք, խնդրեմ, Ձեր հակափաստարկները:
– Նախ նշեմ, որ առայսօր հասկանալի չէ, թե նախագծի իրականացման ընդդիմախոսներն ինչի՞ն են դեմ. Թամանյանի գաղափարի իրագործմա՞նը, այսինքն՝ թմբուկի կառուցմանն առհասարակ, թե՞ բարձրակարգ մասնագետների խմբի կողմից մշակված եւ ներկայումս Ճարտարապետության ազգային թանգարանում հանրային իրազեկման ներկայացված երեք տարբերակներին: Եթե դեմ են թմբուկի կառուցմանն ընդհանրապես, ապա նրանք վիճարկում են Թամանյանի նախագծի ճարտարապետական արժեքը, հետեւաբար՝ այդ ընդդիմախոսությունն ուղղված է հենց Թամանյանին:
Իսկ եթե նրանք դեմ են էսքիզային նախագծի երեք տարբերակներով ներկայացված ճակատներին, ապա դա բացառապես նեղ մասնագիտական քննարկման խնդիր է, ինչից, սակայն, վերոնշյալ ճարտարապետները ակնհայտ խուսափում են: Նախագծի մանրակերտը եւ գծագրերը, այդ թվում՝ Թամանյանի արխիվային նյութերը, մի քանի շաբաթ է, ինչ ներկայացված են Ճարտարապետության ազգային թանգարանում: Մինչդեռ ցայսօր ընդդիմացող պրոֆեսիոնալներից (որոնք բոլորն էլ այցելել եւ ուսումնասիրել են մանրակերտը) եւ ոչ ոք իր փաստարկները չի ներկայացրել քննարկման համար դրված գրամատյանումո ինչից կարելի է ենթադրել, որ նրանք կամ պարզապես ասելիք չունեն, կամ էլ՝ այստեղ խնդիրը մասնագիտական մտահոգությունը չէ:
– Այնուամենայնիվ, չեք կարող չընդունել Թամանյանի կողմից արված նախագծից չհեռանալու պնդումների իրավացիությունը:
– Ինչպես արդեն նշեցի, ներկայացված է 3 տարբերակ, որոնց տարբերությունը կայանում է զուտ բացվածքների մեջ: Մշակված են եւ բացառապես թամանյանական՝ խուլ թմբուկի տարբերակը, եւ լուսավորության խնդիրը լուծող ու ճակատային մասից տեսանելի բացվածքներով տարբերակը, եւ այդ երկուսի միջինը՝ լուսավորության խնդիրը լուծող, սակայն ճակատային մասից ոչ տեսանելի բացվածքներով տարբերակը: Իսկ թե այդ տարբերակներից ո՞րն է նախընտրելի, դա, անշուշտ, զուտ մասնագիտական քննարկման խնդիր է, ինչն առաջիկայում տեղի կունենա Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդում:
Մեկ անգամ եւս կրկնեմ, որ մինչ օրս այդ հարցում որեւէ փաստարկված եւ մասնագիտական կարծիք չի հնչել, բացառությամբ ճարտարապետ Արտակ Ղուլյանի, ով, սակայն, իր կարծիքն արտահայտել է՝ հիմնվելով բացառապես էսքիզային նախագծի մեկ՝ տեսանելի բացվածքներով տարբերակի վրա: Ենթադրում եմ, որ նա պարզապես չի ծանոթացել մյուս երկու տարբերակներին:
– Նախօրեին ՃՄ վարչության անունից ՀՀ նախագահին ուղղված նամակում նշվում է, որ այս նախագիծն իրականացվում է ՀՀ օրենսդրության խախտմամբ: Այդպե՞ս է արդյոք: Եվ պատասխանեք, խնդրեմ, եւս մեկ հարցապնդման. ինչո՞ւ մինչ շինարարությունը սկսելը չեն արվել համապատասխան հանրային քննարկումներ:
– Հատուկ չճշտված տվյալները միտումնավոր կերպով շահարկողներին տեղեկացնեմ, որ առայժմ որեւէ շինարարություն սկսված չէ, քանզի նախագիծը դեռ հաստատված չէ: Ուստի, չկա եւ շինարարության թույլտվություն, առանց որի, բնականաբար, որեւէ շինարարության մասին խոսք անգամ չի կարող լինել:
Ինչ վերաբերում է հանրային քննարկումների մասով հնչեցված մեղադրանքներին, ապա այստեղ եւս, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, պահպանված են բոլոր ընթացակարգերը: Բացի Ճարտարապետության ազգային թանգարանում հրապարակային իրազեկման ներկայացվելուց, առաջիկայում նախագիծը կքննարկվի նաեւ Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինական եւ ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդներում: Դրան զուգահեռ, կշարունակվի արդեն երկու տարի տարբեր լրատվամիջոցներով ընթացող իրազեկման գործընթացը: Եվ ահա այս ամենի հիման վրա կկայացվի համապատասխան որոշում՝ կհամաձայնեցվի նախագիծը եւ կտրվի շինարարության թույլտվությունը:
Միեւնույն ժամանակ, թերեւս, հատկանշական է այն փաստը, որ օրինականությունից խոսողները շարունակաբար իրենք են շրջանցում օրենքը: Դրա ակնառու օրինակներից մեկն էլ ՃՄ վարչության անունից ՀՀ նախագահին ուղղված Ձեր նշած բաց նամակն է, որտեղ հեղինակների կողմից օրինականության պահպանման կոչ է արվում: Աբսուրդն այն է, որ օրենքից խոսում է մի մարմին, որը նախ՝ լեգիտիմ չէ, քանի որ նրա գործունեության ժամկետը սպառվել է դեռեւս 2009թ.-ին, եւ ապա՝ այդ նամակով Ճարտարապետների միության ոչ լեգիտիմ ղեկավարը չարաշահում է իր դիրքը՝ հանդես գալով վարչության անունից, այն դեպքում, երբ խնդրո առնչությամբ հրավիրված քննարկումների արդյունքում ՃՄ վարչությունում այդպես էլ միասնական կարծիք չի ձեւավորվել: Դրանում համոզվելու համար առաջարկում եմ դիմել ՃՄ վարչության բոլոր անդամներին եւ պարզել նրանց տեսակետը:
– Հայտնի է, որ կառուցվելիք թմբուկի ներկա նախագծի հեղինակը Դուք եք: Մինչդեռ Ձեր ընդդիմախոսներից ոմանց հիմնական փաստարկն այն է, որ Դուք, լինելով ՀՀ գլխավոր ճարտարապետը, իրավունք չունեք ինքներդ հեղինակել իրականացվող նախագիծը: Այսինքն՝ այստեղ կարող է դիրքի չարաշահման խնդիր լինել:
– Նախ, ՀՀ Սահմանադրությամբ պետական պաշտոն զբաղեցնող անձանց արգելված չէ մանկավարժական եւ ստեղծագործական գործունեությունը: Բացի այդ, ես, որպես ճարտարապետ, հանդիսանում եմ ոչ թե այս նախագծի հեղինակը, քանզի դրա հեղինակը Ալեքսանդր Թամանյանն է, այլ այդ նախագծի իրականացման գործընթացի համակարգողը: Նախագծի մշակման գործընթացում ներգրավված են բարձրակարգ ճարտարապետներ եւ ինժեներներ: Իսկ ինչ վերաբերում է այն պնդմանը, որ նման կարեւորագույն նախագծերր չպետք է իրագործվեն հանրապետության գլխավոր ճարտարապետի կողմից, ապա ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ նույն Ալեքսանդր Թամանյանը, լինելով Հայաստանի գլխավոր ճարտարապետը, նախագծել է Հանրապետության հրապարակը, Կառավարության, Օպերայի եւ բազմաթիվ այլ շենքեր: Երեւանի գլխավոր ճարտարապետն էր նաեւ Հանրապետության հրապարակում գտնվող Ազգային պատկերասրահի, Ազգային ժողովի եւ ՀՀ նախագահի նստավայրի շենքերի հեղինակ Մարկ Գրիգորյանը: Գլխավոր ճարտարապետների կողմից քաղաքի համար կարեւորագույն նախագծերի հեղինակման բազմաթիվ այլ օրինակներ կան:
– Պարոն Սարգսյան, Դուք նշեցիք, որ արդեն 2 տարի է՝ մասնագիտական շրջանակներում եւ լրատվամիջոցներով խոսվում է թմբուկի կառուցման մասին: Ձեր ընդդիմախոսները տեղյա՞կ էին արդյոք այդ ծրագրի մասին:
– Ոչ միայն տեղյակ էին, այլեւ նրանցից շատերը մասնավոր զրույցներում իրենց դրական կարծիքն են արտահայտել: