Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ԳՏՆՎՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԱՆԸ»

Մայիս 19,2011 00:00

\"\"Երեկ ԱԺ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը:

«Դուք Եվրոպական Միության համար կարեւոր, վճռորոշ հարեւան եք, հատկապես Հարավային Կովկասի տարածաշրջանի համար,- երեկ իր ասուլիսում նշեց Երեւանում գտնվող Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը:- Ես ուզում եմ վերհիշել Շառլ Ազնավուրի խոսքերը. «Ձմեռվանից հետո քեզ համար կյանքի ծառը կաճի, Հայաստան», սրանք շատ կարեւոր խոսքեր են: Մենք միմյանց հետ գործընկերություն ենք հաստատում, գործընկերություն ենք ստեղծում Հայաստանի բաց լինելու շնորհիվ»: Ըստ եվրոպացի պաշտոնյայի՝ «Հայաստանը բարեփոխումների ճանապարհով է ընթանում, դա Հայաստանի ընտրությունն է, Ձեր ժողովրդի, կառավարության, նախագահի, խորհրդարանի: Ես կարծում եմ՝ եթե մենք մեր քաղաքացիների համար ցանկանում ենք բարեկեցություն հաստատել, լավագույն ձեւը ժողովրդավարությունն է, մարդու իրավունքները, շուկայական տնտեսությունը: Սա ԵՄ-ի, նաեւ իմ հայրենիքի փորձն է»: Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը երեկ Երեւանում կրկնեց ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում հնչեցրած իր իսկ միտքը. «Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղը որպես անկախ միավոր չի ճանաչում: Մյուս կողմից էլ՝ մենք չպետք է մոռանանք հասարակ մարդկանց կարիքների մասին՝ անկախ նրանից, թե որտեղ են նրանք ապրում»: Նաեւ ասաց, որ եթե ցանկություն կա «համապարփակ լուծում գտնելու (խոսքը, իհարկե, ղարաբաղյան հարցի մասին է- Մ. Ե.), մենք պիտի հանրությանը նախապատրաստենք դրան, նաեւ՝ Լեռնային Ղարաբաղի: Դա ձեզ չպետք է անհանգստացնի, որովհետեւ մեզ համար կարեւորը, վճռորոշը հանրային կարծիքի ներգրավումն է»: Եժի Բուզեկը, հավանաբար, չնեղացնելու համար ոչ Ադրբեջանին եւ ոչ էլ Հայաստանին, այցից առաջ հարցազրույց էր տվել նաեւ հայաստանյան «Մեդիամաքս» գործակալությանը, ասել էր. «Ես մտահոգված եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը տարածաշրջանային անվտանգության եւ կայունության գլխավոր սպառնալիքն է: Բոլոր կողմերը պետք է հնարավորին չափ արագ գտնեն ղարաբաղյան հակամարտության՝ միջազգային իրավունքի վրա հիմնված խաղաղ լուծում: Ամուր խաղաղության ուղի հարթելու համար անհրաժեշտ են իրական ջանքեր, եւ երկու կողմերն էլ պետք է խուսափեն սադրիչ գործողություններից եւ հռետորաբանությունից, ռազմատենչ հայտարարություններից եւ պատմության աղավաղումներից»:
Մենք՝ ժողովրդավարական արժեքներ կրող ժողովրդի չորրորդ իշխանություն՝ Ազգային ժողովում հավաքված լրագրողներս, չընդվզեցինք եվրոպացի պաշտոնյայի որոշ հայտարարությունների (ԼՂՀ-ն անկախ միավոր չճանաչելու) կապակցությամբ, այլ լռելյայն լսեցինք եւ անգամ մի քանի հարցեր ուղղեցինք Եվրոպական խորհրդարանի նախագահին: Մեր երկրի նախագահը կանխավ հայտարարեց, թե հարցերը ճիշտ կլինի միայն հյուրին ուղղել, իսկ իր հետ հանդիպելու առիթներ դեռ կլինեն:
Եժի Բուզեկը երեկ, պատասխանելով մարտի մեկին առնչվող հարցին, ասաց, թե հարցը քննարկել է եւ երկրի նախագահի, եւ խորհրդարանի նախագահի հետ, նշելով, որ մարտի մեկը «բաց վերք է»: Եվրոպական խորհրդարանի նախագահը ասաց. «Երկու ամենակարեւոր անձինք ինձ հավաստիացրել են, որ քննություն է տեղի ունենում, որպեսզի խնդիրը լուծվի: Ձեր իշխանությունները պատրաստ են ձեր երկրում շատ բան փոխել, եկեք հավատանք այդ մեկնարկին, դա շատ համահունչ է մեր՝ Եվրամիության ակնկալիքներին, որովհետեւ համակարգերը պիտի համատեղելի լինեն մեկը մյուսի հետ, որպեսզի համագործակցեն: Եվ այս տեսանկյունից դուք գտնվում եք ճիշտ ուղու վրա»:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, որը վերաբերում էր մարտի մեկից հետո ազատազրկվածներին, Եժի Բուզեկն ասաց. «Վերջերս մի քանի հոգու ազատ արձակումը խոստումնալից որոշում էր, եւ նաեւ ինձ հավաստիացրել են, որ բոլոր դեպքերի համար արդար եւ պատշաճ քննություն է տարվում»: Երեկ Եժի Բուզեկը հանդիպել է Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Մինչ այդ Եժի Բուզեկն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այսօր Եվրախորհրդարանի նախագահը կայցելի Վրաստան, իսկ մայիսի 20-ին Եժի Բուզեկը կլինի Բաքվում:

Հ. Գ. «Ազատություն» ռադիոկայանը երեկ հետաքրքրվեց, թե ինչ վիճակում է ԱԺ նախագահի խնդրանքը՝ ներում շնորհել Սասուն Միքայելյանին, ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Նախ, համաձայն չեմ, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, եւ ուզում եմ հիշեցնել, որ դա եղել է մեր կոալիցիոն գործընկերների՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի առաջարկը, ես նամակը հղել եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, դրանից հետո մենք զրուցել ենք, նախագահն ասաց, որ այդ հարցը դիտարկում ենք: Եվ ես հույս ունեմ, դա իմ անձնական կարծիքն է, որ առաջիկայում այդ հարցը կստանա դրական լուծում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել