Որդիս՝ Արման Մաթեւոսյանը, 2004 թ. նոյեմբերի 24-ին գնել է Երեւանի Տերյան թիվ 3 շենքի 12-րդ բնակարանը։ 2006թ. գործի բերումով մեկնել է Ռուսաստան։ 2008 թ. ապրիլին, վերադառնալով Երեւան, նկատել է, որ իր բացակայության ընթացքում հարակից՝ 23-րդ բնակարանի սեփականատեր Մ. Կարապետյանը շենքի արտաքին պատից ապօրինաբար առաջանալով 4 մետր, ոտնահարելով բազմաբնակարանային շենքի համակեցության կանոնները եւ որդուս ընտանիքի առողջությանը սպառնացող վտանգավոր պայմաններ ստեղծելով, ինքնակամ կառուցել է 21,3 քմ քարե փակ պատշգամբ՝ ամբողջովին փակելով որդուս բնակարանի պատուհանը եւ, համաձայն ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան լաբորատորիայի փաստաթղթի, զրկել է բնական լույսից։
Կատարված ապօրինության մասին որդիս տեղեկացրել է Կենտրոն թաղապետարանին, Երեւանի քաղաքապետարանին, ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչությանը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանմանը:
Մեր դիմում-բողոքներին համարժեք լուծում տալու փոխարեն, նշված կազմակերպությունները ձեն-ձենի տված, մեզ ցույց տվեցին մեր «արդար» դատարանի ճանապարհը։
2009 թ. հուլիսի 1-ին որդիս դիմեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Դատական առաջին նիստը կայացավ 9 ամիս անց, իսկ այդ ժամանակամիջոցում պատասխանող կողմը կարողացավ բոլոր հարցերը «լուծել» իր օգտին։ Հետեւեց վերոնշյալ դատարանի 2010 թ. մարտի 25-ի դատավճիռը, համաձայն որի՝ հայցը մերժվեց, առանց հաշվի առնելու, որ ապօրինությունը թույլ է տրվել որդուս բացակայության ժամանակ եւ առանց նրա համաձայնության։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը հինգ րոպե տեւած նիստում մերժեց հայցը՝ ուժի մեջ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի վճիռը։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատը ընդհանրապես քննության չառավ հայցը։
Մենք բազմիցս լսել էինք Հայաստանում տեղի ունեցող անարդարության, ապօրինության, անօրինականության, բյուրոկրատական քաշքշուկի, կոռուպցիայի եւ հովանավորչության դրսեւորումների մասին, սակայն այն, ինչ դատարանների կողմից արվեց որդուս նկատմամբ, դժվար է մեկնաբանել։ Փաստորեն, որդուս ընտանիքին Աստծո լույսից օրը ցերեկով գազանաբար զրկողին եւ անօրինական կառուցողին ախորժալիորեն շահագրգռված մեր չակերտավոր դատավորները ձեռ-ձեռի տված վերցրին իրենց հովանավորության տակ՝ ոտնահարելով սեփականատիրոջ օրինական իրավունքները, ապացուցելով նաեւ, որ մեր իրականության մեջ ճշմարտություն եւ արդարություն որոնելը զուր է։
Դիմելով Ձեզ՝ ակնկալում ենք Ձեր միջամտությունն ու աջակցությունը։