Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՔ՝ ԽՈՍԵ՛Ք

Մայիս 19,2011 00:00

ԱԺ քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության դիտարկումն անուղղակի ապացույց է, որ խորհրդարանում ելույթ ունենալուց եւ հարցեր տալուց բացի՝ ընդդիմությունը գրեթե հնարավորություն չունի անցկացնելու սեփական օրենսդրական նախաձեռնությունները:

\"\"

«Մանդատ» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը երեկ հրապարակեց 2007 թվականից սկսված «Ազգային ժողովի քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագրի արդեն 3-րդ զեկույցը: «Մանդատի» ղեկավար Լուսինե Վասիլյանը ներկայացրեց նաեւ ԱԺ պատգամավորների եւ խմբակցությունների գործունեությունն արտացոլող https://
parliamentmonitoring.am/data/ համակարգչային ծրագիրը: Այստեղ հավաքագրված են տվյալներ 2010 թվականի աշնանային նստաշրջանից սկսած՝ ամենաշատը «կողմ» եւ «դեմ» քվեարկածների, ամենաշատ ելույթներ ունեցածների կամ հարցեր տվածների, ամենաշատը քվեարկածների, ամենաշատը բացակայածների վերաբերյալ: Այդ տասնյակներում ընդգրկված պատգամավորներից մի քանիսից խնդրեցինք մեկնաբանություններ:
Ամենաշատը բացակայել են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Հարություն Փամբուկյանն ու Ռուբեն Հայրապետյանը. երկուսն էլ ԱԺ 238 քվեարկություններից չեն մասնակցել 237-ին: Այդ մի քվեարկության ընթացքում էլ գրանցված են եղել, բայց չեն քվեարկել: Հարություն Փամբուկյանը տեւական շրջան է՝ բացակայում է Հայաստանից: Ռուբեն Հայրապետյանը մեր հարցին, թե ինչու չի մասնակցում նիստերին՝ պատասխանեց. «Ես զբաղված եմ ֆուտբոլով եւ չեմ հասցնում գնալ ԱԺ: Բայց լրագրողների խաթեր՝ առաջիկա քառօրյային կգամ խորհրդարան»: Բացակայողների տասնյակում գրեթե բոլորը գործարար պատգամավորներ են: Սակայն իր բացակայությունների թվով 3-րդ տեղում է հայտնվել ՀՅԴ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը՝ 234 բացակա: «Ես էլ ինտելեկտուալ օլիգարխ եմ: Ինչ է պատահել՝ միայն փողո՞վ է հարստությունը հաշվում: Ուրեմն, մխիթարվենք դրանով,- այսպես արձագանքեց տիկին Ալվարդը մեր հարցին, թե ինչպես է բացատրում, որ հայտնվել է օլիգարխների շարքում:- Մի տարբերությամբ՝ ես չգիտեմ, թե մյուսներն ինչպես, բայց իմ բացակայություններն իսկապես հարգելի են: Բժշկական լուրջ հսկողության տակ եմ: Այնուամենայնիվ, մարդկային ակտիվությունս (դա երեւի իմ գրողական մասնագիտության հետ է կապված) պահպանում եմ մամուլով: Դա կապ չունի ԱԺ պատգամավոր լինել-չլինելու հետ: Բայց ուղեղս հիվանդ չի, էլի, աշխատում եմ»:
Ամենաշատը ելույթներ են ունեցել կամ հարցեր տվել գերազանցապես խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները: Լուսինե Վասիլյանն այս կապակցությամբ մի մեջբերում արեց. «Եթե փոքրամասնության մեջ եք՝ խոսեք, եթե մեծամասնության մեջ եք՝ քվեարկեք»: Սակայն ամենաշատը ելույթ ունեցած պատգամավորների տասնյակի մեջ կան նաեւ կոալիցիայի ներկայացուցիչներ՝ Էռնեստ Սողոմոնյանը, Ռաֆիկ Պետրոսյանը, Արայիկ Հովհաննիսյանը եւ Հովհաննես Մարգարյանը: Այնուամենայնիվ՝ գլխավորում են ցուցակը ընդդիմադիրները՝ Լարիսա Ալավերդյանը, Արծվիկ Մինասյանը եւ Ստյոպա Սաֆարյանը: Մանավանդ «Ժառանգության» վերաբերյալ այս ցուցանիշն ուշագրավ է՝ հաշվի առնելով, որ խմբակցությունը տեւական ժամանակ բոյկոտում է նիստերը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանին այս տվյալները ե՛ւ ուրախացրել էին, ե՛ւ տխրեցրել. «Այս վիճակագրությունն իսկապես շատ խոսուն է: Եվ հետադարձ հայացք նետելով՝ տեսնում ես, որ իսկապես շատ օրենքների վերաբերյալ կարծիքներ ես հայտնել, առաջարկներ ներկայացրել: Ցավոք, նաեւ առանց վիճակագրական որեւէ ցուցանիշի՝ հիմա էլ է ակնհայտ, թե ինչու փետրվարի 28-ին խմբակցությունով դուրս եկանք ԱԺ նիստերի դահլիճից: Զեկույցում ամրագրված է, որ մեծաքանակ օրինագծեր ենք ներկայացրել, որոնցից որեւէ մեկը չի ներառվել օրակարգում»: Ընդմիջենք, ներկայացնելու համար, թե ըստ զեկույցի «Նստաշրջանը թվերով» բաժնի՝  գարնանային նստաշրջանի ընթացքում ընդունված օրենքներից միայն մեկի տակ կա «Ժառանգության» ներկայացուցչի ստորագրություն: Ընդ որում, այս միակ օրինագիծը՝ «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ժառանգության» անդամ Լարիսա Ալավերդյանից բացի, ունի համահեղինակներ նաեւ այլ խմբակցություններից: «Միայն «Ժառանգության» հեղինակած եւ շրջանառության մեջ դրված 6 նախագիծ էլ օրակարգ չի ընդգրկվել»,- գրված է զեկույցում, որտեղ նաեւ արձանագրված են «Ժառանգության» այն նախաձեռնությունները, որոնք մերժվել են առաջին ընթերցմամբ քննարկվելուց հետո: «Եվ վիճակագրությունը շատ դառը իրողություն է փաստում՝ Հայաստանի խորհրդարանում այլընտրանքային տեսակետներ ներկայացնելով համոզելու եւ խորհրդարանական մեծամասնության պատգամավորների քվեարկությունը ստանալու հնարավորությունն՝ ի տարբերություն այլ երկրների խորհրդարանների, իսպառ բացառվում է»,- «Առավոտին» ասաց Ստյոպա Սաֆարյանը, որը ծրագրի քննարկման ժամանակ էլ փաստեց, թե խորհրդարանական փոքրամասնությունն ընդամենը ապահովում է «քննարկման դեկորացիան»:
Ամենաշատը «դեմ» քվեարկած պատգամավորների տասնյակում էլի «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչներն են: Սակայն գլխավորում է ցուցակն անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը՝ իր 32 «դեմ» քվեարկություններով: ԱԺ նախկին նախագահը մեր զրույցի ընթացքում այսպես արձագանքեց այդ տվյալներին. «Նախ, կարծում եմ՝ օրենքների հետ կապված քվեարկությունների առումով վերացական թվերը դեռեւս ոչինչ չեն ասում: Ընդհանրապես՝ շատ կարեւոր է թվերի բովանդակությունը: Օրինակ, եթե մարդիկ «կողմ» են քվեարկում օրակարգի հաստատմանը, եթե ինչ-որ արտառոց նախագծի հետ կապված խնդիր չկա՝ սա էլի ոչինչ չի նշանակում: Հետեւաբար՝ «կողմ» եւ «դեմ» ձայների հետ կապված պետք է տարբերակումներ դնել, գուցե անգամ խմբերի բաժանել եւ համեմատությունն անել ըստ դրա, այսինքն՝ ըստ բովանդակության: Ինչ վերաբերում է շատ կամ քիչ «դեմ» քվեարկությանը, ապա նման հարցադրումն էլ, կարծում եմ, տեղին չէ, քանի որ «դեմ» քվեարկել որեւէ օրենքի նախագծի՝ նշանակում է դեմ լինել այդ նախագծում եղած որեւէ գաղափարի, մոտեցման եւ սկզբունքի: Եվ յուրաքանչյուր նախագիծ ունի իր բացատրությունը: Հետեւաբար՝ ուղղակի հաշվելը ու դրանից ինչ-որ հետեւություններ անելը, կարծում եմ, առանձնապես կոռեկտ չէ»:
Ամենաշատը կողմ են քվեարկել, բնականաբար, ՀՀԿ ներկայացուցիչ պատգամավորները: Իսկ ամենաշատն են քվեարկել Հրանտ Գրիգորյանն ու Գագիկ Մելիքյանը՝ նրանք փաստորեն մասնակցել են բոլոր 238 քվեարկություններին, որոնցից համապատասխանաբար 237-236-ի դեպքում քվեարկել են կողմ: Գագիկ Մելիքյանը մեր հարցին, թե փաստորեն բոլոր դեպքերում իր համար լիովին ընդունելի՞ են եղել ներկայացված օրինագծերը՝ պատասխանեց հարցով. «Բա 2 «դեմ» քվեարկությունը քի՞չ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել