Վախթանգ Դարչինյանը, որ ապրիլի 24-ին Իոնի Պերեսի նկատմամբ տարած հաղթանակից հետո, սովորության համաձայն եկել է Հայաստան, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ հաջողությանն առանձնակի կարեւորություն է տվել, քանի որ այն ձեռք է բերվել Հայոց ցեղասպանության տարելիցի օրը: «Շատ մեծ օր էր ոչ միայն իմ, այլեւ աշխարհի հայության համար,- հայտարարել է նա:- Հպարտ եմ, որ հաղթել եմ ապրիլի 24-ին եւ աշխարհին ներկայացրել, թե դա ինչ օր է: Չգիտեմ, թե թուրքերն ինչպես են արձագանքել, բայց ամերիկյան բոլոր լրատվամիջոցներով լուսաբանվեց, թե ապրիլի 24-ը ինչ նշանակություն ունի հայերի համար»:
Մենամարտին հետեւող մարզասերներն առաջին անգամ տեսան, որ Վիկի գոտու վրա գրված էր 1915 թիվը: «Երբ մարտից երկու ամիս առաջ հայտնի դարձավ օրը, այդ մտահղացումը ծնվեց: Հանդիսատեսի մեջ էլ կային երկրպագուներ, որոնց հագուստին գրված էր՝ 1915: Սա իմ նվաճած ութերորդ գոտին էր եւ դա մտնում է աշխարհի ռեկորդների մեջ: Հիմա Պերեսից ռեւանշ մենամարտի հրավեր եմ սպասում, սակայն նրա թիմը դեռ լռում է»,- ասել է «Կատաղի Ցուլը»:
«Sportinfo.am»-ը հավելում է, որ, պատասխանելով լրագրողների հարցերին, Վախթանգն իր կարծիքն է հայտնել «Super Six» մրցաշարի շրջանակներում ամերիկացի Անդրե Ուորդի հետ մենամարտում Արթուր Աբրահամի ընտրած մարտավարության մասին: «Արթուր Աբրահամը ցանկանում էր մեկ հարվածով նոկաուտի հասնել: Բայց այդպես չի կարելի, քանի որ նրա դեմ օլիմպիական չեմպիոն էր: Արթուրը սխալ մարտավարություն էր ընտրել: Բայց սա բռնցքամարտ է եւ ամեն բան հնարավոր է»,- ասել է Դարչինյանը: