Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԼՔԸ ՎԵԿՏՈՐԸ ՓՈԽԵԼՆ Է

Մայիս 18,2011 00:00

\"\"Ռուսաստանից սովորելու, ընդօրինակելու բան Հայաստանը չունի

Եթե մինչեւ մայիսի 31-ը իշխանությունները կատարեն Հայ ազգային կոնգրեսի նաեւ երրորդ պահանջն ու ազատ արձակեն բոլոր քաղբանտարկյալներին, ապա Կոնգրես-իշխանություն երկխոսության կիսաբաց դուռը, թերեւս, ավելի լայն կբացվի, եւ Կոնգրեսը պատրաստ կլինի իշխանությունների հետ երկխոսություն սկսել արտահերթ ընտրություններ անցկացնելու եւ դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու խնդրի շուրջ: Բայց խնդիրն այն է, որ իշխանության ներկայացուցիչները հետեւողականորեն ու ամենատարբեր մակարդակներով՝ ի դեմս ՀՀ վարչապետի եւ ԱԺ պատգամավորների, համառորեն բացառում են արտահերթ ընտրությունների հնարավորությունը: Ի պատասխան «Առավոտի»  հարցին՝ այդուամենայնիվ, իր կարծիքով՝ Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացումը ռեա՞լ է համարում, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ես ե՛լքն եմ տեսնում դրա մեջ ու արտահերթ ընտրությունների անցկացման խնդիրը դիտարկում եմ միանգամայն այլ տեսանկյունից: Ես արտահերթ ընտրությունների անցկացումն անհրաժեշտություն եմ համարում ոչ թե այն բանի համար, որ ասենք՝ ընդդիմությունը ստիպեց, եւ իշխանությունը ստիպված էր դա կատարել, ու մենք հաղթեցինք, այլ որովհետեւ ես այս անելանելի վիճակից դուրս գալու այլ ելք, այլ տարբերակ չեմ տեսնում: Դա ամենակարեւոր նյութն է, որ պետք է քննարկվի այսօր քաղաքական դաշտում՝ մի կողմ թողնելով հաղթելու կամ պարտվելու հարցադրումները: Դա շատ ավելի կարեւոր է, քան այն, թե ինչ ասաց Ռոբերտ Քոչարյանը կամ ինչ տեղի ունեցավ կոալիցիայի ներսում ու Կոնգրեսում»: Ա. Սարգսյանի համոզմամբ, մեր երկրում արտահերթ ընտրությունները ավելի գլոբալ նշանակություն ունեն, քան զուտ ներքաղաքական վիճակի հարց լուծելն է. «Այսօր կա մի իրավիճակ, երբ Ադրբեջանը պնդում է, որ կամ պիտի ԼՂ հարցը լուծվի իր համար ցանկալի տարբերակով, կամ ինքն անցնելու է պատերազմական գործողությունների՝ խնդիրը լուծելու է ուժով: Դրա փայլուն ապացույցն են վերջին շրջանում սահմանում տեղի ունեցող միջադեպերն ու գործընթացները: Տարածաշրջանում էլ այսօր ուշագրավ ու մեզ համար անբարենպաստ գործընթացներ են գնում. Վրաստանը փակում է իր տարածքով ռուսական սպառազինությունները նաեւ Հայաստան փոխադրելու ճանապարհը: Խոսել, թե Թուրքիայով դա անելը հնարավոր է՝ ուղղակի անհեթեթ է, որովհետեւ Թուրքիան ինքն է հայ-թուրքական սահմանը փակել՝ Ղարաբաղի հարցի հետ կապված: Մյուս կողմից՝ Վրաստանն ամբողջովին կողմնորոշվել է դեպի Արեւմուտք եւ դրա պտուղներն է քաղում. հիմա իմ շատ ընկերներ իրենց բիզնեսը հիմնում են Վրաստանում: Փոխարենը՝ Հայաստանում կան տնտեսական լուրջ խնդիրներ, որոնք այսօր՝ օլիգարխիայի եւ մենաշնորհային տնտեսության առկայության պայմաններում, որի դեմ իշխանությունը բնական՝ հենց մարդկային տեսանկյունից լուրջ պայքար մղելու հնարավորություն չունի, նաեւ կրկնապատիկ տեմպերով գների աճը, մեր երկրում կյանքն ավելի թանկ են դարձրել, քան եվրոպական շատ երկրներում է: Ու այս եւ շատ այլ խնդիրների հանրագումարում մեր ելքը առաջիկա հնարավոր պատերազմից, խայտառակ պարտություններից, երկիրը դատարկվելուց խույս տալու համար այն է, որ մենք այս տարածաշրջանում նորից դառնանք ժողովրդավարության կղզյակ, որպեսզի մեզ հետ հաշվի նստեն: Թե չէ՝ խնդիրներն այս տարածաշրջանում՝ թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Վրաստանի ու Ռուսաստանի, լուծվելու են մեր հաշվին: Իմ ասածը «բայղուշություն» մի համարեք, բայց վիճակը իսկապես այդպիսին է, ու դրանից ելքը արդար ընտրություններ կազմակերպելն է: Սա է միակ հնարավորությունը, որը մեզ կպաշտպանի ե՛ւ քաղաքականապես, ե՛ւ տնտեսապես: Հակառակ պարագայում մենք այլ հնարավորություն չունենք, ու շատ լավ կլինի, որ դա հասկանա ցանկացած հայ՝ այդ թվում իշխանության ներկայացուցիչները: Ու այստեղ հաղթելու կամ պարտվելու խնդիր չկա: Իշխանության մեջ կան «կարկառուն» դեմքեր, որոնք տղայական կեցվածքով, մի ձեռքը գրպանում դրած ասում են՝ ոչ մի արտահերթ ընտրություն, դրա կարիքը չկա: Ես չգիտեմ՝ իրենք ընտրությունների կարիք ասելով ի՞նչ են հասկանում: Այդ ո՞րն է այդ կարիքը: Դա հաց ուտելու գնալ չէ, ԱԺ բուֆետ գնալ չէ: Դա անհրաժեշտություն է, որը պայմանավորված է ներքաղաքական, աշխարհաքաղաքական վիճակը գիտակցելով, որը ստիպում է մեզ՝ Հայաստանին, նոր դեմքով աշխարհին ներկայանալ՝ այս տարածաշրջանում մյուս երկրներից բացարձակապես եւ դրական իմաստով տարբերվող տեսքով: Եթե իրենք՝ այդ կղերականները՝ իրենց կարծրատիպերով, այլ տարբերակ գիտեն մեր երկիրն այս խորը անդունդից հանելու՝ թո՛ղ կանգնեն ու ասեն: Բայց՝ չունեն: Իրենք ունեն իրենց գրպանը, իրենցը «մարշրուտնու գծերը», եղածը պահելը, մեծ-մեծ խոսելն է»:
Բայց արդյոք արտահերթ ընտրություննե՞րն են, որ պիտի ապահովեն արեւմտյան չափանիշներին համապատասխան՝ արդար ու թափանցիկ ընտրական գործընթաց, եւ արդյոք գործող իշխանությունները, որոնք ավելի քան տասը տարի սովոր են կեղծելու, այս մի ընտրությունների ժամանակ ձեռնպա՞հ են մնալու նույնը կրկնելուց: Սարգսյանի դիտարկմամբ, արտահերթ ընտրությունները կարող են խթանել դրան ու ստիպել իշխանություններին ամեն ինչ նոր էջից սկսել: «Կարծում եմ՝ այնպես, ինչպես ես ներկայացրեցի ստեղծված իրավիճակը, իրենք այդքան խտացված չեն ընկալում, որովհետեւ իրենք իրենց մասով ինչ-որ բաներ փորձում են տեսնել. ընդօրինակում են Վրաստանին, որովհետեւ նա մեզանից առաջ է, Ադրբեջանը որոշակի պարամետրերով մեզնից ետ է, բայց իշխանությունները հաշվի չեն առնում Ադրբեջանի աշխարհաքաղաքական նշանակությունը, նրա ունեցած նյութական ռեսուրսները, ի դեմս Թուրքիայի՝ հենարան ունենալու հանգամանքը, Թուրքիայի միջոցով նրա կողմնորոշումն ու ուղղվածությունը»,- նկատեց Ա. Սարգսյանն ու շեշտեց նաեւ, որ իր խորին համոզմամբ, ժողովրդավարության ճանապարհին Հայաստանն իր «ոտքը պիտի ետ քաշի այդ ռուսական՝ մեծ եղբոր հովանավորությունից», վերանայի իր կողմնորոշումն ու կամաց-կամաց վեկտորն ուղղի դեպի ժողովրդավարություն, դեպի Արեւմուտք. «Սա է լուծումը, եւ սա գլոբալ առումով հասկանալ է պետք: Եթե մենք սա հասկանանք՝ երկիրը դուրս կբերենք այս վիճակից, եթե ոչ՝ իշխանությունները Քադդաֆիի նման մի քանի ամիս կերկարաձգեն իրենց իշխանությունը, բայց այդ ընթացքում մենք կկորցնենք ամեն ինչ: Ես տեսնում եմ, որ կան մարդիկ, որոնք ոչ այս մռայլ գույներով, բայց հասկանում են սա: Բայց լավ կլինի, որ լրջորեն մտածեն սրա մասին: Գործընթացները, որոնք տեղի են ունենում նաեւ իշխանություն-Կոնգրես այս հեռակա շախմատային խաղի համատեքստում, հույս են տալիս մտածելու, որ այդ քայլերն իշխանությունն անում է նաեւ այն պատճառով, որ հասկանում է իրավիճակի լրջությունը»:
Ա. Սարգսյանը ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը փոխելու կոչ է անում, բայց ՌԴ-ում ակնհայտորեն կան որոշակի ուժեր, որոնք արդեն ընդգծված խանդով են վերաբերվում հայաստանյան ներքաղաքական պրոցեսներին ու մասնավորապես՝ ՀԱԿ-իշխանություն հնարավոր համագործակցությանը՝ հարվածելով երկու կողմերին էլ, ենթադրաբար հենց այն պատճառով, որ համոզված են, թե այս համագործակցությունը ծնվել է ԱՄՆ միջնորդությամբ, ուստի՝ նրա ազդեցությունը ՀՀ ներքաղաքական դաշտում ավելին է, քան ՌԴ-ինը: Կարծում եք՝ ՌԴ-ն իր հերթին չի՞ փորձի միջամտել ՀՀ ներքաղաքական պրոցեսներին: «Ժողովրդավարության առումով Ռուսաստանը եթե ոչ՝ մեր չափ, ապա մեզանից ոչ պակաս խնդիրներ ունի, եւ դրանց լուծման ուղղությամբ Ռուսաստանի արած քայլերը շատ քիչ են տարբերվում այն քայլերից, որոնք անում են ՀՀ իշխանությունները: ՌԴ-ն ինքն իր խնդիրներով այդ առումով մեզ տալու բան, դժբախտաբար, չունի: Ես շատ կուզենայի, որ ՌԴ-ն ժողովրդավարական երկիր լիներ, ու մենք նրանից օրինակ վերցնեինք, որովհետեւ մոտ ենք Ռուսաստանին: Բայց նա այսօր իր ժողովրդավարության մակարդակով, մարդու իրավունքները հարգելու տեսանկյունից մեզնից լավ վիճակում չէ: Հետեւաբար՝ ես ՌԴ-ից սովորելու, ընդօրինակելու բան չունեմ: Ես պիտի օրինակ վերցնեմ այն երկրներից, որտեղ ե՛ւ աշխատանք կա, ե՛ւ մարդու իրավունքներն են հարգվում: Դրա համար եմ գտնում, որ Հայաստանն իր վեկտորը պիտի փոխի դեպի Արեւմուտք. մեր սպասելիքն այնտեղից է: Ռուսաստանը, իհարկե, վախենում է, զգուշանում է, բայց դա Ռուսաստանի խնդիրն է: Չի կարելի չզգուշանալ այն քայլերից, որոնք կարող է անել ՌԴ-ն, հաշվի չառնել այդ գործոնը, բայց չի էլ կարելի տեղում դոփել՝ այլապես մեր հարեւան երկրների, տարածաշրջանի խնդիրները, ի վերջո, կլուծվեն մեր հաշվին, որովհետեւ ամենաթույլը մենք ենք: Դրա համար եմ ասում, որ քայլ-քայլ, բայց պիտի մեր քաղաքականության վեկտորը փոխենք»,- ասաց Արամ Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել