Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՐԶՆԻԻ» ԿՈՎԵՐԸ ԽԱԽՏԵԼ ԵՆ ՀԱՏԻՍԻ «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Մայիս 19,2011 00:00

«Արզնի» ՏԹԽԸ տնօրենների խորհրդի նախագահ Մարատ Ջամվելյանի որդին՝ Արմեն Ջամվելյանը կալանավորվել է:

\"\"
Մարատ Ջամվելյանը:

Մայիսի 11-ին «Արզնի» ֆերմայի անասունները, ինչպես ամեն տարի գարնանը, հովիվների ուղեկցությամբ տեղափոխվում են սարեր: Ճանապարհը անցնում է Կոտայքի մարզի Հատիս գյուղով: Եվ, ինչպես ամեն տարի, հենց այդ գյուղով անցնելուց հետո պարզվում է, որ մի քանի հազարի հասնող խոշոր եղջերավոր անասուններից մի քանիսը անհետացել են: Նախորդ տարիների դեպքում, ըստ «Առավոտի» աղբյուրի, դրանց գտնելը եւ վերադարձնելը առանձնապես խնդիրներ ու բարդություններ չեն առաջացրել, թեեւ եղել են դեպքեր, երբ անասունները թաքցվել են գյուղացիների կողմից: Հատիսցիներին դուր չի գալիս, որ մի քանի հազարի հասնող անասունների նախիրը տեղափոխվում է իրենց գյուղի միջով. դժվար է ցեղական անասուններին այնպես դաստիարակել, որ Հատիսի միջով անցնելիս չուտեն ճամփեզրի խոտն ու ծաղիկը, գյուղի մեջ չհոգան իրենց բնական կարիքները: Դա էլ առաջացնում է վերջիններիս դժգոհությունն ու ատելությունը՝ կոթեցի Մարատի ու նրա ցեղական ցուլերի ու կովերի նկատմամբ:
Այս տարի նախիրը տեղափոխելուց հետո պարզվել է, որ անհետացել է 25 գլուխ անասուն: Ըստ «Առավոտի» աղբյուրի, Մարատ Ջամվելյանն իմանալով այդ մասին, իր վարորդ Արգիշտի Վարդանյանի հետ գնում է գյուղ՝ կորած անասունների ետեւից: Հատիսցիները գործարարին դժգոհել են, թե ինչու է նա նորից եկել իրենց գյուղ, ասելով, որ նրա անասունները քանդում են գյուղի ճանապարհները, տրորում եւ փչացնում են իրենց արտերը: Ծագում է վիճաբանություն հատիսցի Մեխակ, Գեւորգ, Ռազմիկ Մեխակյանների, մի քանի այլ հատիսցիների՝ մի կողմից եւ մյուս կողմից՝ 65-ամյա Ջամվելյանի ու նրա վարորդի միջեւ: Վիճաբանությունը վեր է ածվում քաշքշուկի: Ջամվելյանը մի կերպ կարողանում է զանգել եւ կանչել որդիներին: Քիչ անց վիճաբանության վայր են հասնում որդիները՝ Արմենը եւ Գեղամը, նորից ծեծի ենթարկվելով մի քանի տասնյակի հասնող հատիսցիների կողմից: Տեսնելով, որ վիճակն անկառավարելի է, Ջամվելյաններն ու վարորդը փորձում են նստել մեքենան եւ վերադառնալ, սակայն պարզվում է, որ մեքենայի բանալիները չկան:
Ծեծկռտուքի ժամանակ Արմեն Ջամվելյանը իր մոտ եղած հրացանից նախազգուշական կրակոց է արձակել օդ (փորձաքննությամբ պարզվել է, որ հրացանը օրինական է): Առաջին կրակոցը արդյունք չի տվել, իսկ երկրորդ կրակոցից հետո գյուղացիները սկսել են փախչել: Այդ ընթացքում Ջամվելյաններն ու վարորդը նստում են մեքենաները եւ հեռանում գյուղից:
Մայիսի 12-ին դեպքի առնչությամբ ոստիկանության Աբովյանի բաժին է հրավիրվել եւ ցուցմունք տվել Մարատ Ջամվելյանը: Մայիսի 13-ին բերման են ենթարկվել Գեղամ եւ Արմեն Ջամվելյանները եւ Արգիշտի Վարդանյանը: Գեղամը եւ Արգիշտին ստորագրությամբ ազատ են արձակվել, իսկ Արմենի նկատմամբ մայիսի 17-ին կայացվել է երկամսյա կալանքի որոշում: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով. խուլիգանություն՝ զենքի կամ որպես զենք օգտագործված առարկայի գործադրմամբ: Ըստ երեւույթին, միջադեպի պատճառներն ավելի խորքային են, քան կարելի է պատկերացնել, եւ տարբեր մեկնաբանությունների առիթ են տալիս: Նախ, սա կարելի է համարել սոցիալական ընդվզում հանապազօրյա հացի եւ սոցիալական խնդիրների մեջ խրված շարքային գյուղացիների՝ ընդդեմ հաջողակ գործարարի, ով ամեն տարի իրենց աչքի առջեւով եւ իրենց գյուղի միջով տանում է մի քանի հազարի հասնող ցեղական անասունները, այն դեպքում, երբ այդ գյուղացիներից շատերն անգամ մի հավ էլ չեն կարողանում պահել:
Հնարավոր է նաեւ այլ պատճառ: Ջամվելյանները, որոնց ընտանիքի անունը, առհասարակ, որեւէ կրիմինալ կամ արտառոց երեւույթի հետ չի կապվել, հանկարծ սկսեցին հայտնվել շատերի ուշադրության կենտրոնում: Մարատը չնայած լավ հարաբերությունների մեջ է երկրի իշխանությունների հետ, սակայն երբեք չի մտել քաղաքական խաղերի մեջ, ընտրությունների ժամանակ շատ գործարարների նման իրենց «քուչում» կամ թաղում նախընտրական «բազարների» մեջ չի մտել, փող կամ ձու չի բաժանել ընտրողներին այս կամ այն քաղաքական ուժի հաղթանակի համար: Գուցե նման «անհետաքրքիր» գործարարը ձեռնտու չէ քաղաքական որոշ շերտերին ու խիստ քաղաքականացված գործարար աշխարհին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել