Լրահոս
Օրվա լրահոսը

«Կերել են» 113 մլն դրամ

Մայիս 18,2011 00:00

\"\"ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ յուրացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առիթով: Դատախազության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրելով ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացված կենսաթոշակների նշանակման եւ վճարման ճշտության ստուգման արդյունքներով կազմված ակտերի հիման վրա նախապատրաստված նյութերը՝ պարզել է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կենսաթոշակների նշանակման, վճարման եւ վերահսկողության բնագավառներում կազմակերպական-տնօրինչական լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները չկատարելու, պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ գրառումներ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով մահացած կենսաթոշակառուների անվամբ, ժամկետանց լիազորագրերի հիման վրա, կրկնակի թոշակներ նշանակելու եւ ավել հաշվարկված ստաժի հիման վրա 2009-2010թթ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից դուրս են գրել եւ վճարել առանձնապես խոշոր չափերի՝ 113 181 900 դրամ գումար, որը յուրացվել է, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է ծանր հետեւանքներ առաջացնող էական վնաս:
Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատը ստուգումներ էր անցկացրել նախկինում Վազգեն Խաչիկյանի ղեկավարած սոցիալական ապահովության ծառայությունում եւ բացահայտել անհավանական խախտումներ. մասնավորապես, հայտնաբերվել էր մահացած մարդկանց մի մեծ ցուցակ, որոնց անունով երկար ժամանակ կենսաթոշակ է հատկացվել։ Ստուգումների արդյունքների հրապարակումից հետո նախագահ Սարգսյանի հանձնարարությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը աշխատանքից ազատեց Վազգեն Խաչիկյանին:
Ինքը՝ Վազգեն Խաչիկյանը, այս օրերին գտնվում է Գերմանիայում՝ սրտի հետ խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել