Բոլոր միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների միավորումը ԿԳ նախարարության կառուցվածքում կօգնի միջնակարգ կրթության ավելի հզոր համակարգ ստեղծել Հայաստանում: Ըստ «Արմինֆոյի», երեկ կայացած ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը: Ուսումնարանների եւ քոլեջների միավորմանը եւ բարեփոխմանն ուղղված ծրագիրը ներկայումս գտնվում է իրականացման փուլում եւ կավարտվի 2013 թվականին: Համաձայն նախատեսվող փոփոխությունների, բոլոր միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները գտնվելու են ԿԳ նախարարության ենթակայության ներքո, ինչը թույլ կտա առավել արդյունավետ կառավարել ուսումնական գործընթացը եւ բարձրացնել ուսուցիչների որակավորումը: Հաջորդ տարվանից սպասվում է, որ 50 %-ով կավելանա հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում պետական պատվերը: Նախարարությունը մտադիր է ոչ միայն միավորել, այլեւ որոշ բարեփոխումներ իրականացնել: Կավելանա այն մասնագիտությունների թիվը, որոնց պահանջարկը մեծանում է աշխատաշուկայում: Պահանջված մասնագիտությունների թվում Ա. Ավետիսյանը նշել է ինժեներներին, գյուղատնտեսության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մասնագետներին: