Այս տարի կլրանա bmi ավիաընկերության (British Midland international)՝ հայաստանյան շուկա մուտք գործելու 15-ամյակը: 1997թ. դեկտեմբերին British Mediterranean Airways ընկերությունը, որը հանդիսանում էր British Airways ավիաընկերության franchise ընկերությունը, սկսեց իր կանոնավոր չվերթները՝ Լոնդոն-Երեւան-Լոնդոն ուղղությամբ՝ British Airways բրենդով: Դրանից տասը տարի անց՝ 2007 թվականի աշնանը, British Midland International ընկերությունը, գնելով British Mediterranean Airways-ը, շարունակեց Լոնդոն-Երեւան-Լոնդոն չվերթները՝ արդեն bmi բրենդով: Հայաստանյան շուկայում գործելու հոբելյանական տարեդարձի առիթով զրուցեցինք bmi-ի հայաստանյան գրասենյակի վաճառքի գծով տնօրեն Սիմոն Ավագյանի հետ:
– Պարոն Ավագյան, Հայաստանում գործունեության 15 տարիների ընթացքում ի՞նչ լուրջ խնդիրների է առնչվել bmi ավիաընկերությունը (նաեւ նրա իրավանախորդ British Mediterranean-ը):
– Խնդիրներ, իհարկե, եղել են, հատկապես՝ գործունեության սկզբնական տարիներին՝ կապված մեր օդանավակայանի խիստ թերզարգացած ենթակառուցվածքների հետ. չկային անհրաժեշտ պայմաններ, որոնք կապահովեին ծառայությունների այն մակարդակը, որոնք մենք ակնկալում էինք, եւ որոնք ընդունված են մեր ավիաընկերության համար՝ սկսած ուղեւորների հաշվառման սրահներից, օդանավերի սպասարկման տեխնիկական հնարավորություններից, վերջացրած համապատասխան ծառայությունների մատուցմամբ: Սակայն տարիների ընթացքում լուրջ բարեփոխումներ եղան մեր օդանավակայանում, եւ այսօրվա դրությամբ այլ օդանավակայանների հետ համեմատած մերը բավականին մրցունակ վիճակում է, եւ, կարծում եմ, բոլոր ավիաընկերություններն էլ պիտի որ այլեւս լուրջ խնդիրներ չունենան «Զվարթնոցի» հետ: Ինչ խոսք՝ դեռ որոշ թերություններ կան, բայց շտկվում են:
– Իսկ որեւէ այլ խոչընդոտների հանդիպե՞լ եք, ասենք՝ Հայաստանում գործունեություն ծավալող բոլոր ընկերությունների համար սովորական դարձած՝ հարկային կամ մաքսային խնդիրներ, կոռուպցիա եւ այլն…
– Խնդիրներ, իհարկե, լինում են, բայց մենք կարողանում ենք մեր շահերը պաշտպանել՝ հիմնվելով ՀՀ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ ավիացիոն փոխադրումների մասին միջազգային համաձայնագրի վրա: Այսօրվա դրությամբ լուրջ, չլուծված խնդիրներ մենք չունենք:
– Ի՞նչ հաճախականությամբ է bmi-ը չվերթներ իրականացնում Երեւանից Լոնդոն:
– Շաբաթական չորս անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ օրերին: Իսկ ցածր սեզոնին՝ հոկտեմբերից մայիս ամիսներին, շաբաթական երեք անգամ: Այժմ քննարկվում է Թեհրան-Երեւան-Լոնդոն չվերթների սխեման, որն ուժի մեջ կմտնի ս.թ. հուլիսի 1-ից: Այն հնարավորություն կտա ունենալ ամենօրյա ուղիղ չվերթ Երեւանից Լոնդոն եւ հակառակը:
– Այսինքն՝ ձեր գործունեությունը խիստ սեզոնային բնույթ է կրում:
– Անշուշտ: Կախված տարվա եղանակից՝ փոխվում է ուղեւորների, հետեւաբար՝ նաեւ թռիչքների քանակը: Ուղեւորների թվի աճի հետ կապված՝ աճում են տոմսի գները: Բարձր սեզոնը սկսվում է, ինչպես ասացի՝ մայիսից եւ տեւում մինչեւ սեպտեմբեր, հոկտեմբեր: Թեեւ ցածր սեզոնի ընթացքում էլ են լինում կարճատեւ ժամանակներ, որոնք համարվում են բարձր սեզոն, օրինակ՝ Ծննդյան տոների կամ Զատիկի շրջանում: Բարձր սեզոնին տոմսի գինը բարձրանում է, որպեսզի կարողանանք փոխհատուցել վնասները, որ կրում ենք ցածր սեզոնին, երբ թռիչքների եւ ուղեւորների քանակը փոքր է, տոմսերն էժան են:
– Ունե՞ք վիճակագրություն, թե հիմնականում ովքեր են ձեր հաճախորդները՝ հայաստանցինե՞ր, թե՞ օտարերկրացիներ:
– Մեր ուղեւորները ե՛ւ Հայաստանի բնակիչներն են, ե՛ւ արտասահմանցիներ: Վերջիններս էլ են երկու խմբի դասվում՝ օտարերկրյա հյուրեր եւ ՀՀ-ում երկարաժամկետ ծրագրերով աշխատող եւ բնակվող արտասահմանցիներ՝ միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ: Հստակ տոկոսային հարաբերություն չեմ կարող ներկայացնել, թե մեր ուղեւորների որ մասն է հայաստանցի եւ որ մասը՝ օտարերկրացի, բայց մոտավորապես 50/50 հարաբերակցությունն է գործում:
– Փաստորեն, այսօրվա դրությամբ Հայաստանից Լոնդոն ուղիղ չվերթով միայն bmi-ի միջոցով է հնարավոր հասնել:
– Այո, Հայաստանից Լոնդոն ուղիղ չվերթը Հայաստանի ողջ պատմության ընթացքում միայն մենք ենք իրականացնում, չհաշված այն մի քանի ամիսը, որ 1996-ին «ՀԱՈՒ»-ն էր Երեւանից Լոնդոն թռնում: Սակայն սկսած 1997-ից՝ այդ ուղղությամբ ուղիղ թռիչքներ իրականացնում է միայն bmi-ն: Ասեմ, որ մեր ուղեւորների հիմնական մասը, այսպես կոչված, «վեցերորդ ազատությունից» օգտվողներն են՝ տրանսֆերային ուղեւորներն են, որոնք Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանից այնուհետեւ թռչում են դեպի Ամերիկա, Եվրոպայի այլ քաղաքներ:
– Իսկ պարզապես Լոնդոն թռչողները քի՞չ են:
– Վերջին տարիներին աճել է նաեւ նրանց թիվը, որովհետեւ Լոնդոնը սկսել է հետաքրքրել տարբեր ուսումնական, բիզնես ծրագրերից օգտվող հայաստանցիներին:
– Ինչպե՞ս է ստացվում, որ մի երկրից մյուսը ուղիղ թռիչքի տոմսն ավելի թանկ է, քան այլընտրանքային ճանապարհով: Օրինակ, ինչո՞ւ է Երեւան-Լոնդոն թռիչքների տոմսը թանկ Երեւան-Մոսկվա-Լոնդոն կամ Երեւան-Պրահա-Լոնդոն չվերթի տոմսից:
– Դա շատ բնական է, որովհետեւ ուղիղ չվերթները ավելի հարմարավետ կարգ են համարվում եւ այդ պատճառով ավելի թանկ են: Մեր ոլորտում ամեն ինչ չէ, որ հաշվվում է մղոններով: Այո, ներկայումս կան չվերթներ դեպի Լոնդոն՝ Մոսկվայով, Վարշավայով, Վիեննայով, Փարիզով եւ այլն. որպեսզի նրանք կարողանան մրցակցել մեզ հետ՝ իրենց գներն ավելի ցածր են դնում, եւ հակառակը՝ եթե մենք Լոնդոնով թռչում ենք դեպի այլ երկիր, մեր գներն են ցածր լինում, որպեսզի կարողանանք ուղեւորներին գրավել:
– Անցած տարի bmi-ը միացավ «Լյուֆթհանզային»: Ինչո՞վ էր դա պայմանավորված:
– Դա աշխարհում ընդունված կարգ է: Ավիացիոն արդյունաբերությունը նման է մի մեծ կաթսայի, որի մեջ եփվում են բոլոր ավիաընկերությունները, եւ փոփոխությունները շատ արագ են կատարվում՝ կախված բիզնեսի արդյունավետության, տվյալ ավիաընկերության դիրքի, նրա հաջողությունների կամ անհաջողությունների հետ… Եվ շուկայական իրավիճակները դրդեցին նրան, որ «Լյուֆթհանզան», որը հանդիսանում էր bmi-ի եւ «Ավստրիական ավիաուղիների» բաժնետերերից մեկը, անցյալ տարեվերջին գնեց այդ ընկերությունները, եւ ներկայումս «Լյուֆթհանզան» վերոնշյալ ընկերությունների ամենամեծ բաժնետերն է եւ համապատասխան քաղաքականություն է վարում աշխարհի բոլոր կետերում, որտեղ գործում են «Լյուֆթհանզայի» ընտանիքի անդամ հինգ ավիաընկերությունները՝ «Լյուֆթհանզան», «Swiss»-ը, «Բրյուսելյան ավիաուղիները», «Ավստրիական ավիաուղիները» եւ bmi-ը: Եվ այս հինգ ընկերություններն աշխատում են «Լյուֆթհանզա» ընտանիքի գործունեությանը եւ բիզնեսին նպաստելու ուղղությամբ:
– Փաստորեն, bmi-ի միանձնյա տերը «Լյուֆթհանզան» է, բայց շարունակում եք հանդես գալ ձեր նախկին բրենդո՞վ:
– Այո, բոլոր հինգ ընկերությունների անունները մնում են նույնը: Ավելին, այս հինգը հանդիսանում են նաեւ մեկ այլ՝ ավելի խոշոր ընտանիքի անդամ՝ Star alliance-ի, որը միավորում է 27 ավիաընկերությունների: Դա արվում է, որպեսզի ավիաընկերությունները կարողանան դիմակայել աշխարհում տիրող մեծ մրցակցությանը: Հայաստանում Star alliance-ի անդամ ենք երեքս՝ bmi-ը, «Ավստրիական ավիաուղիները» եւ լեհական LOT ավիաընկերությունը:
– «Լյուֆթհանզայի» ընտանիք մտնելուց հետո bmi-ի բիզնեսն ավելի լա՞վ է գնում:
– Դեռ վաղ է արդյունքների մասին դատողություններ անել, քանի որ ընդամենը 5-6 ամսվա պատմություն է դա, սակայն ակնկալիքները մեծ են:
– Եթե համեմատեք bmi-Հայաստանի գործունեությունը ԱՊՀ մյուս երկրների հետ՝ ի՞նչ կասեք:
– Հայաստանի շուկան մեծ չէ: Ալմաթի, Բիշքեկ, Բաքու, Թբիլիսի, Մոսկվա՝ սրանք են ԱՊՀ-ում այն ուղղությունները, ուր թռչում է մեր ավիաընկերությունը, եւ ակնհայտ է, որ դրանց համեմատ մեր շուկան համեմատաբար փոքր է, բայց նաեւ գրավիչ է շատ ավիաընկերությունների համար:
– Ինչո՞վ է գրավիչ:
– Հայկական շուկայում նկատվում է ուղեւորահոսքի աճի դրական միտում՝ պայմանավորված թե’ բիզնեսի զարգացմամբ, թե’ ուղեւորահոսքի: Նախկինում մեր հիմնական ուղեւորները ԱՄՆ-ից կամ Ամերիկայի մյուս երկրներից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ մեկնողներն էին, Մեծ Բրիտանիայի հետ կապերը զարգացած չէին, վիզայի խնդիրը կար: Սակայն հիմա լուրջ փոփոխություն կա: Եթե առաջ Երեւանից Լոնդոն մեկնողները մեր ուղեւորահոսքի միայն 20%-ն էին կազմում, մնացածը շարունակում էին ճանապարհը այլ ուղղություններով, ապա այժմ Լոնդոն մեկնողները կազմում են մեր ուղեւորահոսքի 60-65%-ը: Դա մեզ ուրախացնում է, քանի որ bmi-ը բրիտանական ընկերություն է: Օրինակ, Բաքվից դեպի Լոնդոն հոսքն ավելի մեծ է, քանի որ Բաքվում գործունեություն է ծավալում «Բրիթիշ Պետրոլիումը», ընդհանրապես՝ Ադրբեջանում բրիտանական բիզնեսի ներկայությունը շատ հզոր է: Թբիլիսիի հետ համեմատած էլ մեր շուկան ավելի փոքր է:
– Ընդհանուր առմամբ Երեւան-Լոնդոն չվերթները բիզնես տեսանկյունից հաջո՞ղ են:
– Մեր չվերթները առայսօր եկամտաբեր են, ճիշտ է, եղել են ժամանակահատվածներ, երբ, կապված հայաստանյան շուկայում մեծ մրցակցության, ուրիշ ավիաընկերությունների մուտքի եւ նրանց դեմպինգային գնային քաղաքականության հետ՝ ունեցել ենք դժվարություններ, սակայն ամեն դեպքում մեր ջանքերն ուղղված են նրան, որպեսզի ապահովենք Երեւան-Լոնդոն չվերթի եկամտաբերությունը՝ ճիշտ գնային քաղաքականություն եւ ճիշտ ծառայություններ մատուցելու միջոցով, որովհետեւ ամեն ինչ ունի իր արժեքը՝ սերվիսի եւ անվտանգության ապահովման բարձր մակարդակը բնականաբար մեծ ծախսեր է պահանջում, եւ դա նաեւ տոմսի գնի վրա է անդրադառնում, ինչին գումարվում է նաեւ նավթի համաշխարհային գների աճը:
– Փաստորեն, շեշտը դնում եք ոչ թե որակի հաշվին գնի իջեցման, այլ ամեն գնով որակը պահպանելու վրա: Այդ առումով ունե՞ք ձեր հաճախորդի նկարագիրը:
– Բնականաբար: Մենք ունենք մեր կորպորատիվ հաճախորդները, որոնք հիմնականում Հայաստանում երկարատեւ գործունեություն ծավալած անձինք են, դիվանագիտական կորպուսը, արտասահմանյան տարբեր ծրագրեր իրականացնող կազմակերպություններ, որոնք ավանդաբար օգտվում են մեր ծառայություններից եւ չեն ցանկանում փոխել իրենց ավիաընկերությունը՝ նույնիսկ գնային տարբերություններից ելնելով, որովհետեւ նրանք գնահատում են այն սերվիսը, որը մենք մատուցում ենք: Նման հավատարիմ հաճախորդների համար մենք ունենք բավականաչափ բոնուսային ծրագրեր: Նրանք գնահատում են մեր ավիաընկերության առանձնահատկությունները՝ անվտանգության բարձր չափանիշները, որը մենք պահպանում ենք նույնիսկ, եթե օդանավակայանը չի կարող տրամադրել նման հնարավորություն: Բացի այդ, զուտ տեխնիկական տեսակետից մեր օդանավերն ավելի հարմարավետ են: Մեր բիզնես դասի սրահները շատ ավելի հարմարավետ են, քան Հայաստան եկող մյուս ավիաընկերությունների օդանավերի բիզնես դասերը, քանի որ մեր օդանավերը համարվում են երկար թռիչքների օդանավեր, իսկ մնացած ավիաընկերությունների ինքնաթիռները համարվում են ավելի կարճ թռիչքի, եւ նրանց բիզնես դասերը քիչ են տարբերվում էկոնոմ դասից՝ նկատի ունեմ նստարանների հարմարավետությունը, դրանց միջեւ ընկած հեռավորությունը, կահավորումը, բացի այդ՝ մեր թռիչքաժամերն են հարմարավետ. ուղեւորը գիշերը հանգիստ կարող է քնել եւ առավոտյան հանգիստ գալ օդանավակայան ու թռչել՝ 12.30-ին: Բացի այդ՝ մենք շարունակում ենք գործել full service բիզնես-մոդելով՝ բոլոր ծառայությունները ներառված են տոմսի գնի մեջ: Այժմ կան ընկերություններ, որոնց տոմսն էժան է, քանի որ ներառում է միայն մի կետից մյուսը տեղափոխման վարձը, իսկ մնացած ամեն ինչը՝ սկսած ուղեբեռների փոխադրումից մինչեւ սնունդը եւ մյուս ծառայությունները՝ վճարովի են: Մարդիկ, ովքեր սովոր են full sevice-ին, դժկամությամբ են թռչում no frill բիզնես-մոդելով: Ճիշտ է, դա էլ իր առավելությունն ունի. եթե մարդը շատ հաճախ է թռչում, եւ Եվրոպայի մեջ կարճատեւ թռիչք է նախատեսված, նա նախընտրում է զոհաբերել հարմարավետությունը՝ գումար խնայելու համար: Ավելին, արդեն իսկ փորձարկվում է «կանգնած տեղերի» տարբերակը: Դա էլ է մոտեցում, սակայն մենք շարունակում ենք առաջնորդվել հարմարավետ եւ որակյալ ծառայություններ մատուցելու սկզբունքով:
– Իսկ եթե bmi-ի ինքնաթիռներով թռչում եք, ասենք, Լոնդոն-Գլազգո կարճ ուղղությամբ, կրկի՞ն full service եք առաջարկում:
– Այո, անպայման:
– Որքան տեղյակ եմ, bmi-ը առաջարկում է նաեւ տոմսերի օն-լայն վաճառք:
– Այո, ընդ որում, ոչ միայն տոմսերի ամրագրումն ու վաճառքն է օն-լայն, այլեւ հաշվառումը: Այսինքն՝ մարդը կարող է տանը նստած, ինտերնետի միջոցով տոմսը գնել, ապա հաշվառվել եւ վերջին պահին գալ, ուղեբեռը հանձնել եւ նստել իր նախընտրած տեղը: Բացի այդ, մենք մեր բիզնես դասի ուղեւորներին առաջարկում ենք chauffeur drive ծառայությունը, երբ նրանց թե Երեւանում եւ թե Լոնդոնում տրամադրվում է լիմուզին մեքենա՝ վարորդով, որը ուղեւորին փոխադրում է տանից օդանավակայան եւ օդանավակայանից՝ տուն: «Հիթրոուում» մենք ունենք հատուկ սրահներ բիզնես դասի ուղեւորների համար՝ բոլոր հարմարություններով, այդ թվում՝ համակարգիչ, ինտերնետ, անվճար եւ անսահմանափակ խմիչքներ եւ սնունդ: Ունենք նաեւ այլ առատաձեռն բոնուսային ծրագրեր՝ մեր մշտական հաճախորդների համար:
Հարցազրույցը վարեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ