Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԻ ԱՆԳԱՄ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ

Մայիս 18,2011 00:00

Դատելով այն գրություններից, որոնց հաճախ հանդիպում էի Վաշինգթոնի նահանգի Սիեթլ քաղաքի փողոցներում՝ հիմնավոր էր թվում, թե ինչու է իր հիմնական թեմաներից մեկն ամերիկացիներին դարձրել ռուս երգիծաբան Միխայիլ Զադորնովը


Այս գրությունն ազդարարում է, որ չի կարելի նստել կամ պառկել հանրային մայթերին առավոտյան ժամը 7-ից մինչեւ երեկոյան ժամը 9-ը: Ենթադրվում է, թե մնացած ժամանակ կարելի՞ է քնել փողոցում:


Գիտե՞ք արդյոք, որ կա նաեւ փոխադրամիջոցում էթիկայի վարքականոն:
Այն Սիեթլում փակցված էր յուրաքանչյուր ավտոբուսում, որոնք այստեղ, չգիտես ինչու, «Մետրո» են անվանվում: Ըստ այս վարքականոնի՝ չի կարելի պառկել նստելատեղերին, հարկ է ավտոբուսի «ծառայություններն ու հնարավորություններն օգտագործել միայն փոխադրման նպատակով»: Թե էլ ի՞նչ նպատակով կարելի է դրանք օգտագործել՝ վարքականոնը լռում էր: Բայց ընդհանրապես՝ առաջարկում էր ճիշտ բաներ անել, «աջ քշել»:


Բազմաթիվ սրճարանների եւ ռեստորանների վրա առկա է բացատրական այս մակագրությունը, թե դրանք նաեւ հանրային զուգարաններ չեն: Մի նման մակագրություն էլ Հայաստանում վերելակներում եւ անցումներում փակցնեին՝ տեսնես կօգնե՞ր:


Սիեթլի Ֆրեմոնթ արվարձանում կանգնեցված է կոմունիստական կուսակցության առաջնորդի՝ Վլադիմիր Իլյիչ Լենինի արձանը: Այն վաճառքի է հանված: Բայց մինչ գնորդը կգտնվի՝ արձանի ցուցանակը պարզաբանում է, թե սա Լենինը չէ, արձանի մեջը փուչ է եւ այլն: Թե չէ՝ հանկարծ ինչ-որ մեկը կարող էր կարծել, թե արձանն իրականում հենց Լենինն է, որ կա՞:


Ի դեպ, Սիեթլի արվեստի թանգարանի առջեւ յուրօրինակ Բանվորի արձան էլ կա: Միայն շատ տափակ է, եւ մուրճն էլ անընդհատ վերուվար է անում:


Եվս մի տարօրինակ մակագրություն՝ «Համբույրների դասեր»: Ըստ գովազդի՝ ատամներով համբուրվելն արժե մոտ 10 դոլար, իսկ առանց ատամների՝ մոտ 30 դոլար: Հաշվի առնելով, որ համբույրի «դասատուն» անատամ էր՝ նա շատ թանկ էր գնահատում իր ծառայությունները: Միայն հարցական է, թե ով այդքան կվճարեր, մեղմ ասած, ոչ այնքան բարետես ծերուկի հետ համբուրվելու համար:


Ինչ-որ մեկը կկարծի, թե ինքս էի կանգառում սպասողների արձանների վզից կախել «Գնա, Աննա» գրությունը: Բայց վկա ունեմ՝ ամերիկաբնակ Արա Հակոբյանը, որ արձանները հենց այդպես էլ կանգնած էին՝ նաեւ զուգված-զարդարված: Ի դեպ, Արա Հակոբյանի՝ ԱՄՆ-ում հայտնվելու եւ դրան նախորդող պատմությունը մի առանձին հրապարակման նյութ է:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031