Մայիսի 29-ին կայանալիք Իջեւանի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրվել է 27 թեկնածու: Մայիսի 29-ին պետք է ընտրվի համայնքի ավագանու 15 անդամ: Թեկնածուներից 5-ը հանրապետական են, երկուսը՝ դաշնակ, մեկական ԲՀԿ-ական եւ ՕԵԿ-ական, մնացածը՝ անկուսակցական:
27-ից երկուսը՝ Վազգեն Մարգարյան են: Վազգեն Վոլոդյայի Մարգարյանը Իջեւանի առողջության պահպանման առաջնային կենտրոնի բժիշկ է, անկուսակցական: Վազգեն Սանդրոյի Մարգարյանը ոչ մի տեղ չի աշխատում, նա եւս անկուսակցական է: Մեր տվյալներով՝ վերջինս նախկինում դատապարտվել է գողության համար:
Հիշեցնենք, որ նախկին ավագանու անդամներից ութը 2009-ին փորձեցին անվստահություն հայտնել Իջեւանի քաղաքապետին, սակայն մարզպետարանում եւ ՀՀ կառավարությունում գտան, որ անվստահություն հայտնելու հիմքեր չկան: Այս ութից միայն 6-ն է առաջադրել իր թեկնածությունը:
Ավագանու թեկնածուների թվում է նաեւ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Իջեւանի տարածքային ստորաբաժանման պետ, հանրապետական Կոլյա Խաչատրյանը: Անցյալ տարի ոստիկանությունը նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի առաջին մասով (պաշտոնեական դիրքի չարաշահում): Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը արդարացրել էր նրան, դատախազությունը բողոքարկել էր արդարացման դատավճիռը, սակայն քրեական գործերով վերաքննիչ դատարանը մերժել էր բողոքը: Տավուշի մարզի դատախազությունը պատրաստվում է այս գործով դիմել վճռաբեկ դատարան: