Լրահոս
Օրվա լրահոսը

«Գանձասարն» էլ ընկավ

Մայիս 17,2011 00:00

\"\"Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրը շտկումներ մտցրեց թիմերի մրցաշարային աղյուսակում: Տուրի կենտրոնական խաղում Կապանում հանդիպեցին չեմպիոն «Փյունիկն» ու այս առաջնության ամենահաջողակ թիմը՝ «Գանձասարը», որը մինչ այդ պարտություն չէր կրել առաջնության շրջանակներում: Ավելին, Կապանում կայացած բոլոր խաղերում «Գանձասարը» իր դարպասն անառիկ էր պահել, սակայն չեմպիոնն իր շտկումները մտցրեց Աբրահամ Խաշմանյանի թիմի վիճակագրությունում՝ 3 գնդակ ուղարկելով կապանցիների դարպասն ու փոխարենն ընդունելով միայն 1-ը: Ի դեպ, այդ խաղի ընթացքում տեղի է ունեցել տհաճ մի միջադեպ. հանդիպման գլխավոր մրցավարի գործողություններից դժգոհ կապանցի ֆուտբոլասերները խաղի ընթացքում բողոքներով չբավարարվելով՝ հանդիպման ավարտից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել Արման Ամիրխանյանի հետ, ինչը, սակայն, կանխվել է: Այս դեպքն առաջինը չէ վերջինիս մրցավարական կարիերայի ընթացքում: Այդպես, 2007-ին առաջնության երկրորդ շրջանի «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը նման վերջաբան ունեցավ մրցավարի համար, երբ Ամիրխանյանը կարմիր քարտ էր ցույց տվել «Արարատի» գլխավոր մարզչին եւ ֆուտբոլիստներից մեկին, ի վնաս «Արարատի» նշանակել խիստ կասկածելի 11-մետրանոց տուգանային հարված: 2009-ին էլ «Կիլիկիա»-«Արարատ» խաղի ավարտից հետո իրավապահների միջամտությամբ միայն Ամիրխանյանը խուսափեց վերջինի երկրպագուների հաշվեհարդարից: Այն ժամանակ նա այդպիսի երեք հարված էր նշանակել «Արարատի» դարպասին: Ընդ որում՝ մի դեպքում կրկնել տալով անհաջող իրացված հարվածը: Ինչեւէ, անկախ մրցավարի ու երկրպագուների «հարաբերություններից», Կապանում գրանցվեց 1:3 հաշիվը, ու «Փյունիկը» շրջանցեց «Գանձասարին»՝ բարձրանալով մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական:
Իսկ առաջին հորիզոնականում ընթացող «Ուլիսն» այս տուրում ընդունեց «Բանանցին»՝ մեծ դժվարությամբ նվազագույն հաշվով հաղթանակ տոնելով: Հանդիպման միակ գնդակն էլ ոչ այնքան «Ուլիսը» խփեց, որքան՝ «Բանանցը» բաց թողեց. Արտակ Գրիգորյանի հարվածից հետո անփույթ գտնվեց փոխչեմպիոնի դարպասապահն ու գնդակը ձեռքից բաց թողեց ուղիղ դարպասը: Այս հանդիպումը եւս աչքի ընկավ միջադեպով, որը, սակայն, շատ ավելի ցավալի էր: Խաղի 79-րդ րոպեին միմյանց բախվեցին Արարատ Առաքելյանը «Բանանցից» եւ Նորայր Սահակյանը «Ուլիսից», ինչը վերջինիս համար ջլային վնասվածքի պատճառով՝ ավարտվեց շտապօգնության մեքենայի մեջ հայտնվելով: Նա դեռեւս չի կարող քայլել ու գտնվելու է անկողնային ռեժիմում: Բժիշկները միայն երեք օր հետո կարող են ասել, թե երբ կապաքինվի ֆուտբոլիստը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել