Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՈՒՄԱՐԸ ՉԻ ԱԶԴԻ, ՄԱՆԴԱՏԻՑ ԶՐԿԵՔ

Մայիս 19,2011 00:00

\"\"ԱԺ նիստերից բացակայելու համար շատ մեղմ պատժամիջոց են ընտրել

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ ԱԺ պատգամավորներին նիստերի հրավիրելու բանավոր հորդորներն իրենց սպառել են, եւ նա, թերեւս, որոշել է գործնական քայլերի դիմել՝ նրանց ներկայությունը խորհրդարանում ապահովելու համար: Սակայն այն պատժամիջոցը, որը Հ. Աբրահամյանը նախատեսել է մի շարք պատգամավորների համար, դժվար թե հաճախակի բացակայողների վրա որեւէ էական ազդեցություն թողնի: ԱԺ նախագահը որոշել է յուրաքանչյուր անհարգելի բացակա օրվա համար պահումներ անել պատգամավորի աշխատավարձից: Եթե հաշվի առնենք, որ բացակայող պատգամավորների մեծ մասը հիմնականում գործարարներ են, չնայած նրանց անունով որեւէ բիզնես գրանցված չէ, ապա գումարային պատժամիջոցը նրանց կարգի հրավիրելու ազդեցիկ միջոց չի կարող լինել: Այդ պատգամավորները նիստերից բացակայելու օրերին միլիոններ են աշխատում իրենց բիզնեսներով, եւ աշխատավարձի նույնիսկ ամբողջ չափով պատժվելը նրանց առանձնապես չի անհանգստացնի: Այսօր պատգամավորի աշխատավարձը կազմում է 300 հազար դրամ, այսինքն՝ մոտավորապես այնքան, որքան բացակա պատգամավորներից գրեթե յուրաքանչյուրը ծախսում է մեկ անգամ ռեստորանում ճաշելիս կամ որեւէ զվարճանքի օբյեկտում: Ուշագրավն այն է, որ բացակայող պատգամավորները, որպես արդարացում, բժշկի թուղթ են ներկայացնում՝ բացակայությունը հարգելի համարելու համար: Կան պատգամավորներ, որոնք ամբողջ 2010 թվականի ընթացքում ոչ մի անգամ ԱԺ ոտք չեն դրել: Պատգամավորներ էլ կան, որոնք իրենց գործընկերների համեմատությամբ, փոքր-ինչ «բարեխիղճ են» գտնվել եւ տարվա մեջ գոնե 4-5 անգամ ԱԺ են եկել: Թե ինչպե՞ս պետք է արդարացվի 237 բացակա գրանցած պատգամավորի բժշկի թուղթը, անհասկանալի է: Եվ եթե ընդունենք, որ տվյալ պատգամավորն իսկապես վատառողջ է, ըստ էության՝ անաշխատունակ, ապա ընտրողների համար շատ ավելի օգտակար կլինի, որպեսզի ժողովրդի խնդիրներով զբաղվի առողջ պատգամավորը, իսկ «վատառողջ» պատգամավորն էլ՝ իր առողջական խնդիրներով: Իսկ եթե պատգամավորը չի ընդունում, որ ինքն անգործունակ է եւ մանդատը պետք է փոխանցի առողջ պատգամավորին, ապա դա պետք է կարգավորվի ԱԺ կանոնակարգով, դատարանի՝ պատգամավորին անգործունակ ճանաչելու վճռի հիման վրա: Թերեւս՝ հենց մանդատից զրկելու որոշումը ավելի շուտ կարգի կհրավիրի անպարտաճանաչ պատգամավորներին, քան գումարային տուգանքը: Սակայն ԱԺ ղեկավարությունը դժվար թե նման ծայրահեղ քայլերի դիմի եւ պատգամավորին դատի տա՝ հաշվի առնելով ներկայիս օրենսդիրների միմյանց հետ սերտ ընկերական-բարեկամական ու խնամիական կապերն ու հարաբերությունները:
Ինչ վերաբերում է անհարգելի բացականերին, ապա նրանց հարգելի կամ անհարգելի են ճանաչում եւս իրենց գործընկերները՝ փակ քվեարկությամբ:
«Առավոտը» աշխատանքի տեսչությունից հետաքրքրվեց, արդյոք օրենքը գործատուին թո՞ւյլ է տալիս բացակայությունների համար աշխատավարձից պահումներ կատարել, թե՞ դա էլ պետք է իրականացվի դատարանի որոշմամբ: Տեսչության պետի տեղակալ Արմեն Սմբատյանը մեզ հետ զրույցում ասաց. «Նախ պետք է դեպքերն առանձին քննարկենք, հետո ասենք՝ դատարանի որոշո՞ւմ է պետք, թե՝ ոչ»: Երբ մենք դեպքը կոնկրետացրինք, նշելով, որ Հովիկ Աբրահամյանն է որոշել պատգամավորների աշխատավարձից պահումներ անել, պետի տեղակալը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ, այո, օրենքը թույլ է տալիս: Մարդկանց վճարում են աշխատելու համար: Սակայն, եթե կան կոնկրետ դեպքեր, ապա պետք է ուսումնասիրենք, ու պարզենք, թե ինչպես պետք է կատարվեն աշխատավարձի պահումները»:
«Առավոտը» ԱԺ-ից հետաքրքրվեց, արդեն հաշվարկե՞լ են, թե մեկ օրվա բացակայությունն ինչ արժե եւ արդյո՞ք սահմանվել է օրերի որոշակի քանակ, որից հետո նոր միայն կկիրառվի աշխատավարձից պահումների «պատիժը»:
Հարցրել էինք նաեւ, թե ընդհանուր առմամբ քանի՞ պատգամավոր է հարգելի պատճառներով բացակայել եւ ովքե՞ր են, այսպես ասած, «բժշկի թուղթ» ներկայացրել, քանի՞ պատգամավոր էլ անհարգելի բացակայություն ունեցել նախորդ եւ այս տարվա նստաշրջանների ընթացքում:
ԱԺ-ից մեր հարցերին պատասխանեցին միայն պատգամավորների բացակայությունների մասով, մնացած հարցերին խոստացան պատասխանել առաջիկայում:
Այսպես. 2010 թվականի աշնանային նստաշրջանից մինչ այս տարվա ընթացիկ նստաշրջանը՝ պատգամավոր Աշոտ Արսենյանը բացակայել է 116 քվեարկությունից, որի համար ոչ բժշկի թուղթ է ներկայացրել, ոչ էլ՝ գրություն: Լեւոն Սարգսյանը 290 բացակա ունի, որից 250-ը՝ «հարգելի պատճառներով»: Հարություն Փամբուկյանը քվեարկությանը չի մասնակցել 290 անգամ, որից 157 բացակայի համար բժշկի թուղթ է ներկայացրել: Տիգրան Արզաքանցյանը բացակայել է նույնպես 290 անգամ, որից 183-ի համար պատճառաբանել է առողջական խնդիրները: Պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը բացակայել է 159 անգամ, որից 52-ն է համարվել հարգելի: Ռուբեն Հայրապետյանը չի գնացել քվեարկության՝ 290 անգամ, նա բոլոր բացակա օրերի համար էլ բժշկի թուղթ է բերել եւ գրություն: Կարեն Վարդանյանը բացակայել է 147 անգամ, որից նրա բացակայությունը հարգելի է համարվել 20 անգամ: Սամվել Ալեքսանյանը քվեարկության չի ներկայացել 279 անգամ, որից նա հարգելի է պատճառաբանել 259-ը: Վերսանդ Հակոբյանը քվեարկության չի ներկայացել 33 անգամ՝ առանց հարգելի պատճառի: Սեդրակ Սարոյանը 234 բացակա ունի, որից հարգելի է համարվել 125-ը: Միքայել Վարդանյանը՝ 234 անգամ, որից 165-ի համար փաստաթուղթ է ներկայացրել: Խաչիկ Պետրոսյանը բացակայել է 206 անգամ, որից 52-ը՝ հարգելի պատճառով: Աշոտ Ափոյանը քվեարկության չի եկել 290 անգամ, որից 227-ը՝ հարգելի պատճառով: Մուրադ Գուլոյանը բացակայել է 121 անգամ, որից ոչ մի բացակայության համար փաստաթուղթ չի ներկայացրել: Գագիկ Ծառուկյանի բոլոր՝ 279 բացականերն էլ պատճառաբանված են: Սերյոժա Աբրահամյանը բացակայել է 250 անգամ, եւ ոչ մի բացակայության համար թուղթ չի ներկայացրել: Ալվարդ Պետրոսյանը քվեարկության չի եկել 276 անգամ, որից 181-ի համար գրավոր բացատրություն է ներկայացրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել