Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ՂԵԿԱՎԱՐԵԼ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԸ

Մայիս 18,2011 00:00

\"\"Վադիմ Շուբլաձեն՝ վրացական փորձի մասին

Ճանաչված դիրիժոր Վադիմ Շուբլաձեն, ով հայկական օպերային արվեստի երախտավոր Էլվիրա Ուզունյանի նախկին ամուսինն է, դիրիժորի իր կարիերան սկսել է Հայաստանում՝ 1964թ., Ազգային օպերայի թատրոնում ղեկավարելով Վերդիի «Տրավիատան»: Երբ 2007թ. արվեստագետը Երեւանում նշում էր ստեղծագործական գործունեության կեսդարը, «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իր ղեկավարությամբ բառացիորեն ոչ մի համերգ չի անցել առանց հայ կոմպոզիտորի երկի: Ավելին, ժամանակին Մեծ թատրոնի, Ռուսաստանի մեծ սիմֆոնիկ եւ Ժողգործիքների նվագախմբերի հետ նա ձայնագրել է 104 հայ հեղինակների երկեր, սկսած դասականներից մինչեւ Էդ. Միրզոյան, Էդ. Հովհաննիսյան, Ղ. Սարյան, Վ. Բալյան եւ այլն: Եվ միայն ծննդյան 60-ամյակը լրանալուց հետո է Վրաստանի կառավարությունը նրան շնորհել վաստակավոր արտիստից մինչեւ ակադեմիկոսի կոչում: Պատճառը մեկն էր. Շուբլաձեի հայամետությունը: Նշենք նաեւ, որ դիրիժորը խորհրդային տարիներին Հայաստանում արժանացել է ընդամենը «Աշխատանքային արիության համար» կրծքանշանի:
Այս օրերին արվեստագետը կրկին Հայաստանում է, նա հրավիրվել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ որպես վոկալիստների քննական հանձնաժողովի նախագահ: Մեզ հետ զրույցում Վ. Շուբլաձեն ասաց, որ այս տարի իր ծննդյան 77-ամյակը կամենում է նշել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, ավարտելով կարիերան այն երկրում, որտեղ սկսել է, կատակելով, թե՝ «80-ս դեռ շատ հեռու է, չէ՞…»: Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ Երեւանի կոնսերվատորիայի այս տարվա շրջանավարտ վոկալիստներն իրեն պարզապես ցնցել են: Նա բարձր է գնահատում մեր օպերային թատրոնը, կարեւորում այն, որ երեւանյան օպերան հիանալի ձայներ ունի, ունի մեծ ներուժ, սակայն մաեստրոն սեւեռվում է Թբիլիսիի Փալիաշվիլու անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի կուտակած փորձին, կառավարման նրբություններին, համաշխարհային թատրոններում վրաց արտիստների մեծաթիվ ներկայությանը: «Վրացի երգիչներն այսօր հանդես են գալիս «Լա Սկալայում», «Քովենթ Գարդենում», «Մետրոպոլիտենում», այլ նշանավոր թատրոններում, սակայն նրանք ընդմիշտ կամ տեւական ժամանակահատվածով չեն հեռանում Վրաստանի թատրոնից: Նրանց համար մշտական ելակետը Փալիաշվիլու անվան թատրոնն է, ուր ոչ թե գալիս են միայն իրենց հոբելյանները նշելու, այլ իրենց կոլեգաների հետ բեմ բարձրանալու, մասնակցելու ստեղծագործական գործընթացներին, ներգրավվելու թատրոնի հարուստ երկացանկում, որն իսկապես աստղային է»,- ասաց դիրիժորը:
Դիտարկմանը, թե հայտնի օպերային թատրոններում հանդիպում ենք ոչ պակաս, քան շուրջ հինգ վրացի երգչի անուն, Վ. Շուբլաձեն հաստատելով մեր ասածը, նախ նշեց, որ Փալիաշվիլու անվան թատրոնը մշտապես վերելքի մեջ է, իսկ դրա առաջին պայմանը մաեստրոն համարում է այն, որ թատրոնն ունի բանիմաց եւ գործունյա մենեջեր-կառավարիչ՝ հանձին տնօրեն Դավիդ Սակվարելիձեի: Բացի դրանից, աշխարհի մեծ երաժշտական թատրոնների փորձով, Թբիլիսիի թատրոնը ձեւավորել է իրեն կից հիմնադրամ: «Աշխարհահռչակ բաս Պաատա Բուրչուլաձեն իր գործընկերներ Լադո Աթանելիի եւ Մադրի Մայսուրաձեի հետ ստեղծել են  «Օրոր» բարեգործական  հիմնադրամը, որի հրավիրած անվանի արվեստագետները ելույթ են ունենում առանց հոնորարի՝ հարգանք տածելով հիմնադիրների նկատմամբ:  Ավելին, նրանք համագործակցում են Իտալիայի Բոլոնիայի կոնսերվատորիայի հետ: Այնտեղ վարձել են բնակարան-փորձատեղի, որտեղ իրենց ընտրությամբ վրաց երիտասարդ օպերային երգիչները անցկացնում են վարպետության դասեր եւ այլն: Եվ, որ ամենակարեւորն է, այս աշխատանքում սերտ համագործակցում են ճանաչված իտալացի ագենտ Անջելո Գաբրիելիի հետ, որը համաշխարհային օպերային արվեստում համարվում է «եղանակ ստեղծող»: Նա ժամանակին եղել է  Պավարոտիի, Բուրչուլաձեի եւ մեծանուն այլ երգիչների իմպրեսարիոն: Հիշեցնենք, որ ժամանակին «Առավոտը» զրուցել էր կարճատեւ այցով Երեւանում գտնվող Ա. Գաբրիելիի հետ: Վերջինս էլ տեղեկացրել էր, որ ինքը պատրաստ է Երեւանի օպերային թատրոնին անհատույց օգնել դեկորների եւ զգեստների հարցում… Զրույցի ավարտին մեկ անգամ եւս բարձր գնահատականներ շռայլելով հայկական վոկալ դպրոցին, Վ. Շուբլաձեն ասաց. «Ձեր թատրոնին մենեջերական գործունեություն եւ հայեցակարգ է հարկավոր, հստակ արտահայտված գեղարվեստական քաղաքականություն է անհրաժեշտ»: Վատ չի լինի, որ մենք էլ մտածենք որեւէ հիմնադրամի մասին, ոչ թե միայն մեկ բեմադրության համար միլիոններ ծախսենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել