Հարեւան վեց գյուղերի աշակերտները համատեղ ծրագրեր են իրականացնում ու օգնություն ստացողից դարձել են օգնող
Մրցույթներում հաղթած լուսանկարները:
2010 թվականի մայիսի 21-ին տեղեկացրել ենք, որ Հայաստանը 2008 թվականից միացել է մոտ 20 տարի առաջ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի «Քաղաքացիական կրթության կենտրոնի» սկսած նախաձեռնությանը, որի նպատակն է բարձր դասարանների աշակերտների, պատանիների եւ երիտասարդության շրջանում իրականացնել քաղաքացի դաստիարակելու ծրագիր, մարդ՝ որը կունենա քաղաքացիական հասարակությունում ապրելու հմտություններ, ունակություններ եւ գիտելիքներ: Նախաձեռնությունը Հայաստանում անվանվել է «Քաղաքացի նախագիծ. համայնքային խնդիրների հետազոտում», եւ երեխաներին սովորեցնում է թիմային աշխատանքով բացահայտել իրենց համայնքի առջեւ ծառացած խնդիրները, գտնել դրանցից ամենահրատապ լուծում պահանջողն ու մշակել լուծման ուղիները, ֆինանսավորման աղբյուրներ մատնանշել:
Հայաստանի մանուկների հիմնադրամի (COAF) աջակցությամբ, «Քաղաքացի» նախագծին մասնակցում են նաեւ Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի դպրոցի աշակերտները: Երեխաներին ակտիվությունը դուր է եկել եւ չեն բավարարվել միայն այս նախագծով:
Առաջինը, որ արել են երեխաները, դիմել են Դալարիկի գյուղապետարան՝ դպրոցի բակը ասֆալտապատելու խնդրանքով: Երեխաների մշակած ծրագիրը գյուղապետի սրտով է եղել եւ նա խոստացել է այս աշնանը լուծել հարցը:
Դալարիկի դպրոցի նման աշակերտական խորհուրդներ ու ակտիվ երեխաներ ունեն նաեւ հարեւան Լեռնագոգ, Քարակերտ գյուղերի դպրոցները: Այս խորհուրդները համատեղ ծրագրեր են անցկացնում: Օրինակ, հերթով շաբաթօրյակներ են անում իրենց գյուղերում: Կամ Դալարիկի երեխաները հագուստ, գրենական պիտույքներ են հավաքում եւ տրամադրում Քարակերտի սոցիալապես անապահով երեխաներին: «Մեր գյուղում չբաժանեցինք, որ հանկարծ մի երեխա անզգուշաբար մյուսին չասի՝ իմ շորն ես հագել»,- պատմում է նախաձեռնության հեղինակ Արմինե Համբարձումյանը:
Դալարիկցի Սիրանուշ Ղազարյանի եւ Արաքսյա Պոդոսյանի նախաձեռնությամբ էլ, հայկական բանակի հերթական տարեդարձի առթիվ, Դալարիկի մարդաշատ վայրերում փակցվել են հայկական բանակին նվիրված ու դալարիկցի երեխաների հեղինակած լուսանկարներ: Աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ ներկվել է դպրոցի ցանկապատը: Հիմա մտադիր են լուծել դարպաս տեղադրելու հարցն ու դպրոցի բակում ծառատունկ կազմակերպել:
Սուրբ Զատիկի առիթով դալարիկցի երեխաները դպրոցում «Զատկի լավագույն սեղան» մրցույթ են կազմակերպել: Հաղթողները պատվոգրեր են ստացել, նյութական պարգեւ չի եղել: «Պարգեւն այն էր, որ օգտվեցին այդ սեղաններից»,- հայտարարեց Սիրանուշ Ղազարյանը:
Դալարիկի դպրոցում կան աշակերտ-նախարարներ՝ տեղեկատվության, կրթության, կամավորության, բնապահպանության, իրավունքի եւ այլն: Իրավունքի նախարարը, օրինակ, կանի ամեն ինչ, որ աշակերտի իրավունքը չոտնահարվի, միաժամանակ այս նախարարի նախաձեռնությամբ դպրոցի միջանցքներում հայտարարություններ են փակցվել, որից աշակերտները տեղեկանում են, որ «արգելվում է դպրոց հաճախել սպորտային համազգեստով»:
Դալարիկի դպրոցի աշակերտները սեփական թերթ ունեն՝ «Մենք», որ ամիսը մեկ է ներկայանում ընթերցողներին: Հարեւան գյուղերի դպրոցների աշակերտներն էլ թերթ ունեն՝ «Որոտ», «Ճիչ» եւ այլն: Թերթերում գրում են այն ամենի մասին, ինչ անում են ու ինչը հետաքրքիր է իրենց եւ իրենց հասակակիցներին, հետո քննարկում են թեմաները: Դպրոցական օլիմպիադաների մասին են գրում ու նաեւ տեղեկացնում, թե երբ, որտեղ եւ ինչպես են առաջացել մարզական օլիմպիական խաղերը: Հարցում են անցկացնում՝ պարզելու, թե որ առարկան է ամենասիրելի ու նաեւ հայտարարում մրցույթներ ու որոշում ամենամաքուր դասարանը, լավագույն երգող աշակերտին, լավագույն լուսանկարիչ աշակերտին:
Դարձյալ Հայաստանի մանուկների հիմնադրամի (COAF) աջակցությամբ Դալարիկ, Լեռնագոգ, Քարակերտ գյուղերում տեսա եւ լուսանկարահանման, լուսանկարների հետ աշխատելու համակարգչային ծրագրերի դասընթացներ են կազմակերպվել: Արդեն երեք տարի է, ինչ Լիտվայի Կաունաս քաղաքում «Կադրաս» ստուդիայի նախաձեռնությամբ կազմակերպվում է «Երիտասարդ մարդը 21-րդ դարում» պատանի լուսանկարիչների մրցույթ: Երեք տարի էլ հայկական վերը նշված գյուղերի երեխաները լուսանկարներ են ուղարկում մրցույթին: Ուղարկվել է մոտ 50 նկար: Երեք տարի էլ մեր երեխաները մրցանակ են ստացել: 2009-ին 66 լուսանկարիչների 577 լուսանկարների մեջ Հայաստանը ներկայացնող 10 երեխայի աշխատանք է եղել: 7-ը հայտնվել է մրցույթի արդյունքները ամփոփող գրքում՝ 100 լավագույնների մեջ: 2010-ին 230 պատանի լուսանկարիչների 2189 աշխատանքների մեջ լեռնագոգցի Բուրաստան Գեւորգյանն ու դալարիկցի Լիլիթ Խաչատրյանը հատուկ մրցանակի են արժանացել: Իսկ այս տարի դալարիկցի Գեւորգ Կարապետյանն է հատուկ մրցանակ ստացել: «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» Երեւանում կազմակերպված մրցույթ-ցուցահանդեսում, որին մասնակցում էին Հայաստանի բոլոր դպրոցների աշակերտները, առաջին երկու տեղերը զբաղեցրել են Դալարիկի եւ Լեռնագոգի երեխաների հեղինակած լուսանկարները: Հայաստանի մանուկների հիմնադրամի կազմակերպած բարեգործական ճաշի ժամանակ վաճառվել են երեխաների լուսանկարները եւ գոյացած գումարն ուղղվել է նույն գյուղերում զարգացման ծրագրերի իրականացմանը: 2010 թվականի հունվարին Հայիթիում տեղի ունեցած ավերիչ ու հազարավոր մահերի պատճառ դարձած երկրաշարժից հետո ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակում կազմակերպվեց երեխաների ձեռքի աշխատանքների, այդ թվում՝ լուսանկարների ցուցահանդես-վաճառք, որից գոյացած ողջ գումարը ուղղվեց Հայիթիի տուժածներին: Ցուցահանդեսին ներկայացված էին նաեւ Լեռնագոգի ու Քարակերտի երեխաների ձեռքի աշխատանք լուսանկարները: «Տարիներ առաջ մենք էինք նման օգնություններ ստանում, հիմա կարող ենք օգնել ուրիշներին»,- ասացին երեխաները:
Լուսանկարահանման դասընթացները վարում է լուսանկարիչ Արմեն Կարապետյանը, ով էլ տեղեկացրեց, որ երեխաները շատ ավելի մեծ արդյունքների են հասնում, քան ակնկալվում էր, քանի որ սահմանափակումներ չկան, երեխաները ազատ ստեղծագործում են:
Դալարիկի աշակերտական խորհրդի սենյակում բացառապես աղջիկներ էին ու տպավորություն էր ստեղծվում, թե տղաները ակտիվ չեն: «Ակտիվ են, տղաները անում են, աղջիկները՝ ներկայացնում»,- կեսկատակ ասաց Սիրանուշ Ղազարյանը: