Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՌՆԱԲԱՐՎՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ՝ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ

Մայիս 18,2011 00:00

\"\"Ամուսինների կողմից սեռական բռնության ենթարկված  կանայք չեն դիմում ոստիկանություն

Այն, որ հայ կանանցմի րրոշ մասի նկատմամբ ծեծն ու ջարդը, հոր տուն գնալն արգելելն ու սեփական կնոջը սեռական բռնության ենթարկելը սովորական երեւույթ են, եւ շատ հայ տղամարդիկ դրան նորմալ են վերաբերվում եւ ինչ-որ տեղ էլ խրախուսում են, ապա միանգամայն անհասկանալի է, թե կանայք ինչպես են դրան նորմալ վերաբերվում: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի եւ ազգային վիճակագրական ծառայության համապետական հարցման արդյունքները փաստում են, որ մեր երկրում որոշ կանայք նորմալ են վերաբերվում իրենց ամուսինների կողմից բռնության ենթարկվելուն եւ դեմ են որեւէ պատկան մարմնի միջամտությանն իրենց հարաբերություններին: Հարցման տվյալներով, 15-59 տարեկան 2763 կանանց 8,9%-ը ենթարկվել է ֆիզիկական բռնության՝ ինտիմ զուգընկերոջ կողմից: Ֆիզիկական բռնության ենթարկված ամեն 5-րդ կինը նաեւ սեռական բռնության զոհ է, իսկ սեռական բռնության ենթարկված 5 կանանցից 4-ը ենթարկվել է ֆիզիկական բռնության: Այսինքն՝ ինչպես հարցմանը մասնակցած կանայք են վստահեցրել՝ կամ մի լավ ծեծ են կերել, կամ նրանց վրա մի բան են նետել, ապտակել, հրել, սպառնացել զենքով, փորձել խեղդել, վառել:
Հաճախ հայ տղամարդիկ կնոջ ինքնուրույնության հետ չեն հաշտվում, եւ որպեսզի նրանց իրենցից կախման մեջ պահեն՝ արգելում են աշխատել: Սա կանանց նկատմամբ բռնության տնտեսական ձեւն է: Հարցված կանանց 7,4%-ին ամուսինը կամ զուգընկերը արգելել է աշխատել, իսկ աշխատող կանանց 9%-ից վերցրել են աշխատավարձը: Ընդ որում, հարցումն ամփոփած մասնագետները գտնում են, որ այն կանայք, որոնք տնտեսապես կախման մեջ են տղամարդուց՝ դժվարանում են վերջ դնել իրենց բռնարար փոխհարաբերություններին: Հայ տղամարդիկ չեն ընդունում նաեւ կանանց ազատությունը եւ ամեն կերպ վերահսկում են նրանց բոլոր քայլերը կամ մեկուսացնում են շրջապատից՝ արգելելով շփվել ընկերների, հարեւանների եւ ընտանիքի հետ: Նման վիճակում է հայտնվել հարցվածների 61%-ը: Ներընտանեկան բռնության մեջ ամենատարածվածը հոգեբանականն է: Կանանց մոտ 25%-ը վիրավորանք է ստացել ինտիմ զուգընկերոջից, նվաստացվել է այլ մարդկանց ներկայությամբ, ահաբեկվել է՝ տան իրերը կոտրելու կամ այլ ճանապարհներով: Շատ տղամարդիկ իրենց կանանց հոգեբանական բռնության են ենթարկում՝ սպառնալով վնասել նրա հարազատներին:
Եթե որոշ տղամարդկանց համար կնոջը ծեծելը պապենական ավանդույթ է, եւ դա նորմալ են համարում, ապա շատ տղամարդիկ կանանց ծեծելու մեղքը բարդում են սոցիալական վատ պայմանների վրա: Հարցման տվյալներով՝ ինտիմ զուգընկերոջ բռնի վարքի պատճառներից ամենատարածվածը տղամարդկանց աշխատավայրում դժվարություններն ու ընտանիքում առկա խնդիրներն են: Կանանց կարծիքով, տղամարդու ագրեսիան ծագում է անկայուն տնտեսական վիճակից, գործազրկությունից եւ ֆինանսական խնդիրներից:
Չնայած հարցված կանայք ընդունում են, որ տարբեր տեսակի բռնությունների են ենթարկվում ամուսինների կամ զուգընկերների կողմից, սակայն ոչ բոլորն են համաձայն, որ ընտանեկան բռնությանը պետք է միջամտի օրենքը: Հարցված կանանց 54%-ը դեմ է խնդիրը օրենսդրորեն կարգավորելուն, քանի որ ընտանեկան բռնությունը համարում են անձնական խնդիր: Հարցվածների 31,1%-ն է համաձայն օրենքի միջամտությանը: Եթե կինը համով կերակուր չի պատրաստել, ամուսնու վերնաշապիկը չի արդուկել կամ մերժել է սեքս անել ու դրա համար, ասենք՝ ծեծ է կերել, հարցված բոլոր կանայք դատապարտում են: Սակայն կնոջ դավաճանության դեպքում ամուսնուց ծեծ ուտելը, պարզվում է, ընդունելի է շատ կանանց համար. հարցվածների 34,3%-ն արդարացնում եւ ներում են այն ամուսնուն, որը ծեծում է իր կնոջը, երբ հայտնաբերում է նրա դավաճանությունը։ Ընտանեկան բռնության ենթարկված կանանցից քչերն են դիմում իրավապահներին, քանի որ օրենքն էլ մեր երկրում լիարժեք չէ: Այս զեկույցի փորձագետները գտնում են, որ կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնության բոլոր ձեւերին պետք է վերաբերվել որպես օրենքով պատժելի քրեական հանցագործություն: Նրանց կարծիքով՝ Քրեական եւ Ընտանեկան օրենսգրքերում անհրաժեշտ է ներառել «արյունապղծություն» (ինցեստ), «ընտանեկան բռնություն», «ամուսնական բռնաբարություն», «կամքին հակառակ սեռական հարաբերություն» տերմինները: Այսինքն՝ եթե մինչ օրս այս տերմինները օրենքից բացակայում են, դա նշանակում է, որ մեր հասարակությունը ամուսնու կողմից սեռական բռնության ենթարկվելը համարում է ոչ թե բռնաբարություն, այլ՝ կնոջ պարտականություն:
Եվ եթե բռնության ենթարկված կանայք փորձեն պաշտպանել իրենց իրավունքները եւ հայրական օջախ վերադառնալու փոխարեն մեկուսանան չեզոք եւ անվտանգ ինչ-որ վայրում, ապա դժվար թե դա նրանց հաջողվի: Քանի որ մեզ մոտ, ի տարբերություն եվրոպական եւ ԱՊՀ շատ երկրների, բռնության ենթարկված կանանց համար պետական որեւէ ապաստան չկա: 2009-ին կառավարությունը նախատեսել էր նման կացարան բացել, սակայն տնտեսական ճգնաժամի պատճառով ցուցակից հանվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել