Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԿԱՆՆԻ ԿԻՆՈՇՈՒԿԱՅՈՒՄ

Մայիս 17,2011 00:00

\"\"

Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ կինոկենտրոնի թիվ 20.03 տաղավարում մայիսի 14-ին, Կաննի կինոշուկայի շրջանակներում, տեղի ունեցավ ռեժիսոր Արամ Շահբազյանի (պրոդյուսերներ՝ Արա Մնացականյան, Մելիք Կարապետյան) հետարտադրական փուլում գտնվող «Չնչիկ» ֆիլմի աշխատանքային տարբերակի դրվագների ցուցադրությունը:
Կինոնկարի հոլանդացի համաարտադրող Էլս Վանդեվորստը խոսելով ֆիլմի մասին, նշեց, որ այն բավականին երկար ճանապարհ է անցել եւ այժմ գտնվում է մոնտաժային աշխատանքների փուլում, որոնք կսկսվեն հունիսի 1-ից: Տիկին Էլսը ներկայացրեց կինոնկարի աշխատանքային տարբերակից հատվածներ եւ լուսանկարներ, որոնք արժանացան ներկաների հավանությանը:
Ֆիլմի աշխատանքային նյութերի ցուցադրությանը ներկա էին ռուսական «Անիկո ֆիլմս», չեխական «Բարանդով» եւ այլ երկրների կինոընկերությունների եւ ստուդիաների ներկայացուցիչներ:
Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի խոսքերով, այս տարի իրենք նախատեսել են Կաննի կինոշուկայում կազմակերպել եւ ներկայացնել եւս մի քանի այլ հետարտադրական փուլում գտնվող ֆիլմերի աշխատանքային նյութերը, որոնք նոր գործընկերների կարիք ունեն:
Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված այդ ֆիլմերը Կաննի կինոշուկայում ներկայացնելու համար իրենք նախապես ստացել են դրանց պրոդյուսերների համաձայնությունը:
Նույն օրը Գեւորգ Գեւորգյանը հանդիպեց նաեւ չեխական «Բարանդով» ընկերության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համատեղ արտադրության մի քանի ծրագրեր, ինչպես նաեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց աշնանը Երեւանում կազմակերպել «Բարանդով» ստուդիայի շնորհանդեսը եւ «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրել մեկ մանկական ֆիլմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել