Մայիսի 22-ին Կիպրոսում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ: Հայկական համայնքն իրավունք ունի մեկ պատգամավորով ներկայացվել խորհրդարանում, որի համար էլ հայերի ներսում ընտրություններ են տեղի ունենալու: HayNews.am-ի հետ զրույցում պատգամավորի երկու թեկնածուներից մեկը՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության աջակցությունը վայելող անկուսակցական Անդրանիկ Աշճյանն ասել է, որ «հակառակ կողմը ահաբեկման, սպառնալիքների քաղաքականություն է բանեցնում»: Ըստ նրա՝ «Ժողովուրդը հոգնել է այն սպառնալիքներից, որ հակառակ ճակատը՝ պարոն Մահտեսյանի գլխավորությամբ, բանեցնում է: Նրանց սպառնում են ընտրվելու դեպքում չօգնել, ազատել աշխատանքից»:
Աշճյանի մրցակիցը Վարդգես Մահտեսյանն է, ով 5 տարի եղել է պատգամավոր: Նա հայկական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նկատել էր, թե «Անդրանիկ Աշճյանը, ով մեծ կապեր ունի երկրի կառավարական շրջանակներում, ցուցակներից հանել է բոլոր այն մարդկանց անունները, ովքեր կիսով չափ են հայ՝ միայն մոր կողմից»: Այս մեղադրանքին Աշճյանը պատասխանել է. «Նման բան չկա: Նախ, բոլոր ընտրություններին մասնակցում են միայն այն անձինք, ովքեր հայկական անուն-ազգանուն ունեն: Ինչ վերաբերում է միայն մոր կողմից հայկական արմատներ ունեցողներին, սա առաջին դեպքն է, որ իրենք պետք է մասնակցեն, սակայն միայն նրանց անուններն են գրել ընտրական ցուցակներում, ովքեր պաշտպանում են մեր մրցակից թեկնածուին: Իսկ ինչ վերաբերում է այն լուրերին, թե իբր ես կառավարական շրջանակներում կապեր ունեմ, պետք է ասեմ, որ պարոն Մահտեսյանն է, որ 5 տարի պատգամավոր է եղել, եւ նրա դիրքն այդ առումով շատ ավելի զորավոր է: Ես առաջարկել եմ իմ մրցակցին ոչ թե դիմել ահաբեկման, մարդկանց սպառնալ, այլ նստել բանավեճի, բոլորի աչքի առջեւ հարցեր բարձրացնել: Նա, սակայն, հրաժարվեց: Երեկ ես կիպրական պետական հեռուստատեսության հյուրն էի, պարոն Մահտեսյանը նույնպես կարող էր գալ, սակայն չեկավ: Մենք կարող էինք 15 րոպե բանավիճել ուղիղ եթերով»:
Անդրանիկ Աշճյանը հույս է հայտնել, որ անկախ արդյունքներից՝ թե հաղթող եւ թե պարտվող կողմը քաղաքակիրթ դիրքորոշում կցուցաբերի: