Անցյալ տարվա հունիսի 5-ին լրատվամիջոցները տեղեկացրին, որ Իրանից վերադառնալուց անմիջապես հետո՝ «Զվարթնոց» օդանավակայանում կալանավորվել է «ՔիմՏեխ» ՍՊԸ տնօրեն Սամվել Խաչատրյանը: Նա կասկածվում էր թմրամիջոցների ապօրինի արտադրության եւ շրջանառության հետ կապված գործով:
Ըստ «Առավոտի» աղբյուրի, Խաչատրյանի պայուսակում այդ ժամանակ եղել է 65 000 ԱՄՆ դոլար գումար:
Ս. Խաչատրյանը օդանավակայանից տարվեց ՀՀ ոստիկանության քննչական վարչություն: Ու հենց այդտեղ էլ այդ գումարն անհետացավ:
Այդ գումարը, ըստ շրջանառվող լուրերի, յուրացվում է ԿՀԴՊԳՎ 4-րդ վարչության պետ Նազար Մնացականյանի եւ ԿՀԴՊԳՎ պետ Գագիկ Ավետիսյանի կողմից:
Չնայած մեր հարցմանը, թե գումարների յուրացման հետ կապված ծառայողական քննություն կա՞ «շեստոյի» աշխատակիցների հետ կապված, ՀՀ ոստիկանության մամուլի պատասխանատու Աշոտ Ահարոնյանն ասաց, որ ոստիկանությունում ծառայողական քննություն չի անցկացվել, չկա, այդուհանդերձ, նշենք, որ ծառայողական քննություն եղել է:
Ըստ մեր աղբյուրի, Սամվել Խաչատրյանին կալանելուց հետո նրա մոտ առանձնազրույցի է գնում 4-րդ վարչության պետ Նազարեթ Մնացականյանը [հայտնի է «Քյանքյուլ» մականունով]: Ասվում է, որ Նազարը՝ դիմելով իր վաղեմի ծանոթ Սամվելին, ասել է. «Ես չէի ուզում խառնվել, բայց…»: Նրանց միջեւ առանձնազրույցը տեւել է 15 րոպե: Այդ ժամանակ էլ գումարը վերցվել է: Այսինքն, դեռ այդ ժամանակ որեւէ «պրոտոկոլային» գործողություն չի սկսվել, չէր կազմվել արձանագրություն, անձնական իրերի գրանցում:
Ըստ շրջանառու լուրերի, չբավարարվելով Խաչատրյանով, Մնացականյանը իր մոտ է «հրավիրում» նաեւ Սամվելի որդուն…
Ս. Խաչատրյանը տեղափոխվում է ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ, ի դեպ, նրա հետ 2-րդ անգամ «տեսակցում» է Նազար Մնացականյանը: Այս անգամ ձեռքի տակ ունենալով Խաչատրյանին բերման ենթարկողների լուսանկարները [ինչո՞ւ-Ռ.Մ]:
Կալանավայրում, սակայն, Ս.Խաչատրյանը զգալով, որ իրեն «քցել» են, հասկացնում է ոստիկանության կարկառուն դեմքերին. «Գալու եմ փողերը ստանամ, ձեռիցս չեք պրծնելու»: Ըստ շրջանառվող լուրերի, այս տարվա ապրիլի 14-ից էլ սկսվում է ծառայողական քննություն, իբր վախից Նազարն ու Գագիկ Ավետիսյանը գումարը վերադարձնում են…
Այս մասին տեղյակ է պահվում անգամ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, սակայն ոչ մի տույժ, ոչ մի շարժ:
Ինչո՞ւ էր պետք, որպեսզի Խաչատրյանը գումարը տար:
Խաչատրյանին պետք էր, որպեսզի մաքսանենգության հոդվածից փրկվեր, որպեսզի իրեն չմեղադրեին թմրանյութերի ապօրինի շրջանառությունից ստացված եկամտի համար, որպեսզի որդուն վնաս չտային: Իսկ ոստիկաններին էլ պետք էր ոչ մի տեղ չարձանագրված այդ գումարը «կիսվել»:
Ի դեպ, ժամանակին, երբ Նազար Մնացականյանին ազատեցին ԲԽՍՍ-ից, պատճառը՝ «անազնվությունն էր ղեկավարության նկատմամբ»: Այդ ժամանակ նրան կասկածում էին 5000 դոլար գումարի յուրացման մեջ:
65 000 դոլարի մասին ողջ քաղաքը խոսում է, սակայն ծառայողական քննության արդյունքների մասին լռում են:
Ի դեպ, 3 ամիսների ընթացքում Նազար Մնացականյանի ղեկավարած 4-րդ վարչությունում [թմրամիջոցների դեմ պայքարի] զարմանալի բաներ են կատարվում. աշխատանքից իրենց դիմումների համաձայն ազատվում են մարդիկ, որոնց մինչեւ անցյալ տարի խրախուսում ու պարգեւատրում էին: Ինչո՞ւ:
Հ. Գ. Ասում են, որ Նազար Մնացականյանը «հանրապետական» տանիք ունի: Եղբայրը՝ Թալինի քաղաքապետը, «Բարգավաճից» անցում կատարելով Հանրապետական կուսակցություն, ամրացրել է ոչ միայն իր դիրքերը, այլեւ՝ եղբոր: