ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում նախորդ օրը շարունակվեց Արմեն Դանիելյանի, Մարգո Սիմոնյանի եւ Աիդա Հովհաննիսյանի մասնակցությամբ՝ ԱԱԾ աշխատակից Վլադիմիր Կոթոլյանի բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ ԱԱԾ աշխատակից Վլադիմիր Կոթոլյանը 4000 դոլար կաշառք ստանալու համար 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել: Նա 2009թ. նոյեմբերի 19-ից գտնվում է կալանավայրում:
Սակայն պարզվեց, որ թմրամոլության համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հովիկ Գեւորգյանը երկրորդ անգամ կալանավայրից նամակ է ուղարկում դատարան, որով հայտնում է, որ ինքը կաշառք չի տվել Կոթոլյանին եւ սուտ ցուցմունք է տվել, քանի որ իրեն իրավապահները խոստացել էին պատժի կրումից ազատել: Մենք տեղեկացրել էինք, որ մի քանի նիստ առաջ էլ Կոթոլյանի պաշտպանական կողմը միջնորդել էր դատաձեռագրաբանական փորձաքննության ենթարկել Գեւորգյանի նամակը:
Սակայն գործը դրան չհասավ, քանի որ դատարանում այս պահին առկա է Գեւորգյանի երկրորդ նամակ-հայտարարությունը: Դատախազ Աշոտ Նադոյանը ժամանակ է խնդրել, որպեսզի հայտնի իր դիրքորոշումը:
Կոթոլյանի պաշտպանները միջնորդել են արդարացնել իրենց պաշտպանյալին: