Երեկ Երեւանում, ժ. 21:10-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արցախի փողոցի թիվ 28 շենքի դիմաց. միմյանց են բախվել «Մերսեդես» մակնիշի 23 ՍԼ 673 համարանիշի ավտոմեքենան եւ «ԳԱԶԵԼ» մակնիշի 3456 Տ համարանիշի թիվ 76 երթուղային տաքսին: Բախման հետեւանքով տեղի է ունեցել պայթյուն, եւ հրդեհ է բռնկվել: Երկու մեքենաներն էլ, կարելի է ասել, մոխրի են վերածվել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության եւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, հրշեջներ՝ շուրջ 11 մարտական հաշվարկով, նաեւ փրկարարներ, որոնք մեքենաներից դուրս են բերել այրված դիակները: Երթեւեկությունը նշված հատվածում մի քանի ժամ դադարեցվել է: Վթարի հետեւանքով մահացել է 4, վիրավորվել՝ 9 մարդ: Վիրավորներից մեկը 7 տարեկան երեխա է: Բոլոր վիրավորները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն եւ այրվածքաբանական ինստիտուտ: