Նրա երկրորդ հարկում գտնվող տուն-արվեստանոցի դուռը միշտ բաց էր, ու երբ ինչ-որ մեկը հյուր էր գալիս, նա միանգամից իմանում էր` աստիճանները մատնում էին այդ մասին: Ամեն անգամ դուռը բացելիս` Էդուարդ Արծրունյանն ասում էր` եկա՞ր, Անո ջան, ու նայում էր իր առջեւ դրված ժամացույցին` իմ գալստյան ժամն էր ամրագրում: Սովորաբար ձեռքով էի ողջունում Վարպետին, իսկ նա ողջ ուժով` ամուր-ամուր սեղմում էր ձեռքս: Հետո սկսում էի ամենայն մանրամասնությամբ ներկայացնել քաղաքի մշակութային անցուդարձը, երբեմն համացանցից նյութեր էի կարդում նրա համար, օրեր կային՝ ալբոմներ էինք նայում միասին, ինձ համար խիստ հետաքրքրական էր արվեստագետների եւ նրանց ստեղծագործությունների մասին արծրունյանական դիտարկումները: Լինում էին նաեւ օրեր, երբ ներս էի մտնում եւ Արծրունյանի աչքերում չարաճճի ժպիտ կար թաքնված, նշանակում է` ինչ- որ բան ունի ասելու, ավելի ճիշտ՝ նկարակալին նոր կտավ է հայտնվել կամ էլ կիսատ գործին նոր գույն ու գիծ է ավելացել եւ նոր խոսքի եւ գնահատականի ակնկալիք ունի: Քանի՜-քանի նոր կտավների ստեղծման գործընթացի եմ մասնակից եղել ու միանգամից Վարպետիս եմ հիշում. նկարելիս`աչքերը կկոցած: Արդեն մեկ տարի է, ինչ Էդուարդ Արծրունյան նկարիչը չկա ու էդ օրվանից փակ է նրա արվեստանոցի դուռը` անհավատալի բան է: Շատ կուզենամ, որ արվեստագետի ամենամեծ երազանքը` տուն-թանգարան ունենալու ցանկությունը, իրականություն դառնա, որ մարդիկ գան ու գնան, ծանոթանան արծրունյանական արվեստի հետ, նրա աչքերով տեսնեն ու սիրեն Հայաստանը: Ու էդ ժամանակ Էդուարդ Արծրունյանի արվեստանոցի դուռը նորից բաց կլինի, տեսնես ե՞րբ են գալու էդ ժամանակները:
Հիշատակդ վառ է ու պայծառ, ինչպես արվեստդ: