Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապուշությունները» մի լսեք

Մայիս 18,2011 00:00

«Ես գոհ չեմ մեր հղի կանանց ֆիզիկական պատրաստվածությունից, որովհետեւ մեծ մասամբ նրանց միտքն ու աշխատանքն ուղղված են սիրուն կազմվածք ունենալուն ու պահպանելուն». երեկ, խոսելով հղի կանանց ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստվածության մասին, նման կարծիք հայտնեց Առողջության պահպանման եւ ընտանիքի պլանավորման կենտրոնի վերարտադրողականության բաժնի ղեկավար, ԵՊԲՀ մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ Գեորգի Պողոսյանը՝ ժողովրդի լեզվով ասած՝ «Գեորգի Կիմիչը»: Ըստ Գ. Պողոսյանի՝ ֆիզիկապես մեր կանայք, աշխարհի այլ երկրների կանանց համեմատությամբ, երեւի վերջին տեղում են գտնվում, քանի որ իրենց ավելի շատ հիվանդ են զգում, քան՝ հղի: «Սպորտով չեն զբաղվում, ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է փոքր, գերադասում են քաղցած մնալ, քան թե ֆիզիկական վարժություններով «մաշել» կազմվածքի ավելորդ մասերը, եւ այս ամենը լուրջ խնդիրներ է առաջացնում ինչպես հղիության ընթացքում, այնպես էլ ծննդաբերելիս»,- համոզված է Գ. Պողոսյանը: Նա խորհուրդ տվեց  հղի կանանց՝ նախքան ծննդաբերությունը հոգեբանորեն պատրաստվել, քանի որ  եթե  գիտակցորեն  վերաբերվեն ցավին եւ հստակ պատկերացնեն, թե ինչ է լինելու, ապա շատ ավելի հեշտ կդիմանան: «Հայկական մտածելակերպով հղիության շրջանում կինը ոչ միայն լողով չի զբաղվում, այլեւ անգամ չի լողանում: Բայց նրանց ամեն ինչ պետք է բացատրեն մասնագետները, թե չէ՝ այդ գործը մեծամասամբ տատիկներն են անում, որոնք մեր հայկական ավանդույթների կրողն ու շարունակողն են, սակայն իրականում ինչպես ջահել ժամանակ էին ապուշ, այնպես էլ հիմա ապուշ-ապուշ բաներ են անում` կանանց համար սոսկալի վիճակ ստեղծելով»,- ասաց Գ. Պողոսյանը: Ասուլիսին ներկա «Ավետիս» հղի կանանց ուսուցման կենտրոնի ներկայացուցիչ Կարեն Վարդանյանն էլ նշեց, որ իրենց կենտրոնի մասնագետները հղի կանանց տրամադրում են մանրակրկիտ ինֆորմացիա հղիության մասին, նպաստում են վախի վերացմանը եւ հղի կինը ծննդաբերության է գնում՝ ֆիզիկական ու հոգեկան ճիշտ պատրաստվածությամբ: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել