Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԵՆԸ ՈՐՊԵՍ ՕՏԱՐ ԼԵԶՈՒ

Մայիս 18,2011 00:00

\"\"Թուրքիայի հայկական վարժարաններում մայրենի լեզուն  նման «կարգավիճակ» ունի

Ստամբուլի պետական համալսարանում 100 հազարից ավելի ուսանող է սովորում, աշխատում է 5000-ից ավելի դասախոս, այդ թվում՝ մոտ մեկ տասնյակ հայազգի: Այս մասին «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Ստամբուլի համալսարանի պոլսահայ դասախոսներից մեկը՝ երկար տարիներ անգլերեն դասավանդող Ալբեր Քեշիշը: Նրա փոխանցմամբ, պետական բուհերի համեմատությամբ, Թուրքիայի մասնավոր համալսարաններում սովորելու համար ուսանողը մի քանի անգամ թանկ է վճարում: Պետականում ուսման տարեկան վճարը 500-2000 թուրքական լիրա է (2 լիրան մոտավորապես 1 եվրոյին է համարժեք)՝ կախված մասնագիտությունից, իսկ մասնավորում այն սկսվում է 10-12 հազար լիրայից:
Մեր զրուցակցի տեղեկացմամբ, վերջերս Թուրքիայի կառավարությունը, բարձրագույն ուսումնական հաստատությունների գերակա մարմնի որոշմամբ, որոշեց Թուրքիայի համալսարաններում հայագիտական ամբիոններ բացել: Ա. Քեշիշի տեղեկացմամբ, Ստամբուլի պետական համալսարանում հայագիտական բաժին չկա: Նա կարեւոր է համարում Ստամբուլի համալսարանում հայ բանասիրության բաժնի հիմնումը, որովհետեւ, ըստ նրա, Ստամբուլի հայկական վարժարանները զրկված են հայերենի մասնագետներից, եղած ուսուցիչներն էլ մասնագիտությամբ հայագետ չեն, եւ հայերենին այս կամ այն չափով են տիրապետում: «Կառավարությունը եւս դրա կարիքը զգացել էր, որովհետեւ թուրքերը հայկական հարց ունեն: Հայաստանում կան շատ թուրքագետներ, որոնց միջոցով Թուրքիայում տեղի ունեցող ամեն ինչին նրանք տեղեկանում են: Թուրքիան ուզում է Հայաստանի հետ հարաբերություններ մշակել, Հայաստանում կատարվող իրադարձություններին տեղյակ լինել, բայց հայերենին տիրապետողներ գրեթե չկան: Թուրքիան ե՛ւ քաղաքական, ե՛ւ մնացած առումներով դրա պակասությունը զգում է, որովհետեւ Հայաստանին հետեւելու ի վիճակի չէ կամ էլ երրորդ աղբյուրի՝ անգլերենի կամ այլ լեզուների միջոցով է տեղեկանում»,- նշեց նա:
Մեր զրուցակցի տեղեկացմամբ, հայագիտական բաժին ստեղծվել է Անկարայի համալասարանում, որը միայն մագիստրոսական կրթություն է տալիս եւ այժմ փորձում են նաեւ բակալավրիատի համար բացել: Ա. Քեշիշն ասաց, որ Ստամբուլի Քադիրհաս համալսարանում էլ էին ուզում հայագիտական բաժին բացել, սակայն չհաջողվեց այն պատճառով, որ դասախոսական կազմը չկարողացան համալրել, որովհետեւ պոլսահայության մեջ հայերենին տիրապետողներ չգտնվեցին, եւ այժմ բացը փորձում են լրացնել Հայաստանից դասախոսներ հրավիրելով:
Ստամբուլի պետական համալսարանում հայ ուսանողներ գրեթե չկան: Ըստ մեր զրուցակցի, սա պայմանավորված է հետեւյալ հանգամանքով. «Հատկապես 20-30 տարի առաջ համայնքը չէր քաջալերում հայ տղամարդկանց բարձրագույն ուսում ստանալը, ավելի նախընտրելի էր աշխատելը, մեծ մասը ոսկերչությամբ էր զբաղվում: Տղամարդիկ նախակրթարանը ավարտելուց հետո որեւէ տեղ էին գնում աշխատելու, աղջիկներն ավելի շատ էին քաջալերվում, որ բարձր ուսում ստանան եւ սեռերի միջեւ գոյացած կրթության, ուսման կամ կուլտուրայի տարբերությունը ամուսնությունների ժամանակ խնդիրների առջեւ կանգնեցրեց եւ խառնամուսնությունների պատճառներից մեկն էլ դա էր»: Նրա խոսքով, պոլսահայությունն այժմ ինքնության պահպանման խնդիր ունի, խառնամուսնությունները 50% են կազմում, որն էլ ձուլման հիմնական պատճառներից է, որովհետեւ խառնամուսնություններից ծնված երեխաները հազիվ թե կարող են հայկական ինքնությունը պահել:
«Հայերենի լուրջ նահանջ կա: Հայ համայնքի ներսում հայկական ինքնության գիտակցությունը մեծամասնությամբ կորսնցված է, հատկապես նոր սերունդն այդպիսի վիճակի մեջ է, կան ջանքեր, մտահոգվող անձեր, սակայն առկա կացությունը, ցավոք սրտի, այնքան էլ լավ չէ այդ առումով»,- ասում է մեր զրուցակիցը ու հավելում, որ հայկական վարժարաններ հաճախողների թիվն օրեցօր նվազում է: Եթե տարիներ առաջ այդ վարժարաններում 7-8 հազար աշակերտ էր սովորում, ապա այժմ՝ 2-3 հազար: Մեր զրուցակցի խոսքով, նվազման պատճառները մի քանիսն են՝ պոլսահայերի արտագաղթ, խառնամուսնություններ. «Այդ ընտանիքներից ծնված երեխաները իբրեւ հայ երեխա չեն մեծանում, կորցնում են հայկական ինքնությունը: Շատ հայեր նախընտրում են օտար՝ ֆրանսիական, անգլիական, ամերիկյան վարժարաններ ուղարկել իրենց երեխաներին, չնայած որ դրանք մի քանի անգամ ավելի թանկ են հայկականներից: Ծնողների մի ստվար զանգված էլ նախընտրում է իր երեխային ուղարկել տեղական՝ թուրքական անվճար վարժարաններ, իսկ հայկական վարժարաններում սովորելն արժե տարեկան 400-500 թուրքական լիրա»: Սրանից բացի, պոլսահայ դասախոսի փոխանցմամբ, հայկական վարժարաններում հայերենի դասաժամերը սահմանափակ են՝ շաբաթական 5-6 ժամ, այսինքն՝ հայերեն սովորում են այնպես, ինչպես կսովորեն անգլերենը՝ որպես օտար լեզու: «Ծնողները տանը հայերեն չեն խոսում, երեխան հայկական վարժարան հաճախելուց առաջ հայերեն մեկ բառ չգիտի, հայերեն խոսելու սովորությունը չկա: Հայերենը դասավանդվում է օտար լեզվի նման, նույնիսկ հայկական վարժարանում իրար հետ հայերեն չեն շփվում»,- փաստում է նա:
Հետաքրքրվեցինք, թե որտե՞ղ եւ ի՞նչ են աշխատում այսօր հայերը Ստամբուլում: «Պետական պաշտոնները ոչ մահմեդականների, քրիստոնյաների կամ այլ կրոնական փոքրամասնությունների համար հասու չեն, բացառություն են կազմում միայն համալսարանները: Ազգային փոքրամասնությունները բանակում կարող են ծառայել, բայց ո՛չ աշխատել, որովհետեւ վստահություն չեն ներշնչում»,- պատասխանեց նա՝ ավելացնելով, որ պոլսահայ համայնքն անցյալի նման ուժեղ, հզոր, հարուստ համայնք չէ, հայերն այժմ միջին դասակարգի մարդիկ են:
Մեր զրուցակիցը կարծում է, որ կան շատ չափահաս հայեր ու այլազգիներ, որ հայերեն սովորելու ցանկություն են ունենում, բայց դրա հնարավորությունը չունեն, որովհետեւ չկան համապատասխան դասագրքեր. «Հայաստանի կառավարությունը, հատկապես մշակույթի եւ կրթության նախարարությունները պետք է արդիական ոճով գրքեր, տեսաերիզներ ստեղծելու համար աշխատանք տանեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել