Անթալիայում ավարտվեց բազկամարտի Եվրոպայի մեծահասակների եւ պատանիների առաջնությունը, որին մասնակցեցին նաեւ մեր հանրապետության ներկայացուցիչները:
Մեծահասակների պայքարում 70 կգ քաշային կարգում հանդես եկած աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Հայաստանի առաջնությունների բազմակի հաղթող Վլադիմիր Մնացականյանը եզրափակչի ճանապարհին ծալելով բոլոր մրցակիցների ձեռքը, վճռորոշ մենամարտում հանդիպեց ահեղ մրցակցի՝ ռուսաստանցի Վորոնցովի հետ: Սակայն նա էլ չդիմացավ մեր մարզիկի բազկի զորությանը, եւ Վլադիմիրը հերթական անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ պատվո պատվանդանի առաջին աստիճանին գլխավերեւում պարզելով Հայաստանի պետական դրոշը:
Անթալիայում հաջող հանդես եկան նաեւ մեր պատանի մարզիկները: Տավուշը ներկայացնող Դերենիկ Ստեփանյանը մինչեւ 65 կգ քաշայինների պայքարում աջ եւ ձախ ձեռքերով նվաճեց իր տարիքային խմբի Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը, իսկ նրա հայրենակից Արման Ստեփանյանը 80 կգ քաշայինների մեջ ձախլիկների մրցակցությունում արժանացավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակրի կոչմանը: