Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում չի կարող օտարալեզու դպրոց բացվել

Մայիս 19,2011 00:00

Արդյոք այդ մասին չգիտի՞ քաղաքապետը

Մայիսի 13-ին քաղաքապետարանը տարածեց հաղորդագրություն Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի ու Թաիլանդի եւ Միացյալ Թագավորության Ռիջենթս դպրոցի հիմնադիր նախագահ Վիրաչայ Թեչավիչիթի հանդիպման մասին: «Հաշվի առնելով Ռիջենթսի միջազգային ճանաչումը, ինչպես նաեւ բարձր գնահատելով դպրոցի կրթական ծրագրերի մակարդակը՝ Կարեն Կարապետյանը հյուրին առաջարկել է Երեւանում նույնպես հիմնել ավանդույթներով հարուստ նմանատիպ դպրոց,- նշված էր հաղորդագրության մեջ:- Վիրաչայ Թեչավիչիթը պատրաստակամություն է հայտնել բազմակողմանի վերլուծել առաջարկն ու խոստացել է մինչ Թաիլանդ վերադառնալը ներկայացնել հստակ առաջարկների փաթեթ»:
Այս կապակցությամբ մեջբերումներ անենք այն հայտարարությունից, որն անցած տարվա հուլիսի 6-ին, ի պատասխան «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի ուղարկած նամակի՝ արել էր նույն Վիրաչայ Թեչավիչիթին: Պարզաբանելով, թե ինչու թեեւ 2009թ. հունիսին ՀՀ վարչապետի հետ քննարկել էր Հայաստանում Ռեջենթի դպրոցի մասնաճյուղի հիմնման հնարավորությունը՝ գործընթացը չշարունակվեց՝ նա նշել էր մասնավորապես հետեւյալ պատճառները. «Ներկա պահին Հայաստանում չկա հայրենադարձների եւ օտարերկրացիների համայնքի բավականաչափ կրիտիկական զանգված: Օտարերկրացիների երեխաների մեծ թվաքանակն էական է՝ որպես իրապես միջազգային դպրոց դրա գործունեությունը եւ բարգավաճումը հնարավոր դարձնելու համար: Սա կլինի միայն այն ժամանակ, երբ օտարերկրյա ներդրումները, միջազգային առեւտրական եւ դիվանագիտական գործունեությունը կբարձրանան ընդունելի մակարդակի վրա», «Հայաստանը դեռեւս չի տուժում, կորցնելով հսկայական քանակի արտարժույթ, Միացյալ Թագավորության եւ ԱՄՆ-ի նման թանկարժեք երկրներում մեծաթիվ հայերի ուսուցման պատճառով: Այսպիսով, միջազգային դպրոցի հիմնումը Հայաստանում անհրաժեշտ չէ՝ արտարժույթ տնտեսելու առումով, ինչպես դա եղավ Թաիլանդում, երբ 1992թ. փոխվեց օրենքը, քանի որ միայն ՄԹ-ում սովորում էին 20000 երիտասարդ թայ ուսանողներ», «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը (համալսարանները) համատեղելի չեն միջազգային բակալավրիատի (IB) կամ Ա մակարդակի (A Level) շրջանավարտների հետ: Եվ այսպիսի անգլիալեզու կրթությամբ (եթե երբեւէ հիմնադրվի) շրջանավարտները պետք է շարունակեն իրենց կրթությունը արտերկրում: Սա կարելի է համարել ոչ արդյունավետ մոտեցում»: Այս ամենից հետո նա նշել էր. «Այսպիսով, տեսանելի ապագայում Հայաստանում Ռեջենթի դպրոցի մասնաճյուղի հիմնադրման պլաններ չկան»: Վիրաչայ Թեչավիչիթին դեռ այն ժամանակ էր նկատել, որ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունները չեն թույլատրում Հայաստանում լիովին անգլերեն լեզվով գործող միջազգային դպրոց, որտեղ կուսանեին 3 տարեկան հասակից. «Կարծում եմ, որ չափազանց վաղ է Հայաստանում նման միջազգային դպրոցի հիմնումը, եւ այն չի ունենա այնպիսի էական առավելություն, որը կարդարացներ առկա լուրջ մտահոգությունները»:
Թերեւս այս ամենին եւ ընդունված օրենքին այնքա՞ն էլ տեղյակ չէ Երեւանի քաղաքապետը, այլապես կիմանար, որ միջին դասարաններից սկսած օտարալեզու կրթություն իրականացնող 2 դպրոցներ կարող են գործել միայն մարզերում, իսկ Երեւանում՝ բացառապես 9 ավագ դպրոցներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել