Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՈՐ «ԶՎԱՐԹՆՈՑԸ»՝ ՄԻ ՔԱՆԻ ԱՄՍԻՑ

Մայիս 19,2011 00:00

\"\"«Արմենիա միջազգային օդանավակայանների» տնօրինությունը վստահ է,  որ նոր համալիրից գոհ կմնան ամենաքմահաճ ուղեւորները:

Այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին շահագործման կհանձնվի Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի նոր համալիրը: Մինչ շահագործումը, երեկ օդանավակայանի տնօրինությունը լրագրողների համար շրջայց էր կազմակերպել: Օդանավակայանի հանրային գոտու տերմինալի շինարարությունը կամբողջացնի նոր համալիրը: Շինարարության ընդհանուր ծավալը 244 մլն ԱՄՆ դոլար է, մինչ այս պահը ծախսվել է 160 մլն-ը: Նոր համալիրի ընդհանուր մակերեսը 34 հազար քմ է, 20 հազար քմ տարածքը նախատեսված է ավտոկանգառի համար, որտեղ շուրջ 600 մեքենա կկարողանա կայանել:
«\"\"Այս համալիրի գլխավոր առավելությունը հաշվառման սրահն է: Գործող համալիրում հերթերի տեղերը սահմանափակ էին, չկային բավարար հաշվառման սրահներ, եւ ավիաընկերություններն ի վիճակի չէին լինում լավ ծառայություններ մատուցել ուղեւորներին, այստեղ այդ ծառայությունները մատուցելն ավելի հարմարավետ կլինի, Duty free խանութները կունենան կրկնակի ծավալ եւ ի վիճակի կլինեն ավելի շատ հայկական ապրանքատեսակներ վաճառել, հարմար կլինի նաեւ ավտոկանգառը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Արմենիա միջազգային օդանավակայանների» գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն: Մեր զրուցակիցը վստահ է, որ նոր համալիրից գոհ կմնան անգամ ամենաքմահաճ ուղեւորները՝ ոչ միայն հայերը, այլեւ Հայաստան ժամանող հյուրերը, իսկ ծառայությունները, օդանավերի սպասարկման որակն ապագայում կլինեն ավելի որակյալ, քան Թուրքիայում կամ հարեւան մյուս երկրներում:
«Արմենիա միջազգային օդանավակայանների» տնօրենի տեղակալ Անդրանիկ Շխյանի տեղեկացմամբ, նոր համալիրը, որն ամբողջովին կհամապատասխանի միջազգային B դասի օդանավակայաններին, հնարավորություն կտա կրկնապատկել ներկա օդանավակայանի գործող հնարավորությունները: Նրա փոխանցմամբ, մեր օդանավակայանը տարածաշրջանում երկու անգամ ավելի մեծ հնարավորություն կունենա թե՛ ուղեւորներ սպասարկելու առումով եւ թե՛ կիրառվող տեխնոլոգիաներով:
Նոր համալիրի հաշվառման սրահում կլինեն 46 հաշվառման սեղաններ՝ ներկայիս 24-ի փոխարեն, ինչը, Ա. Շխյանի համոզմամբ, հնարավորություն կտա խուսափել հերթերից: Կլինի նաեւ մեկնումի եւ ժամանման ավելի ընդարձակ տարածք: Նոր համալիրը կունենա 40% ապակեպատ տանիք, որը սարքավորված կլինի ապակե շերտավարագուրային համակարգով, ինչը կնվազեցնի արեւի ուղիղ ճառագայթումը հարավից, սակայն թույլ կտա, որ արեւի լույսը ներթափանցի: Ի դեպ, գունավոր ապակեպատ տանիքը գերմանական ընկերության թուրք աշխատակիցների ձեռքի գործն է: Այս առումով պարոն Շխյանը անվտանգության ու թուրքական ճաշակի խնդիր չի տեսնում, որովհետեւ դիզայնն արվել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության կողմից, գույներն ընտրելիս էլ հաշվի են առնվել ոչ թե թուրքական, այլ հայկական դրոշի գույները:
«Համալիրն ամբողջությամբ ապահովված կլինի բոլոր անհրաժեշտ պարագաներով, որ ունենանք տրանզիտ ուղեւորներ, եւ կմնա հիմնականում ավիաընկերությունների աշխատանքը»,- նշեց Ա. Շխյանը: Ավելի ուշ հավելեց, որ այժմ տարվա կտրվածքով «Զվարթնոցն» ունենում է 1 մլն 600 հազար ուղեւոր, իսկ շինարարության ավարտից հետո մասնաշենքը կարող է ընդունել 3 միլիոնից ավելի ուղեւոր: Տնօրենի տեղակալի խոսքով, վերջին 4 տարիների ընթացքում ունեցել են ուղեւորների 8-12% աճ:
Ինչ վերաբերում է սակագների հնարավոր փոփոխմանը, Ա. Շխյանն ասաց, որ 2002 թվականից ի վեր սակագները չեն փոխվել, եւ առաջիկայում էլ որեւէ փոփոխություն չի նախատեսվում: Նրա համոզմամբ, Վրաստանի, Ադրբեջանի եւ որոշակիորեն նաեւ Թուրքիայի օդանավակայանների համեմատությամբ, մեր օդանավակայանի սակագները մրցունակ են. «Մենք չենք մրցում Փարիզի կամ Վիեննայի օդանավակայանների հետ, բայց մեր օդանավակայանն ավելի էժան է, քան Վիեննայի կամ Լոնդոնի օդանավակայանը»: Ա. Շխյանի խոսքով, ապագայում «Զվարթնոցը» կլինի ոչ միայն օդանավակայան, այլեւ կոմերցիոն կենտրոն, որտեղ կլինեն սրճարաններ, խանութներ եւ այլն:
Ա. Շխյանը հավաստիացրեց, որ նոր համալիրի շահագործումից հետո օդանավակայանի հին շենքը կպահպանվի եւ կգործի որպես կառավարման ադմինիստրատիվ կենտրոն կամ համաժողովներ կազմակերպելու հարմար վայր: Տնօրենի տեղակալը տեղեկացրեց նաեւ, որ օդանավակայանը մինչեւ ընթացիկ տարվա վերջ կունենա նաեւ նախագահական մասնաշենք, որը նախատեսված կլինի բարձրաստիճան հյուրերի, մասնավորապես՝ նախագահների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել