Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ՎԵՐՋԱԲԱՆ՝ ՊԵՐՈՒՈՒՄ

Մայիս 17,2011 00:00

\"\"Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտվեց ծանրամարտի աշխարհի պատանեկան 2-րդ առաջնությունը, որի վերջին օրը ոսկեբեր եղավ Հայաստանի համար:
Թեեւ ցերեկը 94 կգ քաշային Մհեր Պողոսյանը պոկում վարժությունում զրո ստանալով՝ երկրորդ մրցաձեւում ընդհանրապես մրցաբեմ չելավ, սակայն երեկոյան Հայաստանի վերջին մասնակիցը մեր պատվիրակությանն ուրախանալու առիթ պարգեւեց:
Աշխարհի 33 երկրների շուրջ 300 պատանի ծանրորդների պայքարը եզրափակեցին այս տարիքային խմբի «հսկաները»՝ 94 կիլոգրամից բարձր անձնական քաշ ունեցող տղաները: Նրանց մեջ էր նաեւ մեր հանրապետության ներկայացուցիչ, Սինգապուրի անդրանիկ պատանեկան օլիմպիական խաղերի արծաթե մրցանակակիր Գոռ Մինասյանը, որը Լիմայում, պարզապես, փայլեց: Ըստ առաջնության պաշտոնական կայքում տեղադրված արդյունքների աճի դինամիկայի, հայ պատանին պոկում վարժությունն սկսել է 165 կիլոգրամից, այն ժամանակ, երբ մրցահարթակում մնացել էին երկու հոգի՝ իրանցի Ալիրեզա Կազեմինայեդը եւ ռուսաստանցի Տիմուր Նանիեւը: Ընդ որում, երկուսն էլ արդեն երկուական մոտեցում կատարել էին. իրանցին ցույց էր տվել 161, իսկ ռուսը՝ 163 կիլոգրամ: Բարձրացնելով պատվիրած քաշը՝ Գոռը միանգամից ստանձնել է առաջատարի դերը եւ այն պահպանել մինչեւ վերջ: Ճիշտ է, այս վարժությունում երկրորդը ճանաչված Ալիրեզան վերջին փորձով մեկ կիլոգրամով շրջանցել է մեր տղային, սակայն դա շատ կարճ է տեւել: Գոռը սկզբում պատասխանել է 171, այնուհետեւ՝ 174 կիլոգրամով եւ նվաճել առաջին փոքր ոսկին:
Ութ կիլոգրամի տարբերությունը հրում վարժությունում ինչ-որ ձեւով կրճատելու նպատակով իրանցին պատվիրել եւ բարձրացրել է 201 կգ, իսկ դրանից առաջ Գոռը սանձել էր 200 կգ-ն: Իսկ երբ հայաստանցին գլխավերեւում է պահել նաեւ 205 կգ-ն, իրանցուց պահանջվել է մոտենալ 214 կիլոգրամանոց ծանրաձողին, սակայն մնացած երկու փորձերում էլ ձախողվել է: Արդյունքում Գոռ Մինասյանը դարձել է նաեւ հրում վարժության հաղթողն ու երկամարտում էլ նվաճել աշխարհի պատանիների չեմպիոնի կոչումը՝ Հայաստանի հաշվարկին բերելով երեք ոսկե մեդալ:
Գոռի այս հաղթանակն առաջին հերթին կարեւորվում է նրանով, որ Հայաստանը մեդալների քանակով աշխարհում դուրս եկավ 3-րդ տեղ, իսկ հավաքականի բոլոր անդամների վաստակած միավորների հանրագումարով՝ 6-րդ: Երկրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ նա անցած տարվա օգոստոսին Սինգապուրում ցույց տված 160+190=350 արդյունքը (այն ժամանակ Գոռը հանդես էր գալիս +85 կգ քաշային կարգում) գերազանցեց ամբողջ 29 կիլոգրամով՝ հաղթելով հենց Սինգապուրում իրեն «նեղացրած» Ալիրեզա Կազեմինայեդին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել