Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՉԵՆ ՊԱՇՏՊԱՆԻ

Մայիս 19,2011 00:00

Այն պարզ պատճառով, որ Ռուսաստանը չի վճարում դրանց գոյության համար

2012 թվականի հունվարին լրանում է Ադրբեջանի «Գաբալա» ռադիոլոկացիոն կայանի վարձակալության ժամկետը, եւ Ադրբեջանը մտադիր է ռուս-ադրբեջանական վարձակալության պայմանագիրը վերանայել, նոր կետեր մտցնել: Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության, իրենք մտադիր են բարձրացնել վարձը, պահանջել, որ բնության վրա կայանի ազդեցությունը մեղմելու նոր միջոցառումներ անցկացվեն, կայանում աշխատողների մեջ ավելանա ադրբեջանցիների քանակը, ռուսները իրավունք չունենան առանց Ադրբեջանի համաձայնության երրորդ կողմին հանձնել կայանի միջոցով ստացված տեղեկությունները: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հիշեցնում է, որ անգամ պետությունը չեղյալ է հայտարարել մինչեւ 1997 թվականը կայանի ծախսած էլեկտրաէներգիայի վարձը եւ յոթ միլիոն դոլարով ռուսների վարձակալությանն է հանձնվել 2002 թվականից: Նկատենք, որ 1985 թվականից գործող կայանը հնարավորություն է տալիս վերահսկել Իրանի, Հայաստանի, Թուրքիայի, Մերձավոր Արեւելքի երկինքը: Ադրբեջանի այս պահվածքում տարօրինակ ոչինչ չկա: Անգամ գովելի է, փորձում են վերաարժեւորել իրենց դերը ռուս-ադրբեջանական հարաբերություններում: Ընդհանրապես, աշխարհում ընդունված կարգ կա. երբ պետությունները տեղակայում են իրենց ռազմաբազաները տարբեր երկրներում՝ վճարում են դրա դիմաց: Ավելին, շատ ու շատ փոքր երկրներ համաձայնվում են ռազմաբազայի տեղակայմանն իրենց երկրում ոչ միայն կամ ոչ այնքան ռազմաքաղաքական տեսանկյունից ելնելով, այլ զուտ տնտեսական դրդապատճառներից, քանի որ «նստավայր» երկրին բավականին մեծ գումարներ են վճարվում, տվյալ երկրի սպաները եւ զինվորները ծառայում են այդ բազաներում, ինչը նույնպես ուղղակի տնտեսական հարց է հոգում: Ի դեպ, կապված աշխարհում գների փոփոխության հետ՝ պարբերաբար վերանայվում եւ իրավիճակին են համապատասխանեցվում ռազմաբազաների մասին պայմանագրերը, քանի որ ռազմաբազա ունեցող երկիրը նախեւառաջ իր ստրատեգիական շահն է հետապնդում տվյալ տարածքում, ինչի համար, բնականաբար, պետք է վճարի: Ավելի հանրամատչելի եւ բիզնեսային լեզվով ասած՝ ռազմաբազան նաեւ ներդրում է տվյալ երկրում: Ընդամենը մեկ բացառություն կա աշխարհում, երբ երկիրը, որտեղ տեղակայված է ռազմաբազա, ինքն է հոգում բոլոր ծախսերը: Դա Հայաստանն է՝ ռուսական ռազմաբազաներով: Անգամ ռուսական քաղաքական շրջանակներում է այս փաստը ծաղրով ու հեգնանքով  մեկնաբանվում եւ դիտարկվում է որպես Հայաստանի թուլության եւ ոչ սուվերենության նշան: Մինչդեռ ԽՍՀՄ նախկին բոլոր երկրներում, որտեղ ռուսական ռազմաբազաներ են տեղակայված, ասենք՝ Ղրղըզստանում, Ղազախստանում, Ռուսաստանը բավականին մեծ գումարներ է վճարում՝ ոչ միայն հողի վարձակալության, այլեւ հոգում է, այսպես կոչված, սոցիալական ծախսերը: Այդ առումով միակ անհասկանալին Հայաստանն է, որը ոչ միայն ՌԴ-ից վարձակալության գումար չի վերցնում, այլեւ ՀՀ բյուջեից վճարում է մնացյալ բոլոր ծախսերը: Խոսքը բնավ էլ ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների տեղակայմանը չի վերաբերում: Ավելին, տարածաշրջանային խնդիրներից եւ հարաբերություններից ելնելով՝ միանգամայն տրամաբանական է ՀՀ-ում հենց ռուսական ռազմաբազաների գոյությունը, բայց դրանք նախեւառաջ պաշտպանում են Ռուսաստանի շահը այս տարածաշրջանում: Հիշեցնենք, որ 1995 թվականին, երբ ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների տեղակայման հարցն առաջացավ, այն ժամանակ ծախսերը 50/50-ի սկզբունքով էին: Այդտեղ, գուցե, տրամաբանություն կար՝ ելնելով տվյալ պահի քաղաքական իրավիճակից: Մինչդեռ զարմանալի եւ անհասկանալի է, թե ինչո՞ւ 2000 թվականին այդ պայմանագրերում փոփոխություններ կատարվեցին, եւ բոլոր ծախսերը ստանձնեց Հայաստանը: Դա այն շրջանն էր, երբ Հայաստանի ռազմավարական նշանակության մի քանի ոլորտներում բոլոր կարեւորագույն օբյեկտները՝ «Գույք պարտքի դիմաց» հայտնի ծրագրով, նվիրաբերվեցին Ռուսաստանին: Այդ առիթով երեկ «Առավոտի» հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նկատեց, որ այս ամենում հիմնական դերակատարում ունեցավ այն, որ այդ ժամանակվա Հայաստանի իշխանությունը խնդիր ուներ ամրապնդելու իր դիրքն ու իշխանությունը, ու ՀՀ-ում ռուսական ազդեցության մեծացումը հիմնականում դրանով էր պայմանավորված: Այլապես որեւէ տրամաբանության մեջ չի մտնում նման պայմաններով ռազմաբազայի գոյությունը. «Մանավանդ, եթե հաշվի առնենք Ռուսաստանի այն ժամանակվա բարդ հարաբերությունները Ադրբեջանի եւ Վրաստանի հետ, ակնհայտ էր, որ այս բազայի դերը Ռուսաստանի համար էլ շատ մեծ էր, եւ նա կհամաձայներ Հայաստանի կողմից առաջադրվող ցանկացած պայմանի: Որքան էլ զարմանալի է, հենց Հայաստանը զիջեց: Բայց այստեղ վտանգավոր բան կա: Որքան էլ որոշ քաղաքական գործիչներ պնդեն, ես հավատացած եմ, որ եթե Ռուսաստանը չի հոգում իր բազայի ծախսերը, վաղը նա այդ բազայով քեզ չի էլ պաշտպանի: Լավագույն դեպքում, կհանի իր սպայական կազմը եւ վերջ»: Մինչեւ վերջ ազնիվ լինելու համար մեր զրուցակիցը նաեւ նկատում է, որ հայաստանյան քաղաքական էլիտայի ընդհանուր միջին որակը նաեւ նպաստեց հայկական շահի ստորադասմանը. «Եթե էլիտայում դժգոհություններ լինեին, նման ոչ հավասար պայմաններով հնարավոր չէր լինի Ռուսաստանի հետ աշխատել: Դա նաեւ էներգետիկայի եւ արդյունաբերության ոլորտին է վերաբերում: Այստեղ նաեւ միգուցե կոռուպցիոն սխեմաներ են աշխատում, ու դա էր պատճառը, որ մինչ օրս չեն վերանայվել այդ պայմանագրերը, քանի որ ռուսական կողմը խախտել է դրանք, եւ այդ գործարանները մինչ օրս չեն աշխատում»:
2010 թվականի օգոստոսի 20-ին փոփոխություններ մտցվեցին Հայաստանում ռուսական ռազմաբազաների վերաբերյալ պայմանագրում՝ դրանց ժամկետը երկարաձգելով 49 տարով: Նաեւ՝ «Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազան, բացի Ռուսաստանի շահերը պաշտպանելու գործառույթ իրականացնելուց, ՀՀ զինված ուժերի հետ համատեղ ապահովում է այդ հանրապետության անվտանգությունը: Այդ նպատակներին հասնելու համար Ռուսաստանը աջակցում է Հայաստանը ժամանակակից եւ համատեղելի զինատեսակներով, ռազմական (հատուկ) տեխնիկայով ապահովելու գործում»: Վարձակալության պայմանները չվերանայվեցին: Տպավորություն է, որ ներկայիս իշխանությունն էլ է փորձում իր դիրքերը ամրապնդել սեփական երկրում Ռուսաստանի օգնությամբ, այլապես ինչո՞ւ չեն փորձում մեր երկրի համար արժանապատիվ դիրք ապահովել:
Ի դեպ, այս համատեքստում հետաքրքիր հարաբերություններ ձեւավորվեցին նաեւ ռուս-ուկրաինական հարաբերություններում, երբ իր նախագահության առաջին օրերին Յանուկովիչը պառլամենտին հորդորեց համաձայնություն տալ ռուսական ռազմաբազայի տեղակայմանն արտոնյալ պայմաններով, փոխարենը ակնկալվում էր, որ Ռուսաստանը Ուկրաինային մատչելի գնով գազ կմատակարարի: Թանկ գազը եւ արտոնյալ պայմաններով բազան այսօր ռուս-ուկրաինական հարաբերությունների հիմնական կնճիռն են: Իսկ մեր իշխանությունը գազի գնի շուրջ ընթացող մշտական «բազարներում» չի էլ փորձում բարձրացնել ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների տեղակայման պայմանների վերանայման հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել