Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» սկսում է պայքարի երկրորդ փուլը

Մայիս 18,2011 00:00

Մեկնարկը՝ մայիսի 21-ին, քաղաքացիական  համաժողովով

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մայիսի 21-ին կառավարության նիստերի դահլիճում հրավիրում է քաղաքացիական ժողով։ Հանդիպումը հանրության համար բաց է լինելու եւ տեղի կունենա առանց մասնավոր հրավերների: Համաժողովի օրակարգում հանրության քննարկման առարկա են դառնալու ապրիլի 25-ին «Ժառանգության» առաջնորդի ներկայացրած երեք պահանջները: Դրանք են՝ գումարել Սահմանադիր ժողով՝ Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության հեղինակման եւ ընդունման համար, Հայաստանը ճանաչի միջազգային քրեական դատարանի իրավասությունը եւ Հայաստանի նախագահը ստորագրության հետկանչով չեղյալ հայտարարի հայ-թուրքական արձանագրությունները եւ պաշտոնապես ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ սահմանադրորեն ամրակայված նրա սահմաններով:
«Երկրի Մայր օրենքը պետք է մշակվի եւ հաստատվի ժողովրդի կողմից, այլ ոչ թե իր որակներով հայտնի Ազգային ժողովում, ինչպես կարծում է հավերժ թագավորել պատրաստվող կուսակցապետական վերնախավը: Ժողովրդի այս պահանջի մերժումը նշանակում է անձնական իշխանությունը վեր դասել ազգային շահերից: (…) Ի՞նչը կարող է ձեզ եւ մեզ սթափեցնել, ո՜վ հայ քաղաքական գործիչներ: Մի՞թե լոկ անձնական քրեական պատասխանատվությունը: Եթե մեր ազգային արդարադատությունն անզոր է երկրում ապահովել օրենքների պահպանումն ու մարդու իրավունքների հարգումը, ուրեմն Հայաստանի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա դիմելու միջազգային արդարադատությանը: Սույն առաջարկը մերժելու դեպքում ժողովրդի ճակատագրի համար պատասխանատվություն կրելու հավաստիացումներն ուղղակի դատարկ խոսքեր են: (…) Կարիք չկա ինչ-որ մեկին ապացուցել, որ Հայաստանի կողմից Արցախի միջանկյալ կարգավիճակի «մադրիդյան» ճանաչումն Ադրբեջանի կազմում՝ մինչեւ նոր հանրաքվեի անցկացումը, հակասում է ԼՂՀ սահմանադրության տառին ու ոգուն: Ժողովրդի այս պահանջի մերժումը համազոր է արցախցիների կամքի անտեսման»,- իր պահանջներն այսպես էր մեկնաբանել Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս առաջարկները ոչ իշխանության, ոչ արտախորհրդարանական ընդդիմության կողմից արձագանք չստացան: «Առավոտի» զրուցակից Ստեփան Սաֆարյանը զարմանալի է համարում այդ լռությունը, քանի որ կարծում է, որ բարձրացված խնդիրները բոլորին էին վերաբերվում: Նաեւ նկատում է, որ անկախ ամեն ինչից՝ որոշ խնդիրներ, այնուհանդերձ, քննարկման առարկա դարձան. «Ոստիկանության բարեփոխումները, բացօթյա առեւտրի հարցերը, ինչի առիթով ԱԺ-ում լսումներ եղան: Մարտի 13-ին մեր կողմից բարձրացրած էլի այլ խնդիրներ փորձել են տարբեր օղակների քննարկումների առարկա դարձնել: Այսինքն՝ իշխանությունը փորձել է ձեւ տալ, թե քննարկում է այն խնդիրները, որոնք «Ժառանգության» քաղաքական օրակարգում են, բայց մենք չենք կարող դա լուրջ ընդունել, որովհետեւ այդ խնդիրները, միեւնույն է, չեն լուծել: Նույն Ազատության հրապարակում, միեւնույն է, իշխանությունը թույլ է տալիս միայն այնպիսի միջոցառումներ, որոնք, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում՝ վարքագծի շեղումներ չունեն»:
Իսկ օրեր առաջ «Չաթեմ Հաուզում» Րաֆֆի Հովհաննիսյանը մտահոգություններ էր հայտնել Հայաստանի ինքնիշխանության ցածր մակարդակի, ժողովրդավարության չափազանց ցածր մակարդակի եւ ազգային շահերի ոտնահարման առիթով: Այս հարցերի լուծումը, ըստ նրա, կարող ենք ստանալ իր երեք պահանջների՝ գործողության մեջ լինելով: «Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլից հետո, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Ժառանգությունը» գտնվում էին ներսում՝ կուսակցությունում եւ կուսակցությունից դուրս քննարկումների փուլում: Այս ամբողջն ամփոփելու, անցած ընթացքի վերաբերյալ ժողովրդի հետ խոսելու եւ պայքարի հաջորդ փուլը սկսելու մեկնարկը կտրվի ամսի 21-ին: Ես կարծում եմ, Րաֆֆի Հովհաննիսյանը կբացի այս ընթացքում խմորված բոլոր գաղափարները»,- երեկ սպասվելիք համաժողովի առիթով «Առավոտի» հետ զրույցում ասաց կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Հետաքրքրվեցինք՝ այս քայլերը սեպտեմբերին կայանալիք հնարավոր արտահերթ ընտրություններին ընդառա՞ջ են: Ստեփան Սաֆարյանն ասաց, որ սա իրենց նախորդած գործունեության շարունակությունն է, եւ որ աշնանը կայանալիք հնարավոր ընտրությունների մասին իրենք տեղեկություններ չունեն. «Մարտի 13-ին մենք ազդարարել ենք, որ եթե իշխանությունը հրաժարվում է իր պարտականությունները կատարել, ապա քաղաքացիները պետք է սկսեն նոր իշխանության ձեւավորումը»: Հնարավո՞ր է, որ «Ժառանգության» քաղաքացիական օրակարգը վերափոխվի քաղաքականի, քաղաքական ուժերի հետ այս առիթով բանակցություններ ընթանո՞ւմ են կամ նախատեսվա՞ծ են հարցին էլ մեր զրուցակիցը պատասխանեց՝ ժամանակը ցույց կտա, թե երբ եւ ինչ կերպ իրենց քաղաքացիական օրակարգը կվերաձեւակերպվի քաղաքականի: Այս պահին այդ ուղղությամբ արհեստական քայլերի իրենք չեն դիմի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել