Լրահոս
Օրվա լրահոսը

Նախադեպ՝ դատական պրակտիկայում

Մայիս 18,2011 00:00

Համլետ Մանուկյանը հայցով դիմել էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարան՝ «Տրանս» Վարորդ-ոստիկան համագործակցություն» ՍՊ ընկերության եւ Գեւորգ Դոստուրյանի դեմ՝ խնդրելով հօգուտ իրեն նրանցից բռնագանձել 5 500 000 ՀՀ դրամ, որպես պարտավորության կատարում:
Այս տարվա հունվարի 14-ին ընդհանուր իրավասության դատարանը մերժեց  հայցապահանջը, իսկ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը գործը ուղարկեց նոր քննության, դարձյալ՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարան:
Նոր քննության արդյունքում դատավոր Ալվարդ Հունանյանի վճռով հայցը մասնակիորեն բավարարվեց:
ՍՊԸ-ն եւ Գեւորգ Դոստուրյանը վճռաբեկ բողոք են բերել ընդհանուր իրավասության դատարանի դեմ:
Ի՞նչ է կատարվել, ի՞նչ բողոքի մասին է խոսքը:
Ըստ գործի նյութերի, Հ. Մանուկյանը դատարանում հայտնել է, որ 2009թ. մարտի 2-ին իր, Գեւորգ Դոստուրյանի եւ «Տրանս» Վարորդ- ոստիկան համագործակցություն»  ՍՊԸ-ի միջեւ կնքվել է համատեղ գործունեության պայմանագիր, հանաձայն որի, կողմերը պետք է կազմակերպեին անհատ տաքսու վարորդների շահերի սպասարկումը:
2009թ. մարտի 9-ին Հ. Մանուկյանը նշանակվում է վերոնշյալ ՍՊԸ-ի տնօրեն: 15 օր հետո Հ. Մանուկյանը հեռացվում է ՍՊԸ տնօրենի պաշտոնից, քանի որ չի կարողանում իրականացնել աշխատանքները:
Համատեղ գործունեություն, որպես այդպիսին, տեղի չի ունենում, եւ ՍՊԸ-ի լիցենզիա ստանալու վարույթը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից կարճվում է:
Գեւորգ Դոստուրյանը դատարանին տեղեկացնում է, որ իրենց միջեւ կնքված պայմանագիրը առոչինչ է: Նա եւ ՍՊԸ ներկայացուցիչը մեջ են բերում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1026 հոդվածը, համաձայն որի՝ 2 եւ ավելի անձինք, որոնք համատեղ գործունեություն են իրականացնում, պարտավորվում են միացնել իրենց ավանդները, գործել համատեղ եւ շահույթ ստանալու դեպքում էլ լինել հավասար: Իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1027 հոդվածի համաձայն էլ, ավանդ համարվում է այն գույքը, որը ներդրվել է, մասնագիտական գիտելիքները, գործարար կապերն ու գործարար համբավը:
Գ. Դոստուրյանը պնդում է, որ Հ. Մանուկյանը ոչինչ չի ներդրել, ոչինչ չի ձեռնարկել՝ զբաղեցնելով տնօրենի պաշտոնը:
Նա անգամ չի կարողացել տաքսի ավտոմեքենաների համար հաշվիչներ ձեռք բերել, քանի որ ֆինանսական միջոցներ չի ներդրել:
Սակայն պայմանագրում եռյակը ստորագրել է  7.5 կետը, որն էլ դարձել է կամ կարող է դառնալ դատական պրակտիկայի համար նախադեպ:
Ըստ այդ կետի, կողմերը եկել են համաձայնության, ըստ որի՝ գործընկերների կամ գործընկերոջ կողմից իր նախաձեռնությամբ համատեղ գործունեության դադարեցման դեպքում գործից դուրս հանած գործընկերոջը վճարել 5 500 000 ՀՀ դրամ:
Դատարանը բավարարել է հենց այս հայցապահանջը՝ գումարի մասով:
Վերաքննիչ դատարանը բողոքը թողել է ուժի մեջ:
Գ. Դոստուրյանը դիմել է Արդարադատության խորհրդին, հայտնելով, որ դա կարող է դառնալ անհաջող նախադեպ ՀՀ արդարադատության համար: Պայմանագրի կողմերը՝ ՍՊԸ-ն եւ Գ. Դոստուրյանը կարող են նույնատիպ հայցով դիմել դատարան: Ըստ Գ. Դոստուրյանի. «Պայմանագրի երկու կողմերը չեն եղել տնօրեն, տնօրեն է եղել Հ. Մանուկյանը, որը պարտավոր էր հրավիրել ժողով՝ ավանդներ ներդնելու համար: Ասացեք, ինչպես պետք է մենք աշխատեինք, երբ հաշվեկշռում չկար ոչ մի լումա»:
Պայմանագրի այդ կետի համաձայն, կողմերից յուրաքանչյուրը հնարավոր հաղթողներ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել