Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տգետ մարդիկ չեն աշխատելու»

Մայիս 18,2011 00:00

Երեկ «տնօրենացուներին» սպառնաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը

Երեկ Երեւանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում մեկնարկեց հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք՝ հավաստագիր ստանալու համար նախատեսված տնօրենների քննությունների երկրորդ փուլը: Այս փուլն էլ անցկացվելու է երկու տարբերակով՝ բանավոր եւ թեստային: Երեկ թեստային փուլն էր:
Քննությունների երկրորդ փուլի թեստային տարբերակի հանձնաժողովի նախագահը ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանն է: Նրա փոխանցմամբ, քննությանը մասնակցում են 94 գործող եւ հավակնող տնօրեններ. «Նրանց թվում կան եւ առաջին փուլը չհաղթահարածները, եւ գործող տնօրեններ, եւ հավակնորդներ: Թեստային տարբերակում 60 հարց է, 54 ճիշտ պատասխաններ ապահոված հավակնորդներն իրավունք կստանան մասնակցել բանավոր փուլին: Քննությունները հաջողությամբ հանձնած հավակնորդները ստանում են հավաստագիր, որը տվյալ անձին իրավունք է տալիս հինգ տարի շարունակ ՀՀ տարածքում գործող ցանկացած պետական դպրոցում առաջադրվել եւ ընտրվել տնօրեն։ Քննությունների երկրորդ փուլին ընդհանուր առմամբ մասնակցելու է 1066 վերապատրաստված մասնակից: Քննությունը կտեւի 90 րոպե: Նախորդ անգամ քննություն հանձնածները այս փուլի մասնակիցներին փոխանցել են, որ իսկապես պետք է պատրաստվել եւ, կարծես, այս անգամ պատասխանատվությունն ավելի մեծ է»:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւս այցելեց «տնօրենացուներին»: Հաջողություն մաղթելով մասնակիցներին՝ նա խոստացավ օբյեկտիվ քննություններ. «Երկու ամիս առաջ, երբ սկսեցինք այս ծրագիրը, հոռետեսներն ավելի շատ էին, քան լավատեսները: Դրանք այն մարդիկ էին, որոնք մեզ քննադատում էին: Քննությունների մեկնարկից 25-30 օր հետո ամեն ինչ փոխվեց, երբ առաջին 450 մասնակիցները քննություն հանձնեցին եւ նրանցից շուրջ 270-ը ստացավ հավաստագիր: Այսօր երկրորդ փուլն է եւ փորձում ենք սովորական դարձնել տնօրենների համար այս գործընթացը: Ինձ տարաբնույթ պատառիկներ են հասնում՝ ասեկոսեների, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ խնդիրներ են փորձում այս քննությունների միջոցով խոստանալ ու լուծել: Դա կատարյալ սուտ է: Հավաստիացնում եմ, որ մեզ մոտ չկա ոչ մի կողմնակալ վերաբերմունք: Մենք թեստերից հանել ենք բոլոր այն հարցերը, որոնք կարող են երկիմաստ թվալ, մեկնաբանելի եւ առաձգական լինել իրենց պատասխանների մեջ։ Փորձել ենք մասնագիտական վիճարկումների տեղ չթողնել, սակայն, եթե կունենաք նկատառումներ՝ կարող եք բողոքարկել, եթե բողոքարկելուց հետո էլի դժգոհություններ կլինեն, ազատ արտահայտվեք: Այս գործընթացով փորձում ենք տնօրենի նոր նշաձող սահմանել, կառավարման որակը դարձնել ընկալելի եւ ընդունելի այսօրվա պայմաններում: Փորձում ենք նաեւ ձեզ հետ միասին կոտրել այն կարծրատիպը, որ մեր դպրոցներում կարող են աշխատել նաեւ տգետ մարդիկ. չե՛ն կարող աշխատել»:
«Առավոտը» զրուցեց քննության մասնակիցներից մի քանիսի հետ: Տնօրենների եւ հավակնորդների հուզվածությունն ու անհանգստությունը ակնհայտ էր, ոմանք խուսափում էին լրագրողների հարցերից, խնդրելով թողնել քննության ավարտին:
Ամասիայի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Կարինե Հարթենյանը մեզ հետ զրույցում ասաց. «Շատ լավ եմ տրամադրված, պարապել եմ շուրջ երկու շաբաթ: Ի դեպ, այսօր ինձ քննության բերել է իմ աղջիկը, որին տարիներ առաջ ես էի տանում քննության: Հավատում եմ, որ արդար է լինելու»:
Իջեւանի Լուսաձոր գյուղի դպրոցի տնօրեն Արմեն Սարդարյանը նշեց. «Նորմալ եմ վերաբերվում տնօրենների քննություններին, եթե որոշումն այդպիսին է, ուրեմն մենք պետք է ենթարկվենք: Թեստում մի հարց կա՝ սթրեսը ի՞նչ փուլերից է կազմված: Հենց հիմա այստեղ ներկա բոլոր մասնակիցները սթրեսի առաջին փուլում են: Թող լինեն այս քննությունները, դրանք ավելի են բարձրացնում դպրոցների տնօրենների անունը: Հուսամ՝ ամեն ինչ օբյեկտիվ կլինի»:
Արագածոտնի մարզի Նոր Արթիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Արշալույս Հակոբյանն էլ հավաստիացրեց, թե լավ պատրաստվել է. «Հույս ունեմ, որ կկարողանամ հաղթահարել խնդիրները: Պարապել եմ, մասնավորապես օրենքների վրա եմ շեշտը դրել: Չնայած դպրոցներում էլ պաշտոնավարման ընթացքում կիրառել ենք օրենքները, հիմա փորձում եմ քննությամբ ստուգել գիտելիքներս»:
Եղեգնաձորի Վարդահովիտի հիմնական դպրոցի տնօրեն Գագիկ Մարգարյանն էլ կես կատակ կես լուրջ ասաց. «Ասես ուսանող լինեմ՝ քննասեղանի առաջ նստած: Հիշում եմ՝ ինչպես էի հուզվում առաջին անգամ երիտասարդ տարիներին քննասենյակ մտնելիս: Մի փոքր անսովոր է՝ 58 տարեկան եմ ու պատանու պես քննություն եմ հանձնում: Ինձ դուր է գալիս այն, որ պահպանված է հրապարակայնությունը, մնում է պատվով դուրս գամ»:
Քննական հանձնաժողովի անդամները մի քանի անգամ տնօրեններին զգուշացրին՝ հանկարծ իրարից չարտագրել, միմյանց չհուշել, «շպարգալկաներից», կապի միջոցներից չօգտվել: Ավելի ուշ տեղեկացանք, որ 94 «տնօրենացուներից» միայն 2-ը չեն հաղթահարել քննության թեստային փուլը: Քննություններին մասնակցության հայտ է ներկայացրել 1066 հավակնորդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել