Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Միայն արտահերթ ընտրություններ»

Մայիս 18,2011 00:00

Պնդում է Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի  խոսնակ Արման Մուսինյանը

Զարմանալ կարելի է այն տրամաբանության վրա, թե Հայ ազգային կոնգրեսն ընդունել է երկխոսության կոչերը: Tert.am-ի հետ զրույցում ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն այսպես մեկնաբանեց իշխող Հանրապետական կուսակցության պատգամավորների կողմից հնչեցվող նմանատիպ դիտարկումները: «ՀԱԿ-ը, դրանից առաջ՝ Համաժողովրդական շարժումը 2008թ. մարտի 1-ի սպանդից եւ աննախադեպ քաղաքական հալածանքներից հետո, երբ Հայաստանում կար շուրջ 150 բանտարկյալ, այդ օրվանից մշտապես, ամեն պատեհ առիթով հայտարարել է, որ պատրաստ է երկխոսության ռեժիմի հետ՝ պայմանով, որ ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները: Մենք պատանդների առկայության պայմաններում որեւէ երկխոսության չէինք գնա, չենք գնա եւ չենք գնալու»,- ասաց Մուսինյանը՝ նշելով, որ իշխանությունները անցած երեք տարվա ընթացքում չեն հաջողել լուծել «Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող գեթ մեկ հարց»:
«Չհաջողվեց լուծել նաեւ վարչախմբի համար կենսական՝ ՀԱԿ-ի ոչնչացման, նրա հանրային աջակցությունը ոչնչացնելու խնդիրը»,- նշեց Մուսինյանը՝ հավելելով, որ իշխանությունների կողմից իրենց երեք պահանջներից երկուսի կատարումը եւ մեկի կատարման խոստումը տեղի է ունեցել ՀԱԿ-ի՝ տարեսկզբից իրականացրած հասարակական մոբիլիզացիայի եւ երկրի առջեւ ծառացած ծանրագույն մարտահրավերների ճնշման արդյունքում:
ՀԱԿ-ը իշխանություններից պահանջում է(ր) «Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացման իրավունքի վերականգնում, Մարտի 1–ի բացահայտման պաշտոնական հավաստիացում, քաղբանտարկյալների ազատ արձակում»։ Ըստ ՀԱԿ-ի՝ վերոնշյալ երեք պահանջներից առայժմ չի կատարվել վերջինը: «Բնականաբար, նրանք կդժվարանան ընդունել, որ դա արել են հասարակության ճնշման տակ եւ կսկսեն բացատրություններ տալ: Բայց իրականությունն այն է, որ իր եռամյա պայքարի արդյունքում հասարակությունը, ըստ էության, պարտադրեց կատարել այս պահանջները»,- ասաց Մուսինյանը:
Tert.am-ի խնդրանքով մեկնաբանելով ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի այն դիտարկումը, թե «ՀԱԿ-ը վերադարձավ քաղաքական դաշտ, որովհետեւ չկարողացավ դրսում տերեր գտնել»՝ Մուսինյանը պատասխանեց. «Մենք խոսում ենք լուրջ թեմաներից եւ չարժե նման անուններ հիշատակել»:
Հարցին, թե արդյոք ազատազրկված ընդդիմադիրներն ազատ կարձակվե՞ն մինչեւ ՀԱԿ-ի հաջորդ՝ մայիսի 31-ի հանրահավաքը, Տեր-Պետրոսյանի խոսնակը պատասխանեց. «Հայաստանում այժմ ստեղծվել է հնարավորություն՝ լրջագույն քաղաքական փոփոխություններ իրականացնել անցնցում ճանապարհով, եւ առողջ տրամաբանությանը կհակասի որեւէ այլ որոշում, քան քաղբանտարկյալների ազատ արձակումը: Դրա այլընտրանքը կարող է վնասակար լինել մեր պետության համար»:
«ՀԱԿ-ը երկխոսության, վարչախմբի հետ բանակցությունների նստելու է իր առաջ դրված, թղթին գրված ունենալով մեկ հարց՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ»,- ասաց նա:
Հարցին, որ եթե չլինեն արտահերթ ընտրություններ, ի՞նչ է անելու ՀԱԿ-ը, առաջին նախագահի խոսնակը պատասխանեց. «Հայ ազգային կոնգրեսը այդպիսի հարցեր չի քննարկում: ՀԱԿ-ն այս պահին քաղաքական գործընթացները տանում է մեկ ուղղությամբ, որ երկրում տեղի ունենան արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել