Անցյալ տարվա մայիսին ՀՀ վերահսկիչ պալատը ստուգումներ կատարեց Տավուշի մարզում: Դրանց արդյունքում Նոյեմբերյանի տարածքային սոցիալական ծառայությունը դադարեցրել է բազմաթիվ ընտանիքներին ընտանեկան նպաստի վճարումը: 2010 թվականի հունիսից դադարեցվել էր նաեւ սահմանամերձ Բերդավան գյուղի 5 ընտանիքին ընտանեկան նպաստի վճարումը: Վերահսկիչի ստուգող մասնագետները պատճառաբանել էին, որ Բերդավանի համայնքապետարանի կողմից այդ 5 ընտանիքին տրված՝ տների վթարայնության վերաբերյալ տեղեկանքներն անօրինական են: 1997թ. հուլիսի 18-ի Նոյեմբերյանի երկրաշարժից տարածաշրջանում վթարային էին դարձել հարյուրավոր տներ: 2003թ. «Հայսեյսմշին» կազմակերպության կատարած ուսումնասիրությամբ այդ 5 ընտանիքների տները ճանաչվել էին 3-րդ կարգի վթարային: Վերահսկիչի մասնագետները հայտարարել էին, որ համայնքապետարանն իրավունք չուներ այդ ընտանիքների տներին վթարայնության տեղեկանք տալու, քանզի «Հայսեյսմշինի» կատարած ուսումնասիրության արդյունքները ժամկետանց են, հարկ է նոր մասնագիտական ուսումնասիրություն կատարել: Սակայն Բերդավանի համայնքապետարանը պարզել էր, որ, ըստ օրենքի, մասնագիտացված կազմակերպության տրամադրած եզրակացությունն ուժի մեջ է 10 տարի: Դրանից հետո Վերահսկիչ պալատի ստուգողները Բերդավանի այդ 5 ընտանիքի վերաբերյալ փաստաթուղթը հանել էին Տավուշի մարզում կատարած ստուգումների իրենց եզրակացությունից՝ այդպիսով ընդունելով իրենց սխալը: 2011թ. փետրվարին բերդավանցի 5 ընտանիքներին ընտանեկան նպաստի վճարումը վերականգնվել է: Սակայն հիշյալ ընտանիքները դեռեւս չեն ստացել անցյալ տարվա երկրորդ կիսամյակի նպաստը, որը դադարեցվել էր Նոյեմբերյանի տարածքային սոցիալական ծառայության կողմից: Նրանք 6 ամսվա ընտանեկան նպաստը ստանալու համար պատրաստ են դիմել դատարան: Բերդավանցի Վարդան Փիրումյանի տունը երկրաշարժի հետեւանքով դարձել է երրրոդ կարգի վթարային: Վարդանի 5 հոգանոց ընտանիքը ամսական ստանում է 25 500 դրամ ընտանեկան նպաստ: Նա եւ կինը գործազուրկ ուսուցիչներ են: Սահմանամերձ գյուղում ապրող կարիքավոր ընտանիքի համար չստացած 153 հազար դրամը մեծ փող է: