Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վրաստանը այնքան էլ գրավիչ չէ

Մայիս 19,2011 00:00

Երեկ ԱԺ-ում շարունակվել է նախորդ տարվա պետական բյուջեի հաշվետվությունը: Հաշվետվության ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը, ի պատասխան ԲՀԿ պատգամավոր Գոհար Ենոքյանի մտահոգությանը, որ Հայաստանից բիզնեսը հոսում է դեպի Վրաստան՝ հայ գործարարները նախընտրում են իրենց գործունեությունը ծավալել հարեւան երկրում, որտեղ ներդրումային եւ գործարար միջավայրն ավելի նախընտրելի է, ասել է, թե այդ կարգի լուրերը հաճախ են հնչում, բայց ՊԵԿ-ը չունի դրանք հաստատող փաստեր. «Որպես ՊԵԿ նախագահի տեղակալ, թվերից ելնելով՝ ասում եմ, որ խիստ չափազանցված եւ գերագնահատված են այն գնահատականները, որ Հայաստանի բիզնեսը տեղափոխվել է Վրաստան: Այս տարվա համար ուզում եմ ավելի համարձակ հայտարարություն անել, որ այն բարենպաստ պայմանները Վրաստանում, որոնք իբրեւ պետք է գրավեն մեր բիզնեսին, մենք նման ռեալ գնահատականներ եւ փաստեր մեր ձեռքի տակ չունենք: Իհարկե, ինտեգրման գործընթաց է, պետք է լինի այնտեղ, որտեղ բիզնեսն ավելի մեծ շահութաբերություն կապահովի: Բիզնեսն իր փողերը, իհարկե, հաշվել գիտի, բայց մեր ձեռքի տակ չկան կոնկրետ ճյուղերի կոնկրետ ներկայացուցիչների կոնկրետ ներդրումների փաստեր»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը: Նա ասաց նաեւ, որ հայ գործարարներն «էական» ներդրումներ չեն արել Բաթումում հյուրանոցային համալիրների շինարարության եւ բնակարանաշինության ոլորտներում: «Ես մի օրինակ բերեմ՝ վրացիները Հայաստանում լիմոնադ են արտադրում՝ «Կազբեկ», «Նատախտարի» ջրերի արտադրություն: Հիմա դա ուրախալի է, մրցակցություն է, որ մենք մեր զովացուցիչ ջրերի մակարդակը բարձրացնենք: Բայց մենք ինչ մրցունակ ապրանք ունենք, որ տանենք Վրաստանում տեղադրենք»,- հռետորական հարց է տվել ՊԵկ փոխնախագահը:
Բուն հաշվետվության մասով՝ ՊԵԿ փոխնախագահն ավելի հուսադրող է եղել: Նա ասել է, որ այս տարի պետբյուջեի մուտքերի 80%-ը ապահովել են 3000 խոշոր ձեռնարկատերերը: 325 առավել խոշորներն ապահովել են բյուջեի մուտքերի 50 տոկոսը, ինչը 15 տոկոսով ավելի է, քան 2009թ.: Նա հատկապես կարեւորել է, որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ մեր տնտեսության շարժիչ ուժը շինարարությունն էր, այժմ մեծ թափ է ստացել նաեւ լեռնահանքային արդյունաբերությունը, որն ապահովել է 2010-ի հարկային մուտքերի 18 միլիարդը՝ նախորդ տարվա զրոյական ցուցանիշի դիմաց:
Երեկ ԱԺ-ին իրենց հաշվետվություններն են ներկայացրել նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովները եւ Կադաստրի ու անշարժ գույքի պետական կոմիտեն: Կադաստրին 2010թ. բյուջեով հատկացվել է 33 մլրդ դրամ, բյուջեն կատարվել է 97 տոկոսով: Իրականացվել է 11 ծրագիր: Մասնավորապես բյուջետային միջոցները ծախսել են քարտեզագրության, աշխարհագրական տեղանունների հաշվառման, անշարժ գույքի շուկայի վերլուծությունների վրա: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին 2010թ. բյուջեով հատկացվել է 415 մլն դրամ՝ աշխատակազմի համար: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշել է, որ իրենք 2010թ. ապահովել են 9 մլրդ-ի մուտքեր, ինչը 300 մլն-ով ավելի է, քան 2009թ.: Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին նույն տարում հատկացվել է 202 մլն դրամ, իսկ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը խոստացել է ավելի ջանադրաբար աշխատել եւ նոր բացահայտումներ անել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել