Մշակույթի նախարարությունը չի դադարում զարմացնել
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 14-ին ավելի քան 3 հազար եվրոպական թանգարաններ միացան ԵԽ-ի, ԻԿՕՄ-ի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ անցկացվող «Թանգարանային գիշեր» ակցիային, որը սովորաբար մեկնարկում է երեկոյան ժամը 18-ից: ՀՀ մշակույթի նախարարության պատկերացրած թանգարանային գիշերը, չգիտես ինչու, առավոտյան է սկսվում: Հայաստանյան բջջային օպերատորներից մեկի եւ գերատեսչության պաշտոնական mincult.am կայքի միջոցով տարածվել էր հաղորդագրություն, թե նախարարության նախաձեռնությամբ «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակներում ՀՀ շուրջ 60 թանգարաններում ժամը 10-24-ը կանցնի «Գրավոր հիշողություն» միջոցառումների շարքը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի մշակույթի նախարարությունը անիմաստ «թանգարանագիշերային» շապիկներ էր թողարկել, որոնց վրա ԵԽ լոգոյի փոխարեն ԵՄ լոգոն էր: Այս տարի, սակայն, գերատեսչության պաստառի վրայից ընդհանրապես բացակայում է ԵԽ լոգոն: Հավանաբար, այդ ձեւով որոշել են միանգամից «ազատվել աչքից եւ աչքացավից», այն դեպքում, երբ ԵԽ-ն 10 տարի սատարում է «Թանգարանային գիշերը», ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ 3, իսկ ԻԿՕՄ-ը՝ 1 տարի:
Մշակույթի նախարարությունը նաեւ որոշել էր խրախուսել լավագույն այցելուին, ում ընտրելու համար պարզունակ մեթոդի էր դիմել: Ըստ նախարարության տրամաբանության, լավագույն այցելուն այդ օրը շատ թանգարաններ այցելած մարդը պետք է լիներ: Օգտվելով առիթից, շատ երիտասարդներ, փոխանակ հաղորդակից լինելու մշակութային արժեքներին, ընդամենը հայտնվեցին լավագույն վազողի կարգավիճակում: Բանն այն է, որ իրենց տրամադրված կտրոնի վրա յուրաքանչյուր այցելած թանգարանում կնիք էր դրվում, ու շատերը գերադասում էին կնիքը ստանալուն պես դուրս պոկվել թանգարանից: Այնպես որ, նախարարության կայքում զետեղված «Մեկ անգամ եւս հասարակության` հատկապես գիշերասեր երիտասարդության ուշադրությունը կհրավիրի թանգարանային հավաքածուներին, կբարձրացնի նրանց իրազեկվածությունն ու կնպաստի առավել լավ ճանաչելու սեփական արմատները» ցանկությունը ձեւական բնույթ է կրում:
Դառնալով մշակույթի նախարարության մեկ այլ ձեւական՝ «Գրավոր հիշողություն» կարգախոսին, որն իբր նվիրվում էր գրավոր ժառանգությանն ու հայ գրատպության 500-ամյակին, հավելենք, որ «Թանգարանային գիշերին» զարմանալիորեն չէր միացել գրավոր հիշողության ամենամեծ պահոցներից մեկը՝ Մ. Մաշտոցի անվան Մատենադարանը, ինչը նույնպես այս նախարարության՝ իրավիճակին ու թեմային չտիրապետելու կամ ամեն ինչ դիլետանտական մակարդակով անելու արդյունք է: