Անցյալ տարվա օգոստոսի 5-ի որոշմամբ Երեւանի էստրադային եւ արվեստի ջազային պետական քոլեջը եւ Երեւանի մշակույթի պետական քոլեջը վերակազմակերպվել են, ըստ որի՝ Երեւանի էստրադային եւ արվեստի ջազային քոլեջը միանում է Երեւանի մշակույթի պետական քոլեջին:
Սակայն Երեւանի էստրադային եւ արվեստի ջազային պետական քոլեջը այդ մասին իմացել է հունվար ամսին եւ արդեն իսկ հասցրել է բողոքել, նամակներ գրել մշակույթի նախարարին եւ վարչապետին, սակայն մի որոշ ժամանակ նրանց լռեցնելուց հետո օրերս պարզ է դարձել, որ Երեւանի մշակույթի պետական քոլեջի վերակազմակերպման հարցը շարունակում է օրակարգում մնալ: Ջազային պետական քոլեջի դասախոսները եւ ուսանողները բողոքում են մշակույթի նախարարի որոշման դեմ՝ համարելով այն աններելի: Երեկ նրանք կրկին հանդիպեցին լրագրողների հետ: lragir.am-ի մատուցմամբ, քոլեջի դասախոսներից Գեւորգ Անդրիկյանն այն կարծիքին է, որ եթե որոշել են օպտիմալացման ճանապարհով գնալ, լավ կլիներ պետական այրերը մի քանի նախարարություններ իրար միացնեին, օրինակ՝ մշակույթի նախարարությունը սփյուռքի նախարարության հետ, արդյունքում մի քանի հաստիք կվերանար, եւ մեկ նախարարի աշխատավարձով հնարավոր կլինի պահել քոլեջ: Դասախոսներից Անահիտ Մազմանյանն էլ զարմացել է, որ Հասմիկ Պողոսյանը օրերս ԱԺ հարցեւպատասխանի ժամանակ ասել է, թե երկու քոլեջների միացման արդյունքում մտադիր են ստեղծել բազային քոլեջ, ինչը, դասախոսի խոսքերով, առիթ է տալիս եզրակացնելու, որ Հասմիկ Պողոսյանը «բազային» բառի նշանակությունը չի հասկանում. «Բազային քոլեջ ունի Գյուղինստիտուտը, Մանկավարժական համալսարանը, Բժշկականը եւ այլն, հիմա երբ ասում է՝ ուզում է երկու քոլեջներից մեկ բազային քոլեջ ստեղծի, հարց է առաջանում՝ ո՞ր բուհի համար»: