Լոռու մարզի 113 համայնքներից 20-ում նախադպրոցական հաստատության շենքը համայնքային սեփականություն է (2-ը՝ տնակային), որոնք, սակայն, անգործության են մատնված, քանի որ գտնվում են անմխիթար վիճակում: Այս համայնքներում նախադպրոցական ծրագիրը իրականացնում են դպրոցական շենքերում, որոնք ավելի բարվոք վիճակում են, ինչպես, օրինակ, Վարդաբլուրում, Ձորագյուղում, Արեւածագում, Սարչապետում, այլուր:
1988 թվականի աղետալի երկրաշարժից Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի 18 գյուղերի մանկապարտեզները հիմնովին են ավերվել: Մինչ այժմ տարածաշրջանի երեխաները դպրոց էին գնում առանց նախադպրոցական կրթության, առանց մանկապարտեզի, ինչը, դպրոցի ուսուցիչների կարծիքով, կրթության որակի վրա զգալի հետք է թողնում ու դժվարացնում աշխատանքը: «Մանկապարտեզ հաճախող երեխաները արդեն տառաճանաչ են դպրոց մտնում, կարողանում են տարբերել խաղի ու դասի ժամերը, իսկ տանը նստած երեխայի ուշքն ու միտքը դեռ խաղն է»,- ասում է Արեւաշող համայնքի միջնակարգ դպրոցի տարրական դասարանների ուսուցչուհի Ն. Գյուլամիրյանը:
Խնդիրը փոքր-ինչ մեղմելու նպատակով Լոռու մարզի Սարահարթ, Մեծ Պարնի, Կաթնաջուր, Լեռնանցք, Արեւաշող համայնքների դպրոցներում «Կրթության մատչելիության ապահովում» դրամաշնորհային ծրագրով 3 տարում նախադպրոցական տարիքի 5117 երեխայի համար կրթական ծրագրեր են իրականացվել: Այսօր Լոռու փոքրահասակ երեխաների միայն 60 տոկոսն է մանկապարտեզ հաճախում:
Արեւաշող գյուղում դպրոցի նախադպրոցական բաժնում 6 երեխա կա: Այս տարի գյուղի մանկահասակ երեխաները նորակառույց մանկապարտեզի շենք կհաճախեն: 2010 թվականի մարտին սկսված շինարարության համար կծախսվի 59 միլիոն դրամ, որից 33 միլիոնը՝ ՀՀ պետական բյուջեից, մնացածը՝ գյուղի բյուջեից:
Արեւաշողը 3200 բնակիչ, 870 տնտեսություն ունի: Արեւաշողցիներն էլ իրենց հերթին են ամեն կերպ օգնում շինարարությանը. «դա էլ ներդրում է, արհեստավորն իր արհեստով է օգնում, բանվորը՝ իր աշխատասիրությամբ»,- ասում է Արեւաշողի գյուղապետ Վարուժան Խաչատրյանը:
Արեւաշողցիները գյուղի բյուջեի միջոցներով նաեւ մշակույթի տուն են կառուցում, որտեղ երեխաների համար խմբակներ կբացվեն, երեխաների առօրյան կիմաստավորվի: «Ազատ ժամանակ ունեցող երեխան մտածում է՝ ինչպես սպանի ժամանակը եւ վատ սովորույթներով է տարվում, որը ճակատագրական է դառնում նրա համար»,- նկատում է գյուղապետը՝ հիշելով, որ 30 անչափահասների պատժել է ծխելու համար: