Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԻԲԻԱՅԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ Է

Մայիս 18,2011 00:00

\"\"Երեքշաբթի օրը Մոսկվայում տեղի է ունեցել լիբիական կառավարության ներկայացուցիչների եւ Ռուսաստանի ղեկավարության հանդիպումը: Լիբիական պատվիրակության կազմի ու բանակցությունների մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվում: BBC-ն հիշեցնում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ավելի վաղ արած հայտարարությունը, թե Քադդաֆիի ներկայացուցիչների այցի նպատակը ռուսական ղեկավարության հետ Լիբիայում ստեղծված իրավիճակը քննարկելն է: Լավրովի ասելով, Ռուսաստանը մտադիր է պնդել, որպեսզի «անհապաղ կատարվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գլխավոր պահանջը, այն է՝ Լիբիայի իշխանությունները պարտավոր են խուսափել որեւէ գործողությունից, որը կհանգեցնի խաղաղ բնակչության շրջանում մարդկային զոհերի»:
Լիբիայի ապստամբների առաջնորդները, որոնք եւս պատրաստվում էին այցելել Ռուսաստանի մայրաքաղաք, անորոշ ժամանակով հետաձգել են իրենց այցը: «Բենգազիի պատվիրակները Մոսկվայում պիտի լինեին չորեքշաբթի օրը, բայց, իրենց հայտարարության համաձայն, տեխնիկական պատճառներով ստիպված են խնդրել հետաձգել այդ այցը»,- պարզաբանել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը՝ հույս հայտնելով, որ այցը տեղի կունենա տեսանելի ապագայում: Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովում շեշտում են, որ Լիբիայի պաշտոնական պատվիրակության այցը չի խախտում ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւը, որով արգելք էր դրվել լիբիական ղեկավարության մի շարք ներկայացուցիչների այցերի վրա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը բազմիցս է քննադատել Լիբիայում միջազգային կոալիցիայի գործողությունները՝ հայտարարելով, որ ոտնահարվում են ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի բազմաթիվ դրույթներ: Անցած շաբաթ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե արժեր, որ կոալիցիայում ընդգրկված երկրները ԱԽ-ին ժամանակին եւ ամբողջությամբ զեկուցեին իրենց գործողությունների մասին, եւ շեշտել էր, թե Մոսկվայի այդ մոտեցումը կիսում են նաեւ մի շարք այլ երկրներ, օրինակ՝ Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանն ու Հարավաֆրիկյան Հանրապետությունը:
Ռուսաստանը գտնում է, որ լիբիական հակամարտության կողմերը պետք է առանց նախապայմանների ու անհապաղ բանակցություններ սկսեն, եւ իրավիճակը Լիբիայում պետք է տեղափոխվի քաղաքական հարթություն:
Լավրովը նաեւ ասել է, թե բանակցային գործընթացում միջնորդի դերում կարող են հանդես գալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն ու Աֆրիկյան միության ներկայացուցիչները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել