Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի շտաբ՝ «Հանրապետականի» քթի տա՞կ

Մայիս 19,2011 00:00

Չնայած Արթիկը հիմնականում ՕԵԿ-ականացված է

Ինչպես արդեն լրատվամիջոցները տեղեկացրել են, նախօրեին Արթիկում պաշտոնապես բացվեց Հայ ազգային կոնգրեսի առաջին շտաբը: Այդ առիթով արթիկցի ընդդիմադիրների հետ քաղաքական ու սոցիալական խնդիրներ քննարկելու նպատակով Շիրակի մարզի 2-րդ քաղաք էին ժամանել ՀԱԿ-ի էլիտան՝ Լեւոն Զուրաբյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը եւ այլք: Հետաքրքիրն այն է, որ ընդդիմադիրների գրասենյակը գտնվում է ՀՀԿ գրասենյակի հարեւանությամբ, ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա: Հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, որ գրասենյակ բացում են այնպիսի մի քաղաքում, որի ոստիկանապետը, Շիրակի մարզի որոշ պաշտոնյաների խոսքերով, այս օրերին լծված է շրջակա գյուղերի գյուղապետերին ՕԵԿ-ականացնելու գործին: Ըստ մեր աղբյուրների, ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանը ՕԵԿ-ին ինքնանպատակ ծառայություններ չի մատուցում. վերջինս հույսեր է փայփայում առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԱԺ պատգամավոր դարձնել իր եղբորը՝ Մեղրաշատի ՕԵԿ-ական գյուղապետ Հունան Պետրոսյանին: Նշենք նաեւ, որ Շիրակի մարզում մոտ 12 գյուղապետ արդեն իսկ ՕԵԿ-ականացվել է, նույնիսկ կան գյուղապետեր, որոնք կուսակցականափոխ են եղել. օրինակ՝ Լուսակերտի ՀՅԴ-ական գյուղապետ Սամվել Բալաբեկյանը վերջին շրջանում ՕԵԿ է դարձել, նմանապես եւ Նահապատավանի գյուղապետ Սաշա Վարդանյանը, երդում տված դաշնակցականը եւս հանուն ՕԵԿ-ի՝ լքել է ՀՅԴ-ի շարքերը: Նկատի ունենալով, որ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը ծնունդով Արթիկի շրջանից է, մենք Պետրոս Մակեյանից հետաքրքրվեցինք, թե ՀԱԿ-ը կկարողանա՞ ընտրազանգված հավաքել մի տեղանքում, որն արագ տեմպերով ՕԵԿ-ականացնում են: «Գիտեք, ՕԵԿ-ական որպես առանձին ճակատ գոյություն չունի, նույն իշխանական ճակատն է, որի դեմ մենք 13 տարի պայքարել ենք: Ես առիթ ունեցել եմ մի քանի ամիս առաջ հայտարարելու, որ քվոտայով այս տարածաշրջանը տրվել է Արթուր Բաղդասարյանին՝ ԱԽՔ-ին, բարեբախտաբար վերջերս ինքը էս տարածքում խայտառակ է եղել. մասնակցել է ինչ-որ հարսանիքի, հարսանիքը հարամ է արել, գինովցել է, եւ էնտեղ պրոբլեմ է ունեցել մարզպետի հետ: Պետք է ասեմ, որ մարզպետը ինչքան էլ մարտի 1-ի հերոսներից է, էդ պարագայում իրան կարողացել է ճիշտ պահել, դրանից հետո ՕԵԿ այլեւս գոյություն չունի: Մեր հիմնական խնդիրը միջավայրը, մթնոլորտը փոխելն է, հասարակությանը դարձնենք գործոն, էդ պարագայում մենք որեւէ խնդիր չենք ունենա՝ ոչ իշխանական բուրգի հետ, ոչ էլ եղած-չեղած կուսակցությունների կամ կառույցների հետ»,- արձագանքեց Պ. Մակեյանը: Իսկ ինչ վերաբերում է Արթիկի ոստիկանապետի քաղաքական գործընթացներին խառնվելուն, ըստ պարոն Մակեյանի, Հայաստանում ոչ մի չինովնիկ, առավել եւս՝ ոստիկանապետ, ինքնուրույն հարց չի լուծում. «Էդ հարցերը լուծվում են 1 կենտրոնից՝ Բաղրամյան 26-ից, ճիշտ է, քվոտայով այս շրջանը տվել են ՕԵԿ-ին, բայց այդ նույն ոստիկանապետը որեւէ խնդիր չի կարող լուծել, որեւէ խնդիր չի կարող պարտադրել ոչ գյուղապետերին, ոչ գյուղացուն, ոչ էլ հասարակությանը, եթե մենք՝ ՀԱԿ-ը կարողանա միջավայրը փոխել, եւ մենք էդ խնդրի լուծմանն ենք գնում, եթե չհաջողվեց, սրանք եւս 10 տարի մնալու են»,- ասաց Պետրոս Մակեյանը:
Ի դեպ, Արթիկի նորաբաց գրասենյակը ղեկավարելու է Մաթեւոս Ղրզոյանը, եւ ինչպես պարզաբանեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, շտաբի նպատակը թե՛ ժողովրդի հետ շփվելն է, թե՛ այնպիսի թիմեր ստեղծելը, որոնք կռիվ կտան գալիք ընտրություններում: Վերջինս մեկ անգամ եւս հաստատեց, որ իրենք պահանջելու են արտահերթ ընտրություններ եւ եթե իշխանությունները չհամաձայնեն, ապա նրանց հետ այլեւս խոսելու, բանակցելու թեմա չի լինի: «Էն որ ասում են շան հետ ընկերություն արա, փետը ձեռքդ պահի, էստեղ է ասված»,- հավելեց Մյասնիկ Մալխասյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել