Ընթերցողը գովերգում է ՀՀ երկրորդ նախագահի «անկոտրում կամքը»
Ռուսաստանի Դաշնությունում Վլադիմիր Պուտինի առաջնորդությամբ սկսվել է մի քաղաքական գործընթաց, որի նպատակն է համախմբել եւ միավորել բոլոր քաղաքական ուժերն ու հասարակական շարժումները, անհատների կարողություններն ու հնարավորությունները՝ հանուն Ռուսաստանի ապագայի: Հայաստանի Հանրապետությունը նույնպես սկսել է ազգային ճակատի ձեւավորման բարդ ու դժվարին գործընթացը, որի առաջամարտիկն է հանդիսանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հայաստանի քաղաքացիների մեծամասնության մոտ ամրագրված էր այն հավատը, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական ասպարեզ կվերադառնա միայն Սերժ Սարգսյանի երկրորդ նախագահական ժամանակաշրջանի ավարտից հետո: Սակայն մարտի 1-ի դեպքերի անիմաստ ու անհասկանալի աղավաղումները եւ երեք տարիների անհաջող ու տապալված տնտեսական քաղաքական եւ հասարակական զարգացումները իրադարձությունների զարգացմանը տալիս են նոր բովանդակություն ու ընթացք, որոնց համար փրկության միակ հույսը ուժեղ ու կենտրոնացված, ժողովրդամետ ու մարդասեր նոր նախագահական իշխանության հաստատումն է: Որո՞նք են Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կշռի շեշտակի բարձրացման եւ երկրի քաղաքական, հասարակական կյանք վերադառնալու էական նախադրյալները:
Առաջինը երկրի բնակչության սոցիալական ապահովման վիճակի կտրուկ վատթարացումն է, որն արդյունք է 2010թ. գների 10-15% բարձրացման, իսկ վերջին երեք տարիներին ապրանքների եւ ծառայությունների գները Հայաստանի Հանրապետությունում բարձրացել են 20-25%-ով: Եվ դա այն դեպքում, երբ աշխատավարձերի եւ սոցիալական այլ վճարումների ավելացումը կազմել է ընդամենը 8%: Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ յուրաքանչյուր տարի Հայաստանի բնակչությունը դեպի բարեկեցություն բարձրանալու փոխարեն իջել է դեպի աղքատություն:
Երկրորդ պատճառը ֆինանսական ծանր կացությունն է, որի մեջ հայտնվել է երկիրը՝ օրեցօր մեծացող արտաքին եւ պետական պարտքերի պատճառով: Այսօր արդեն Հայաստանի արտաքին պարտքը հասել է 3.5 մլրդ դոլարի սահմանին, եւ 2011թ.-ին այն կազմելու է մոտավորապես 4 մլրդ դոլար: 2011 թվականին արտաքին պարտքի սպասարկման վրա ծախսվելու է մոտավորապես 220-230 մլն դոլար, որը կազմելու է 2011 թ. Հայաստանի պետական բյուջեի 5%-ը: Բացի այդ, հասարակական լայն զանգվածների համար անհասկանալի են, թե ուր են ծախսվում ոչ միայն հսկայական վարկային միջոցները, այլեւ միլիոնավոր դոլարների ու եվրոների օգնությունները Հայաստանին: Վերջերս ինքը՝ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, խոստովանեց, որ վարկային միջոցները անարդյունավետ են օգտագործվել եւ գնումներ են կատարվել արհեստական բարձր գներով: Հասարակության մեջ կարծրացած է այն գիտակցությունը, որ օգնություններն ու վարկերը հայտնվում են առանձին բարձրաստիճան իշխանավորների գրպաններում կամ օվշորային գոտիներում գործող բանկային հաշիվներում:
Երրորդ պատճառը մոնոպոլ տնտեսակարգի բացարձակ իշխանությունն է երկրում, եւ առանձին ապրանքների արտադրության ու ներկրման ոլորտում իշխանության կողմից հովանավորվող անձինք բացարձակ թելադրող դերակատարում ունեն եւ կարողանում են անպատիժ եւ անվերահսկելի գերշահույթներ ապահովել:
Չորրորդ պատճառը անհատների ու մարդկանց խմբերի անպաշտպանվածությունն է իշխանավորների եւ օլիգարխների ոտնձգություններից ու անօրինական քմահաճույքներից: Եթե այդ բոլորին գումարենք նաեւ ներքին եւ արտաքին չհաջողված քաղաքականությունը, որը հասարակական գիտակցության մեջ առաջացրել է ապագայի նկատմամբ խորը հիասթափություն եւ անվստահություն, ապա հասկանալի կդառնան այն կարեւոր պատճառները, որոնք հնարավոր կդարձնեն Ռոբերտ Քոչարյանի վերադարձը ակտիվ քաղաքականություն:
Երկրորդ նախագահի նախագահության վերջին տարիներին բյուջեի պակասորդը կազմել է 2%-ից պակաս, իսկ միջին տարեկան ինֆլյացիան, տնտեսության 12-13% աճի պայմաններում, 2-4% էր: Միաժամանակ, բյուջետային ֆինանսավորումը 2007 թ. կազմում էր կապիտալ շինարարության ընդամենը 7%-ը, հետեւողականորեն ավելացվում էին ոսկեարժույթ պահուստները, իսկ 2008թ. սկզբին միայն ֆինանսների նախարարության հաշիվների ազատ մնացորդը կազմում էր 100 մլրդ դրամ:
Ռոբերտ Քոչարյանի խոսքերով՝ իր նախագահության օրոք՝ 1998-2008 թվականներից ՀՆԱ-ի նկատմամբ արտաքին պարտքի հարաբերակցությունը 46%-ից կրճատվել էր մինչեւ 13%:
Ակնհայտ է, որ վերջին տարիներին մարդկանց կյանքի մակարդակը զգալի անկում է ապրել, ու անկախ այդ անկման օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոններից՝ մարդիկ այսօր հակված են համեմատություններ անելու: Ինձ համար ցավալի է գրել այդ մասին, որովհետեւ 2008 թ. նախագահական ընտրություններում ակտիվորեն պայքարել եմ Սերժ Սարգսյանի՝ երկրի նախագահ ընտրվելու համար, եւ ինձ ցավ է պատճառում, որ նա զիջեց իր քաղաքական դիրքերն ու կամաց-կամաց կորցնում է անհատական հասարակական հմայքը, իսկ վերջերս նրա պարտվողական հաշտությունը ՀԱԿ-ի նկատմամբ զարմանք ու ցավ է պատճառում ժողովրդական լայն մասսաներին: Հասարակությունը չի ների ոչ իշխանությանը եւ ոչ էլ ՀԱԿ-ին՝ քաղաքական պայքարի իմիտացիայի միջոցով ընտրողների թիկունքում կատարվող գործարքի համար:
Հայաստանում ժողովրդական ճակատի ստեղծումը հրատապ է նաեւ այն պատճառով, որ իշխանության թույլտվությամբ քաղաքականության մեջ նշանավորվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի գործոնը, որը դրական հետեւանքներ ունենալ չի կարող: Որքան էլ այսօր նա խոսի գործող իշխանության տնտեսական ու քաղաքական սխալների մասին՝ իր իշխանության տարիների Հայաստանը հսկայական հետընթաց անկում ապրեց: Նրա վարած տնտեսական քաղաքականության պատճառով հիմնահատակ ավերվեց զարգացած եւ այն ժամանակվա չափանիշներով՝ տեխնոլոգիապես հագեցած արդյունաբերությունը, իսկ գյուղատնտեսությունը ենթարկվեց արկածախնդրային փոշիացման, որոնց արդյունքները եւ հետեւանքները մինչ այսօր խանգարում են մեր երկրի զարգացմանը: Լեւոն Տեր-Պետրոսյանը հասարակական գիտակցության մեջ ուղղակի ոչնչացրեց ազգային գաղափարախոսությունը, եւ ընտրությունները վերածվեցին ՀՀՇ-ի կամայականությունների ծիծաղելի թատերաբեմի: Նա առաջինը փորձեց դավաճանել արցախյան հաղթանակին, եւ նրա օրոք էր, որ հասարակությունը կորցրեց հավատը սեփական երկրի ու ապագայի նկատմամբ:
Ինչպե՞ս կարելի է երկխոսության մեջ մտնել մի քաղաքական ուժի հետ, որը իշխանությունից դժգոհ սոցիալական խմբերին դարձրեց ամբոխ, իսկ այդ ամբոխը դարձավ մարտի 1-ի հիմնական եւ գլխավոր մեղավորը: Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը զգուշավոր եւ հաշվենկատ քաղաքական գործչի համարում ունի, սակայն վերջին շրջանում նրա կողմից թույլ տրված զիջումները շեշտակիորեն նվազեցրել են նրա քաղաքական համարումը: Այս բոլոր գործընթացները թուլացնում են հասարակական դիմադրողականությունը, եւ հասարակական շահերի հաճախակի դավաճանությունները՝ հանուն իշխանության մղվող պայքարում, խոր հիասթափություն են առաջացրել զանգվածների մոտ: Ուստի գտնում եմ, որ ժամանակն է, որպեսզի Հայաստանի քաղաքական դաշտ վերադառնա ինքնուրույն մտածող, անկոտրում կամքով առաջնորդվող եւ երեւույթների օբյեկտիվ ընթացքը ճիշտ գնահատող քաղաքական գործիչ Ռոբերտ Քոչարյանը: Թե դա ինչ տեսքով կլինի՝ այսօր վաղ է գնահատականներ տալ, սակայն ուզում եմ հիշեցնել, որ Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան համատեղ տանդեմը, որը Հայաստանում առկա էր ավելի քան 10 տարի, հսկայական դրական արդյունք տվեց, եւ հենց այդ ժամանակաշրջանում Հայաստանն ունեցավ տնտեսական ու ռազմական, քաղաքական ու հասարակական լուրջ ձեռքբերումներ:
Ուստի Ռոբերտ Քոչարյանի վերադարձը ակտիվ քաղաքականություն ոգեւորությամբ ու հուսադրմամբ կընդունվի հասարակության կողմից եւ կնպաստի իշխանության հեղինակության եւ վստահության աճին հասարակական լայն շրջանակներում:
Բարձրացված խնդիրների մեծ մասի վերաբերյալ «Առավոտն» ունի տրամագծորեն հակառակ տեսակետը: