Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛չ կարգավիճակ են տալիս, ո՛չ տուն

Մայիս 18,2011 00:00

\"\"Մեր երկրի անօթեւան փախստականների խնդիրը լուծելու նպատակով, երեկ Երեւանում տեղի ունեցավ միջազգային համաժողով, որի նպատակն է համատեղել ՀՀ կառավարության եւ միջազգային դոնոր հանրության ջանքերը: Խոսքը մասնավորապես 1988-92թթ. Ադրբեջանից բռնագաղթած առավել կարիքավոր փախստականների բնակարանային ապահովության մասին է: Համաժողովին ներկա էին նաեւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշը, միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի տվյալներով, 1988-1992թթ. իրենց մշտական բնակավայրերից տեղահանվել են կես միլիոնից ավելի հայեր, որոնցից 360 հազարը ապաստանել է Հայաստանում: Արցախյան պատերազմի արդյունքում անտուն են մնացել նաեւ մեր երկրի սահմանամերձ շրջանների բնակիչներ, որոնք մոտ 72 հազար են կազմում: Հայկական կողմը համաժողովի ընթացքում ներկայացրել է «Բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագիրը», որով նախատեսվում է առաջնահերթ կարգով լուծել ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականների բնակարանային ապահովության հարցը։
Մեր երկրի փախստական ընտանիքները դեռեւս ապրում են կենցաղային պայմաններից զուրկ հանրակացարաններում եւ հյուրանոցային հաստատություններում: Մեր պետության աջակցությունն այս 20 տարիների ընթացքում այն է եղել, որ 359 փախստական ընտանիքի սեփականաշնորհել են իրենց կողմից զբաղեցրած հանրակացարանային բնակելի տարածքները։ 215 ընտանիքի համար էլ քոթեջներ են կառուցվել Նորվեգական խորհրդի միջոցների հաշվին: Ներկայումս բնակարանի հրատապ կարիք ունեցող 1200 փախստական կա, նրանց բնակարանային հարցերը լուծելու համար կպահանջվի $40-45 մլն: Այս գումարը մեր երկրի պատասխանատուները ակնկալում են ստանալ միջազգային դոնոր կառույցներից։
Նկատենք, որ փախստականների մի ստվար հատված կրկին դուրս մնաց այս ծրագրից: Նրանք 1990-ականներին ԼՂ-ից Հայաստան արտագաղթած, մասնավորապես՝ Մարտակերտի շրջանի մոտ 5-6 բնակավայրերի բնակիչներ են, որոնց գյուղերն այսօր գտնվում են կամ չեզոք գոտում, կամ ադրբեջանցիների հսկողության տակ: Չնայած այդ հարյուրավոր մարդկանց տները ազերիները թալանել են, այրել, ու նրանք այլեւս հնարավորություն չունեն վերադառնալու իրենց բնակավայրերը, մեր պետությունը նրանց փախստականի կարգավիճակ չի տալիս:
Նրանք այսօր Հայաստանում էլ տուն չունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել